Թագավոր լինելուց լավ բա՞ն

Բախտս բերեց, մի անգամ մասնակից եղա Հենրիկ Էդոյանի դասախոսությանը «Բյուրոկրատ» գրախանութում:

Պարոն Էդոյանը պատմում էր Հին աշխարհի արվեստի, կրոնի և ընդհանրապես աշխարհահայացքի մասին: Ըստ նրա՝ Հին աշխարհը բաժանվում էր երկու մասի՝ արևելյան և արևմտյան: Արևելյանը շատ բազմաբնույթ և բազմաբովանդակ աշխարհ էր: Իրանական հզոր մշակույթը, եգիպտական խորհրդավոր հայացքը, չինական և հնդկական՝ իրենց նմանը չունեցող փիլիսոփայությունը, այս ամենը արևելյան աշխարհն է: Արևմուտքում Հունաստանն էր և Հռոմը: Ինչո՞ւ ենք Հին աշխարհը պայմանականորեն բաժանում այս երկու մասի: Որովհետև արևելքի ու արևմուտքի մարդկանց հոգեբանության միջև զգալի տարբերություն կար: Շատ չեմ խորանա, կխոսեմ միայն թագավորական իշխանությունից, որովհետև այն անմիջական կապն ունի դրամատուրգիայի հետ, որին հետո սահուն անցում կկատարենք:

Այսպիսով, թագավորները:

Եգիպտոսում փարավոնը համարվում էր աստծո որդին, աստված՝ երկրում: Պարսկաստանում արքան երկրի տերն ու տիրակալն էր, ու քանի որ պարսից արքունիքի արքայազնները գլխավոր աստծո քրմերն էին, կարելի է պատկերացնել, թե ինչ ասել էր «արքա» հասարակ մահկանացուների աչքերում: Պատահական չէ, որ արևելյան արքաները այդքան մեծամիտ են, իրենց կոչում են «արքայից արքա», «շահնշահ», նաև՝ «աստվածային»: Ի դեպ այս երեք տիտղոսներն էլ հայերը որոշ ժամանակով «խլել» էին պարսիկներից Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք: Ճիշտ է, հռոմեացի կայսրերին էլ «թագավորական աստղային հիվանդությունը» չշրջանցեց, և որոշ ժամանակաշրջանում նրանք նույնպես սկսեցին իրենց աստծո որդի, կիսաստված համարել, իսկ մահից հետո «երկինք համբարձվել»: Բայց դա եղավ ավելի ուշ:

Մի խոսքով, արևելքի բնակչի վերբերմունքը իր արքայի նկատմամբ կարելի է բնորոշել սիրված հեքիաթի, սիրված հերոսի խոսքերով. «Թագավոր լինելուց լավ բա՞ն»:

Իսկ ի՞նչ էր կատարվում հակառակ բևեռում, այսպես ասված՝ Եվրոպայում:

Հույները նույնպես ունեին իրենց թագավորները, ինչ ճիշտ է, ճիշտ է: Սակայն նրանք շատ ավելի ազատ և դեմոկրատ մարդիկ էին, ընդ որում ոչ միայն պետական հարցերում, այլև կրոնի պարագայում (բայց դա ուրիշ պատմություն է):

Հին Հունաստանի քաղաքացին իհարկե պատկերացնում է արքայի իշխանության և ազդեցության (նաև հարստության) արժեքը, բայց և գիտակցում է, որ թագավորը կատարողական պաշտոն է, ինչպես ասենք նահանգապետը կամ քաղաքապետը: Սակայն ի տարբերություն նման «մանր-մունր» պաշտոնների այն շատ ավելի պատասխանատու է:

Ես հենվում եմ ոչ միայն պարոն Էդոյանի ասածների վրա, այլև այս պնդման ապացույցն եմ գտել հունական և հռոմեական հեղինակների երկերում: Իսկ հիմա սահուն անցում կատարենք դրամատուրգիային:

Սկսենք Սոֆոկլեսից: Հիշո՞ւմ եք Էդիպ արքային: Նա մեղադրում էր իր կնոջ եղբորը՝ Կրեոնտին, որ դավադրություն է կազմակերպել իր դեմ, իրեն վարկաբեկում է ժողովրդի աչքում, որ ինքը զբաղեցնի թագավորական գահը (դե ի՞նչ ասեմ, թագավորները միշտ էլ կասկածամիտ են եղել): Այդ անարդար մեղադրանքին  Կրեոնտը պատասխանում է հետևյալ կերպ.

«Մտածիր ինքդ.

