Մեդեայի վերջին ապաստանը

Բոլոր ազգերն էլ հեքիաթներ շատ են սիրում: Բայց Հին Հունաստանում պատմում էին առասպելներ: Առասպելներ հզոր աստվածների, դաժան արքաների և քաջ հերոսների մասին:

Ինչո՞վ է առասպելը տարբերվում հեքիաթից: Երջանիկ ավարտը այստեղ պարտադիր պայման չէ: Ու հաճախ կատարյալ թվացող հերոսը պատմության վերջում չի դիմանում և ցուցաբերում է իր սրիկայական հատկանիշները:

Այդպիսին է առասպելը Յասոնի մասին: Այդպիսին է առասպելը Մեդեայի մասին:

Ինձ թվում է, այստեղ երկար նախաբան պետք չէ, այնպես որ միանգամից գործի անցնենք:

Յասոնի հորը՝ Էսոնին,  սպանում է հորեղբայրը՝ Պելիոսը (ինչպես Համլետի դեպքում), իսկ փոքրիկ Յասոնին փախցնում են հորեղբոր զինվորներից և թաքցնում Պելիոն լեռան գագաթին, որտեղ նրան դաստիարակում էր կենտավրոս Խիրոնը: Այստեղ նա մեծանում է և մի օր հանդիպում Հերա աստվածուհուն: Ինչպես խալիֆները արաբական հեքիաթներում, հունական աստվածները ևս սիրում էին զգեստափոխվել: Այսպես, աստվածների թագուհին ներկայանում է Յասոնին ծեր տատիկի կերպարանքով և խնդրում օգնել նրան գետն անցնել: Ըստ երևույթին Յասոնին լավ էին դաստիարակել, որովհետև նա չի մերժում: Գետն անցնելիս պատանին կորցնում է ձախ կոշիկը, բայց հզոր հովանավոր է գտնում, ի դեմս Հերայի:

Հետո նա գնում է հայրենի քաղաք՝ Իոլկ, և ներկայանում հորեղբորը: Խորամանկ Պելիոսը Յասոնին փորձելու համար (իսկ ավելի ճիշտ, պատանուց ազատվելու համար), հրամայում է նրան բերել ոսկե գեղմը, որը գտնվում է հեքիաթային Կոլխիդայում (ներկայիս Վրաստանը): Սա շատ տարածված մոտիվ է ամեն տեսակ հեքիաթներում և առասպելներում՝ գնա այնտեղ, չգիտեմ որտեղ, բեր այն, չգիտեմ ինչը:

Կարճ ասած Յասոնը համաձայնում է: Ինչ կլինի հետո, դուք հասատ գիտեք: Նա խումբ է հավաքում, որի կազմում էին այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Հերակլեսը և Օրփեոսը, կառուցում է Արգո նավը և ճանապարհ ընկնում: Ճանապարհին նա շատ արկածներ է ունենում, շատ փորձություններ է անցնում և վերջապես հասնում Կոլխիդա:

Յասոնին ասել էին, որ այս ճանապարհորդության ընթաքում նրա գլխավոր օգնականը լինելու է ոչ թե Հերան, այլ Ափրոդիտեն՝ սիրո աստվածուհին: Առաջին հայացքից անհասկանալի է, ինչպե՞ս կարող է սիրո աստվածուհին օգնել հերոսին սանձել կատաղած ցուլերին և ցանել վիշապի ատամները, հետո էլ հաղթել երկաթե զինվորների մի ամբողջ բանակ (ինչ ցանես, այն կհնձես, ընդ որում բառացիորեն): Բայց գուշակությունը կատարվեց: Աստվածուհու հրամանով Կոլխիդայի արքայադուստրը՝ Մեդեան, ով ոչ միայն գեղեցկուհի էր, այլև հզոր կախարդուհի, սիրահարվում է Յասոնին և համաձայնում օգնել նրան: Փոխարենը Յասոնը խոստանում է ամուսնանալ նրա հետ և տանել Հունաստան:

