Ես գտել եմ ինձ Մենանդրեսի գործերում

IMG_4064[1] - копия

Մենանդրեսին թողել էի, որ վերջում կարդամ, այսպես ասած՝ на десерт, որովհետև մինչ այդ կարդացել էի Գեորգ Գոյանի «Հայոց թատրոնի երկուհազարամյակը» գրքում, որ Հայաստանում յուրօրինակ ակնածանքով են վերբերվել ողբերգակներից՝ Էվրիպիդեսին, կատակերգուներից՝ Մենանդրեսին:

Կրկնեմ նյութի վերնագիրը՝ ես գտել եմ ինձ Մենանդրեսի կատակերգություններից մեկում: Զարմանալի է, բայց փաստ է: Ու չնայած այն պերսոնաժը, ում հետ ես ինձ ասոցացնում եմ, համարվում է բացասական կերպար և վերջում ծաղր ու ծանակի է ենթարկվում, միևնույն է՝ ես նրան հասկանում եմ ու հեշտությամբ կարող եմ արդարացնել:

Եվ այսպես խոսքը Մենանդրեսի «Փնթփնթանը» կատակերգության մասին է, որտեղ միակ բացասական կերպարը Կնեմոնն է՝ հենց ինքը՝ փնթփնթանը (պոռտաբույծ Խերեյին չեմ հաշվում, որովհետև նա առաջին գործողությունից հետո արդեն անհետացավ բեմից, երևի անհետաձգելի գործեր ուներ):

Կնեմոնը տարօրինակ մարդ է: Չի ուզում շփվել ոչ մեկի հետ: Կնոջն ու որդուն հեռացրել է իրենից՝ իր կողքին թողնելով միայն դստերը և ծեր ստրկուհուն, այն էլ ստրկուհուն պահում է, որ մարդ լինի, ում «վրա կարելի կլինի փնթփնթալ»: Ուրիշ ոչ մեկի հետ նա չի խոսում, նույնիսկ չի թողնում, որ իրեն մոտենան, ավելին՝ չի թողնում, որ իր տան դռանը մոտենան: Ու դա այն դեպքում, երբ ծերուկի տունը գտնվում է Պան աստծուն նվիրված տաճար-սրբավայրի կողքին, ուր ամեն օր հարյուրավոր ուխտավորներ են գալիս՝ աստծուն զոհեր մատուցելու, ուտել-խմելու, քեֆ անելու: Պատկերացրեք. ամեն օր աղմուկ-աղաղակ, անծանոթ մարդիկ, ովքեր մոտենում են ձեզ, բարևում, ինչ-որ բաներ ասում, գուցե ինչ-որ բան խնդրում: Պարզապես անտանելի է:

Գուցե ժամանակակից գերզարգացած հոգեբանները ասեն, որ Կնեմոնը պարզապես աուտիկ էր: Չեմ առարկում, բայց եթե այդպես է, ապա նա նաև հիստերիկ էր, որովհետև իր մարդատյացությունն արտահայտում էր ոչ միայն փնթփնթոցով, այլև գոռում-գոչյուններով, նույնիսկ ծեծկռտուքի էր հասնում: Ինչի՞ց կլինի ծերուկի նման վերբերմունքը:

Նա ինքը այսպես է բացատրում.

«Հեփեստոսը վկա, ես այսքան չոր եմ դարձել,

Որովհետև շատ եմ տեսել մարդկային ստորությունն ու ագահությունը:

Ես համոզված էի. ոչ ոք

Ուրիշի բարին չի ցանկանում:

Դա էլ խանգարում էր ինձ…»

Լավ բացատրություն է: Բայց ես իմ կողմից մեկ ուրիշը կավելացնեի՝ աղմուկը, որն արդեն վաղուց դասվում է էկոլոգիական սուր հիմնախնդիրների շարքը:

Վաղուց հայտնի է՝ ամեն մարդ մի աշխարհ է: Մտքեր, զգացմունքներ, գաղափարներ, սկզբունքներ, հարցեր, պատասխաններ, հարաբերություններ՝ սա է մարդկային աշխարհը՝ չափազանց բարդ ու խճճված աշխարհը: Եվ մարդն իրոք ժամանակ առ ժամանակ լռության, անդորրի, մենակ մնալու կարիք է զգում: Եթե դուք ուզում եք առաջ շարժվել, ձեզ պետք է մշակել ձեր երթուղին, իսկ երթուղի մշակելու համար մտածել է պետք: Մենք բոլորս ապրում ենք մեր հարմարավետ բնակարաններում: Եթե ուզում ենք մենակ մնալ, փակվում են մեր սենյակներում, դռանը փակցնում «Չանհանգստացնե՛լ» խիստ գրությամբ ցուցանակ, կամ գնում ենք լողասենյակ, բացում ջուրը ու սկսում բարձրաձայն մտածել: Իսկ եթե դուք ապրում եք սրբավայրի կողքի՞ն:

Ոչ մի րոպե՝ մենակ մնալու, սեփական հոգսերին տրվելու: Կնեմոնը մի շատ հուզիչ ռեպլիկ ունի, ասում է.

«Նույնիսկ եթե որոշել ես կախվել,

Այդժամ էլ անմարդ, ամայի տեղ չես գտնի:»

Նույն խնդիրը պետք է լուծի Սենեկան իր «Օկտավիա» ողբերգությունում: Նա ասում է.

«Ֆորտունա, ինչո՞ւ ժպտացիր ինձ,

Երբ իմ կյանքից դժգոհ չէի ես:

Ինչո՞ւ ինձ բարձունքին հասցրեցիր:

Որ վա՞խը ճանաչեմ:

Որ բարձունքից ընկնե՞մ:

Ավելի լավ էր ժայռոտ Կարսիկայում մնայի

Ինչպես առաջ, նախանձ աչքից հեռու,

Որտեղ լոկ ինձ էր պատկանում ազատ հոգիս,

Եվ միշտ գտնում էի ժամանակ՝

Սիրած զբաղմունքների համար»:

Մեր դարում գուցե սրբավայրերում այդքան էլ աղմկոտ չէ, բայց հիմա կա համացանց, կա ֆեյսբուք, որտեղ դուք ունեք հինգ հարյուր «ընկեր», որոնց մեծ մասը չեք ճանաչում: Բայց միևնույն է, պետք է հիշել նրանց ծննդյան օրը, ինչ-որ բան գրել նրանց պատին, լայքաշեյր անել նրանց նկարներն ու ոչինչ չասող ստատուսները, զբաղվել սեփական նկարների լայքաշեյրահավաքչությամբ: Արդեն գիշեր է, արդեն քնելու ժամանակն է: Քնելուց առաջ ձեր ուղեղը գողանում է ձեզանից հինգ րոպե, որ մտածի: Բայց էլի ձեր մտքերում դուք չեք գտնի ինքներդ ձեզ: Այնքան գործ կա անելու. ընտանիք, ընկերներ, գործընկերներ, շեֆեր, բարեկամներ, չարակամներ, պատահական ծանոթներ, ովքեր պատահական հանդիոպւմ են ձեզ փողոցում և պատահական լցնում ձեր ուղեղը բոլորովին անպետք ինֆորմացիայով, որը ձեր ուղեղը չի հասցնում մարսել այդ չարաբաստիկ հինգ րոպեի ընթացքում:

Այնպես որ ես շատ լավ եմ հասկանում Կնեմոնին: Ու եթե դեռ ոչ ոքի չեմ ծեծել, պատճառը իմ գրողի տարած դաստիարակությունն է, որն արգելում է կոպիտ լինել և պատգամում բոլորին ժպտալ ու ասել՝ այո:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s