Բնազդ՝ լինել բարի

Երբ ինչ-որ բան նոր-նոր ես սկսում, ամենակարևորը չհիասթափվելն է:

Ինձ համար Հին Հունական ողբերգությունը սկսվեց Սոֆոկլեսից: Առաջինը ընտրեցի «Անտիգոնեն». երկու պատճառով՝ նախ խորհուրդ էին տվել, հետո՝ արդեն հասցրել էի տեսնել «Անտիգոնեն» բեմում: Պետք է ասել՝ չհիասթափվեցի: Պետք է ասել՝ հիացա…

Քննադատները Անտիգոնեին համարում են խիստ բարոյական կերպար: Իմանալով, որ արքան հրամայել է անարգել իր եղբոր դիակը և չթաղել այն, Անտիգոնեն հանդգնում է խախտել արքայի հրամանը և դրա համար վճարում սեփական կյանքի գնով: Արդար լինելու համար պետք է նշել, որ այդ անարգված եղբայրը՝ Պոլինիկը, կենդանության օրոք հարձակվել էր հայրենի քաղաքի վրա և հավասար մարտում ընկել իր իսկ եղբոր՝ Էտեոկլեսի ձեռքից՝ նրան էլ սպանելով: Պատկերացրի՞ք: Մի եղբայրը դառնում է հերոս, մյուսը՝ դավաճան և մատնվում է ամենահրեշավոր անարգանքի (այս պատմությունը ավելի մանրամասն նկարագրված է Էսքիլլոսի «Յոթն ընդդեմ Թեբեի» ողբերգության սյուժեում): Հիմա անցնենք առաջ:

Ի՞նչ է անում Անտիգոնեն: Ողբերգության նախաբանից նա մեղադրում է բոլորին՝ երկչոտ քրոջը, բռնակալ արքային և մնացած բոլորին, որ ամենահրեշավոր կերպով անարգել են Պոլինիկին, իրեն էլ՝ դժբախտի հարազատ քրոջը, ով բնականաբար սիրում է նրան, տանջում են՝ ստիպելով մասնակիցն ու ականատեսը լինել այդ անարգանքի: Անտիգոնեի գլխավոր փաստարկը այս հարցում աստվածների օրենքն է, որն արքայի օրենքից վեր է և ըստ որի՝ զոհվածներին պետք է թաղել: Վերջիվերջո նա գաղտնի թաղում է եղբոր դին և զոհաբերում իր սեփական կյանքը այդ գործի համար:

Երևի այդ պատճառով էլ Անտիգոնեն համարվում է խիստ բարոյական կերպար:

Բայց մի բան անհասկանալի էր, համենայն դեպս ինձ համար:

Ինչո՞ւ է Անտիգոնեն այդքան ողբում եղբոր մահը: Թե եղբայրը «մի բան լիներ», կասեի՝ հասկանալի է: Բայց եղբայրը դավաճանել էր իր հայրենիքը և սպանել սեփական եղբորը, ինչը  արդեն իսկ խոսում է նրա մարդկային որակի մասին: Էլ ինչո՞ւ է Անտիգոնեն այդքան ճոխ բառապաշարով սգում նրա անարգանքը և մեղադրում քրոջը, որ չի հետևում իր օրինակին:

Այստեղ է Սոֆոկլեսի հանճարը: Նա շատ լավ հանելուկ է տալիս ընթերցողին: Ու մինչ Անտիգոնեն շարունակում է իր պաթետիկ ողբը, ընթերցողին մի միտք է զբաղեցնում. «Հանուն ինչի՞»: Կարելի է ասել, որ հեղինակը որոշակի կապ է հաստատում ընթերցողի հետ (կամ հանդիսատեսի, եթե հաշվի առնենք, որ ողբերգությունը հաշվարկված էր թատերական բեմի համար)՝ միևնույն ժամանակ շարունակելով անտեսել նրան, մինչև վերջապես ընթերցողը դադարում է լինել «ավելորդ երրորդը», և հեղինակը իր հերոսներից մեկի շուրթերով պատասխանում է նրա հարցին:

Ահա այդ հատվածը: Հիշո՞ւմ եք, երբ արքայի մոտ գալիս է կույր գուշակը և ասում նրան.

«Ո՛չ, մահը դու հարգիր և սպանվածին հանգիստ թող:
Թե՞ դու կասես, վայել է քաջերին
Ըսպանվածին կրկին սպանել»:

Ահա և վերջ, ամեն ինչ պարզ է: Ինչպիսին էլ մարդը լինի՝ ազնիվ, թե խարդախ, բարի, թե սրիկա, միևնույն է, եթե դու քեզ տղամարդ ես համարում, նրա հետ քո բոլոր «հարցերը լուծիր» կենդանության օրոք: Իսկ դիակին պատժելը, դիակից պատասխան պահանջելը վայել չէ այրամարդուն: Հե՞շտ է, չէ՞, անարգել նրան, ով չի կարող քեզ պատասխանել:

Ինչո՞ւ է Անտիգոնեն խիստ բարոյական կերպար: Իմ սուբյեկտիվ կարծիքով, որովհետև նրա բարոյականությունը գիտակցված չէ, այն ավելի շուտ բնազդի է նման, բնազդ՝ լինել բարի-բարոյական-արժանավայել: Մինչ տղամարդիկ բարձրաձայնում են՝ ինչն է վայել քաջին, ինչը՝ ոչ, նա խոսում է աստվածային օրենքներից: Ինչո՞ւ: Մի՞թե պարզապես չէր հանդգնում ուսուցանել արքային: Չէի ասի: Ծանոթ լինելով Անտիգոնեի բնավորությանը, կարելի է ասել, որ նա հեշտ ու հանգիստ արքայի երեսին կասեր այն նույն խոսքերը, որ հետո գուշակը կասի նրան, կասեր, եթե հստակ գիտակցեր, ինչու չի կարելի անարգել դիակը: Բայց, էլի եմ ասում, Անտիգոնեի բարոյականությունը բնազդի պես է: Նա ոչ թե մտածում է՝ չի կարելի, որովհետև վայել չէ, այլ պարզապես չի կարելի…

Իսկ ընթերցողին, ում հարցին հեղինակը արդեն պատասխանել է, մնում է մեկ ուրիշ հարց. ո՞ր բարոյականությունն է ավելի բարոյական՝ Անտիգոնեի բնազդային բարի՞ն, թե գուշակ Տիրեսիոսի գիտակցված, կշռադատված արժանապատվությունը: Այս հարցին Սոֆոկլեսը չի պատասխանում և, ինչն ամենահրաշալին է, այս հարցը ճիշտ կամ սխալ պատասխան չունի…

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s