Մեդեան կատարում է <<պայմանագրի իր կետերը>> և Յասոնի ու արգոնավորդների հետ փախչում Կոլխիդայից: Նրանք վերադառնում են Իոլկ, և այստեղ Մեդեայի օգնությամբ Յասոնը կարողանում է վրեժխնդիր լինել հորեղբորից (դա շատ դաժան պատմություն է, այդպիսի բաները հեռուստացույցով միայն տասներկուսից հետո են ցույց տալիս, այնպես որ չեմ ծավալվում): Կարևորն այն է, որ Յասոնն ու Մեդեան չեն մնում Իոլկում: Կա վարկած, որ արկածների ծարավ Յասոնը ինքը որոշեց հեռանալ հայրենի քաղաքից, կա վարկած, որ նրանց պարզապես վռնդեցին քաղաքացիները: Ինչևէ, Յասոնն ու Մեդեան ապաստանում են Կորինֆ քաղաքում: Յասոնի փառքը նրանից առաջ էր անցել, և կորինֆիացինեը սիրով ընդունեցին ամուսիններին: Այստեղ նրանք երջանիկ ապրում էին Մեդեայի հետ և ունեցան երեք որդի: Բայց քաղաքացիները վախենում էին Մեդեայից և նրա կախարդական զորությունից:

Կորինֆի արքան առաջարկում է Յասոնին ամուսնանալ իր դստեր հետ, և ի՞նչ եք կարծում, նա համաձայնում է: Չարացած Մեդեան սպանում է նախ արքայադստերը, հետո ամուսնու աչքի առաջ սպանում է երեխաներին, իսկ ինքը հեռանում:

Դուք կասեք, որ սա շատ դաժան պատմություն է: Համաձայն եմ:

Դուք կդատապարտեք Մեդեային: Ես չեմ համաձայնի ձեզ հետ:

Էվրիպիդեսը իր <<Մեդեա>> ողբերգության հիմքում է դրել հենց այս դաժան պատմությունը: Նա շատ լավ ցույց է տվել, ինչ էր զգում Մեդեան, երբ Յասոնն այդքան անամոթաբար դավաճանեց իրեն: Կասեք՝ կանացի ճակատագիրն է այդպիսին: Այո: Բայց նախ դա անարդար է, և հետո մի մոռացեք, որ Մեդեան սովորական կին չէր: Նրա նախնիները անմահ աստվածներն էին, ինքն էլ իր կախարդական ուժի շնորհիվ ավելի հզոր էր, քան ցանկացած մահկանացու: Եվ նման կինը պետք է համակերպվեր այն մտքի հետ, որ իրեն ստորացնում են հանուն ինչ-որ ուրիշ, ամենասովորական կնո՞ջ: Երբե՛ք:

Յասոնին թող սպաներ, երեխաներին ինչո՞ւ էր սպանում, – կասեք դուք: – Չէ՞ որ ինքն էլ էր տառապելու իր այդ արարքից:

Համաձայն եմ, Մեդեան էլ էր դա գիտակցում.

<<Խենթություն է գնել

Յասոնի տառապանքը

Սեփական տառապանքի գնով՝

Վճարելով կրկնապատիկը>>:

Բայց, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, չարությունը չի թողնում Մեդեային կանգ առնել, և նա սպանում է երեխաներին, իսկ հորը չի թույլատրում անգամ թաղել նրանց: Յասոնը դիմում է Զևսին, վկայելով կնոջ դաժանությունը, և խնդրում պատժել նրան:

Ի՞նչ եք կարծում, պատժեցի՞ն աստվածները Մեդեային: Ո՜չ: Փոխարենը… Հիմա կտեսնեք:

Յասոնը մնում է մենակ: Ասել էի, չէ՞, որ Մեդեան սպանում է Յասոնի հարսնացուին: Կինը հեռացել է, երեխաները չկան: Յասոնին մնում է միայն հիշողությունը՝ իր փառահեղ սխրանքների: Եվ նա որոշում է գտնել այն իրը, որը նրան հերոս դարձրեց: Որոշում է գտնել Արգոն: Ու գտնում է : Եվ հենց Արգոն էլ սպանում է ծերունի Յասոնին. կայմերից մեկն ընկնում է նրա գլխին, և Յասոնը մնում է թաղված Արգոյից մնացած փայտե կմախքում:

Յասոնի մասին պատմությունը հույներն ընդունում էն՝ որպես հոգևոր ճանապարհորդություն: Որպես ճանապարհ, որը պիտի անցնի ցանկացած պատանի՝ տղամարդ դառնալուց առաջ: Նման վերջաբանը ես այսպես եմ հասկանում:

Ճիշտ է, Յասոնը աստվածների սիրասուն հերոսներից էր, և աստվածները՝ Հերան, Ափրոդիտեն, Ապոլլոնը, Զևսը, հովանավորում էին նրան: Բայց աստվածները սիրում են ազնիվ և արդար մարդկանց: Նրանք օժանդակում են հերոսներին, քանի հերոսները չեն անցել թույլատրելի սահմանը: Յասոնը, լքելով Մեդեային և խախտելով խոստումը, անցնոմ է այդ սահմանը և զրկվում աստվածների հովանավորությունից:

Յասոնը իմ մանկության ամենասիրելի հերոսներից մեկն էր: Այս դաժան վերջաբանի մասին հետո եմ իմացել, երբ կարդացի Էվրիպիդեսի <<Մեդեան>>: Երբեք չէի հավատա, որ Յասոնի պես հերոսը կարող է այսպիսի սիկայություն գործել կնոջ հետ: Մի պահ նույնիսկ ուզեցի Մեդեային մեղադրել: Չստացվեց:

Երևի Յասոնի պատմության իմաստը հենց այդ վերջաբանի մեջ է: Եթե հերոս ես, հերոս եղիր մինչև վերջ՝ և՛ պատերազմի դաշտում, և՛ ընտանիքում: Իսկ եթե հերոս ես միայն… Լավ, էլ չեմ ծավալվում, դուք հասկացաք:

Հիմա անցնենք Մեդեային: Հակառակ Յասոնի պաղատանքներին՝ աստվածները չեն պատժում նրան, այլ վերցնում են Օլիմպոս, որտեղ նրան ուրրիշ ամուսին պիտի տային, մի իսկական հերոս՝ Աքիլլեսը:

Առասպելի այս տարբերակի մասին երբևէ լսած չկայի: Ու համոզված չեմ, որ այն հավաստի է: Երևի այն հետո է առաջացել, ասենք երբ Հոլլիվուդը իր հերթական ֆիլմն էր նկարահանում՝ խեղաթյուրելով փաստերը՝ առանց հաշվի առնելու իրական դիցաբանությունը (դե, նրանք սիրում են այդպես անել): Երանի՜ ճիշտ լիներ: Եթե Մեդեան լիներ Աքիլլեսի կինը, նա չէր թողնի, որ իր ամուսինը սպանվեր Տրոյայի պատերազմում: Հաստատ մի բան կմտածեր այդ գրողի տարած գարշապարը ծածկելու համար:

Բայց Աքիլլեսը զոհվեց, և դա է առասպելի իմաստը. սա առասպել է, ոչ թե հեքիաթ: Այնպես որ ինձ մնում է ենթադրել, որ Մեդեան չէր ամուսնացել Աքիլլեսի հետ: Գուցե նա ապաստան էր գտել Արտեմիսի տաճարում, ուր փրկված Իֆիգենիայի և Ապոլլոնին պաշտող Բրիսեիդայի հետ սպասում էր, երբ կգա Աքիլլեսը և ոչ թե կռվախնձորը, այլ իր սիրո խնձորը կտա գեղեցկագույնին…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s