Իշխանության հետ անկակսկած գալիս է վախ:

Էլ ինչո՞ւ պիտի ձգտեմ իշխանության, երբ արդեն

Իշխում եմ՝ անտեղյակ վախին:

Ես երբեք չէի տենչում թագավոր դառնալ՝

Նախընտրելով իշխանության մի մասը լոկ:

Այդպես կցանկանար ցանկցած ոք,

Ով զուրկ չէ խորհելու ունակությունից:

Տես, պարգևներդ ընդունում եմ անարգել,

Իսկ եթե ինքս իշխեի, չէի կարողանա անել այն,

Ինչ ցանկանում եմ: Մի՞թե իշխելն ավելի քաղցր է,

Քան իմ անհոգ ազդեցությունը ու հարգանքը:»

Այս միտքը կարելի է վերագրել Սոֆոկլեսի հանճարին, ոչ թե մեծ ողբերգակին ժամանակակից մարդկանց աշխարհահայացքին: Սակայն նույն միտքը գտնում ենք նաև Էվրիպիդեսի մոտ:

Հիշո՞ւմ եք Իպպոլիտին: Հայրը նրան նույն մեղադրանքը ներկայացրեց, ինչ Էդիպը՝ կնոջ եղբորը: Եվ ի՞նչ պատասխանեց պատանին.

«Մի՞թե առողջ է նա, ով ձգտում է իշխանության:

Հայր, ես տենչում էի առաջինը լինել հելլեններից

Լոկ մարզախաղերում, իսկ պետական ռազմադաշտում

Երկրորդ տեղն եմ նախընտրում…»

Նման վերբերմունքը բացատրվում է նրանով, որ թագավորը ոչ թե աստվածային, վերերկրային երևույթ է շարքային հելլենի համար, այլ ծանր ու պատասխանատու աշխատանք: Գիտեմ, որ կրկնվում եմ, բայց ուզում են, որ դուք առանձնահատուկ ուշադրություն դարձնեք այս մտքին:

Կրեոնտն իրավացի էր, իշխանությունը իր հետ վախ է բերում՝ իշխանությունը կորցնելու վախը, որը տանջում էր Էդիպին, Ագամեմնոնին, Ներոնին: Հետո իհարկե Կրեոնտն էլ դարձավ թագավոր, ժառանգելով Էդիպի գահը, ու այդ ժամանակ իր մաշկի վրա զգաց թագավոր լինելու ողջ պատասխանատվությունը:

Պատկերացնո՞ւմ եք, ինչ կաներ եգիպտական մի փարավոն, եթե հասարակ մի մահկանացու՝ մի ռազմիկ, ասեր նրան.

«Արքա՛,  մարդը չպիտի երդվի,

Հետո կպարզվի, որ կեղծ երդում էր դա»:

Նույն միտքը կարելի է գտնել հռոմեացի հեղինակների մոտ, չնայած Հռոմի կայսրերը այնքան դեմոկրատ չէին, ինչպես հույների առաջնորդները: Այնուամենայնիվ տեսնենք, ինչ է ասում Սենեկան.

«Ֆորտունա, ինչո՞ւ ժպտացիր ինձ,

Երբ իմ կյանքից դժգոհ չէի ես:

Ինչո՞ւ ինձ բարձունքին հասցրեցիր:

Որ վա՞խը ճանաչեմ:

Որ բարձունքից ընկնե՞մ:

Ավելի լավ էր ժայռոտ Կարսիկայում մնայի

Ինչպես առաջ, նախանձ աչքից հեռու,

Որտեղ լոկ ինձ էր պատկանում ազատ հոգիս»:

Սա ասում է Սենեկան, իսկ նա դեռ արքա չէ: Նրա իրականության մեջ արքան արյունարբու Ներոնն է: Ահա թե ինչպես է Ներոնը տեսնում կեսարի դերը երկրում.

«Վերացնել թշնամիներին, սա է կեսարի խիզախությունը»:

Ինչին Սենեկան պատասխանում է.

«Հայրենիքի հոր պարտքն է քաղաքացիներին պահել»:

Պատասխանատվություն երկրի բոլոր քաղաքացիների համար: Ահա կեսարի պարտականությունը՝ ըստ Սենեկայի: Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի գլխացավանք է:

Հելլենները լավ գիտեին՝ թագավորի մասնագիտությունը շատ դժվար գործ է՝ «թթու չի, թան չի, ամեն մարդու բան չի»: Դրա համար էլ Կրեոնտն ու Իպպոլիտը չեն ուզում թագավորական  գահին բազմել:

Այնպես որ դա միայն հեքիաթներում է, որ «աշխարհը խալի է ոտիդ տակ»…

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s