Ագամեմնոնը Ավլիդում

Էվրիպիդեսի Մեդեան ասում էր, որ մարդուն տանջող ամենաչար հրեշը զայրույթն է, որը թունավորում է մարդու հոգին և մթագնում ուղեղը: Սենեկայի կարծիքով ամենահզոր և միևնույն ժամանակ մարդուն ամենաշատը տանջող աստվածը Կուպիդոնն է: Էսքիլլոսի Կլիտեմնեստրան մարդուն պատժելու համար կանչում էր վրիժառու աստվածուհիներին, ովքեր կստիպեին մարդուն տանջվել խղճի խայթից:

Զայրույթ, սեր, խիղճ: Սրանց շարքին ես կավելացնեի նաև փառասիրությունը, ագահությունն ու իշխանամոլությունը, որ շարքն ամբողջական լինի: Ու քանի որ նախորդ պարբերությունը եզրափակեցինք Կլիտեմնեստրայով, հաջորդը կսկսենք հենց նրանով: Ավելի ճիշտ նրա ամուսին Ագամեմնոնով:

Հայրական սեր, զայրույթ եղբոր վրա, տանջանք խղճի խայթերից, բայց ամենաշատը փառասիրություն և իշխանամոլություն, ահա ինչ էր սպասում Ագամեմնոնին Ավլիդում:

Ագամեմնոնը Ավլիդում

Էվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիդում» ողբերգության «լիբրետոյում» կարդացի դեպքերի հետևյալ լուսաբանումը: Ագամեմնոնը ստիպված էր զոհել իր դուստր Իֆիգենիային Արտեմիս աստվածուհուն: Նա նամակ է գրում իր կնոջը՝ Կլիտեմնեստրային, իբր Աքիլլեսը չի համաձայնում միանալ աքեյացիների զորքին, եթե ինքը իրեն կնության չտա իր դստերը՝ Իֆիգենիային, և պատվիրում է կնոջը զուգել-զարդարել հարսնացուին և բերել Ավլիդ, որտեղ պիտի տեղի ունենար հարսանիքը: Բայց հետո արքան զղջում է և մի ուրիշ նամակ է ուղարկում կնոջը, որտեղ խնդրում է չշտապել: Սակայն Մենելայոսը՝ Ագամեմնոնի եղբայրը, թույլ չի տալիս սուրհանդակին տեղ հասցնել նամակը և ստիպում է Ագամեմնոնին զոհաբերել դստերը:

Դեպքերի նման շարադրանքի հետ ես համամիտ չեմ: Ահա թե ինչ էր տեղի ունեցել իմ սուբյեկտիվ կարծիքով;

Ավլիդում հույն արքաների միջև տեղի էր ունեցել մի իսկական «քարոզարշավ»: Շատ ջանքերից ու տանջանքներից  հետո Ագամեմնոնին հաջողվեց ընտրվել աքեյացիների առաջնորդ: Բայց այստեղ փառասեր Ատրիդեսը իմացավ մի բան, ինչը մենք վաղուց գիտենք, դեռ «Սարդ-մարդ» ֆիլմից.

“Большая сила налагает большую ответственность.”

Կալխանտ գուշակի պատճառով արքան ստիպված է զոհաբերել իր աղջկան: Իհարկե, շարքային մի զինվոր կարող էր հրաժարվել այդ սարսափելի քայլից, կոպիտ ասած, թքել ամեն ինչի վրա և վերադառնալ տուն՝ թողնելով Տրոյական պատերազմը «շահագրգռված անձանց»: Բայց Ագամեմնոնի համար նման ռադիկալ քայլը կնշանակեր զրկվել իշխանությունից, որն այնքան մեծ դժվարությամբ էր նվաճել: Այստեղ առաջին անգամ Ագամեմնոնը հայտնվում է երկընտրանքի առջև՝ աղջի՞կը, թե՞ գահը: Նա ընտրում է գահը և նամակ գրում կնոջը Միկեններ: Շատ հնարավոր է, որ հենց Մենելայոսն էր ստիպել Ագամեմնոնին գնալ այդ քայլին, չեմ ժխտում: Բայց տեսնենք, ինչ է տեղի ունենում հետո:

Ագամեմնոնը զղջում է և երկրորդ նամակն է գրում Կլիտեմնեստրային: Սակայն Մենելայոսը խլում է այն ծեր ստրուկի ձեռքից և հաղորդակից դառնում եղբոր գաղտնիքին: Այստեղ ընթերցողը ներկա է գտնվում Ագամեմնոնի և Մենելայոսի փառահեղ դիալոգին՝ ընդմիջված երգչախմբի «քոմենթներով»:

Մենելայոսը մեղադրում է արքային, որ նրա խոսքը հաստատ չէ.

«Երեկ՝ այո, իսկ այսօր՝ ոչ, վաղն էլ ամեն ինչ կկրկնվի»:

Արդար լինելու համար պետք է նշեմ, որ Մենելայոսը շատ ճիշտ նկատողություն է անում եղբորը: Ինչո՞ւ: Կիմանաք մի քիչ հետո:

Եղբոր այս մեղադրանքին Ագամեմնոնը պատասխանում է, որ հանցագործություն չէ հրեշավոր սխալն ուղղելու ցանկությունը: Նա մեղադրում է եղբորը, ասելով, որ նա տենչում է իր գեղեցկուհի կնոջ ըւնկերակցությունը՝ առանց մտածելու, որ իրեն՝ Ագամեմնոնին նա թողնելու է միայն ողբալ սպանված զավակի կորուստը:

Եվ Մենելայոսը նահանջում է: Նա տեսնում է եղբոր արցունքները, փափկում է և այսպես ասում Ագամեմնոնին.

«Խնդրում եմ, անգամ չմտածես դստերդ մահվան մասին իմ շահի համար: Ինչպե՞ս թե, դու ողբալու ես, իսկ ես ցնծա՞մ: Քո զավակներին դաշո՞ւյն բաժին հասնի, իսկ իմ որդիներին՝ արև՞: Նման բաժանում չէր հանդուրժի Ճշմարտությունը: Ներիր ինձ: Ես խոսում էի քեզ հետ, ինչպես անմիտ պատանի»:

Այսինքն այն կարծիքը, որ այդ Մենելայոսն էր ստիպել Ագամեմնոնին զոհաբերել դստերը, արդեն սխալական է; Հապա ի՞նչը կամ ո՞վ ստիպեց;

Ագամեմնոնը հաղթեց: Բայց արդեն ուշ է, Կլիտեմնեստրան և արքայադուստր Իֆիգենիան արդեն Ավլիդում են:

Դրա համա՞ր զոհվեց Իֆիգենիան: Մի՞թե արքան չէր կարող փրկել աղջկան:

Չգիտեմ, կարող էր, թե չէր կարող, ու չեմ էլ իմանա, որովհետև Ագամեմնոնը հանկարծ կրկին մտքափոխվեց:

«Ես արեցի հնարավոր ամեն բան, բայց արդեն ուշ էր: Երևի իմ այս տառապանքը աստվածների կամքով է կատարվում: Եվ ինձ մնում է միայն հնազանդվել, չնայած ես արեցի հնարավոր ամեն բան», – սա Ագամեմնոնին արդարացնող միտքն էր: Ահավոր բան է, երբ փորձում ենք արդարացնել ինքներս մեզ, իսկ ամենավատն այն է, որ դա մեզ մոտ ստացվում է: «Ես արեցի հնարավոր ամեն բան, ես մեղավոր չեմ»:

Իրականում Ագամեմնոնը չէր արել հնարավոր ամեն բան; Նա պարզապես հաստատակամ չէր դստերը փրկելու որոշման մեջ: Նա դեռ տատանվում էր. մի կողմից աղջիկն էր, մյուս կողմից՝ գահը, մի կողմից խիղճն էր տանջում, մյուս կողմից՝ իշխանությունը կորցնելու վախը: Դե ընտրի՛ր:

Երբ մարդը հայտնվում է երկընտրանքի առջև, որոշում կայացնելու համար նրան պետք է կատալիզատոր՝ մի իրադարձություն արտաքին աշխարհում, որը կստիպի նրան նախապատվությունը տալ երկու հնարավոր որոշումներից մեկին:

Հիմա տեսնենք ի՞նչ կար Ագամեմնոնի դեպքում:

Եթե մի կողմ թողնենք Մենելայոսին նրա կրքոտ մեղադրանքներով և նույնքան կրքոտ զղջումով, ապա Իֆիգենիայի կողմից էին Կլիտեմնեստրայի մեղադրանքը և Իֆիգենիայի աղերսը:

Իմանալով ամուսնու հրեշավոր որոշման մասին՝ Կլիտեմնեստրան հարձակվում է Ագամեմնոնի վրա.

«Ինչպե՞ս ես դու տալիս ադամանդը աղբի դիմաց: Ինչպե՞ս կարող ես տալ հարազատ զավակին մի պոռնիկի համար: Ինչպե՞ս ես աղոթելու աստվածուհուն, երբ զոհասեղանին այդպիսի զոհ ես մատուցելու: Իսկ ինձ ի՞նչ կհրամայես անել, աղոթել ձեր հաջողությա՞ն համար: Կընդունե՞ն արդյոք աստվածները նման աղոթք և նման զգացմունք՝ որդիասպան հոր հանդեպ մոր սերը: Ճշմարիտ չէ՞, որ քո վերադարձը նույնքան ամոթալի է լինելու, որքան քո հրեշավոր մեկնումն այստեղից»:

Մորն ավելանում է դուստրը. «Ավելի լավ է տառապել, բայց ապրել, քան ամենավառ փառքով օծված մահանալ», – ասում է նա՝ գրկելով հոր ծնկները:

Ինձ թվում է այսքանից հետո Ագամեմնոնը պիտի մոռանար «Ես արեցի հնարավոր ամեն բան» տարբերակը:

Բայց եկեք տեսնենք, ի՞նչ ուներ արքան մյուս կողմից:

Իհարկե վախը: Եվ խոսքը միայն գահի մասին չէ: Աքեյացիները չափից դուրս երկար էին սպասել Ավլիդում, որ թույլ տային Իֆիգենիային հանգիստ տուն վերադառնալ: այնպես որ եթե Ագամեմնոնը «փորձեր թպրտալ», մահացու վտանգ էր սպառնելու ոչ միայն Իֆիգենիային, այլև իրեն՝ Ագամեմնոնին, և Կլիտեմնեստրային:

«Ես սարսափում եմ անել այդ, կին: Բայց չանելն ավելի սասափելի կլինի», – ասում է Ագամեմնոնը կնոջը:

Բայց նույնիսկ ինքնապահպանման բնազդը չի կարող արդրացնել Ագամեմնոնին, և ասեմ ինչու: Իմ կարծիքով եթե Աքիլլեսը, ով ոչ մի կապ չուներ ոչ Իֆիգենիայի, ոչ Կլիտեմնեստրայի հետ, պատրաստ էր կյանքի գնով պաշտպանել այդ կանանց գազազած աքեյացիներից, ուրեմն Ագամեմնոնը ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր անել այդ:

Ինչևէ, Ագամեմնոնը ընտրում է գահը: Այնպես որ պետք չէ մեղքը Մենելայոսի վրա բարդել: Հետո միկենյան արքան կսպանվի կնոջ ձեռքով, ում հետո կսպանի նրանց որդի Օրեստեսը, որն ի դեպ երեխա էր, երբ տեղի էր ունեցել «ավլիդյան ողբերգությունը», և ներկա էր քրոջ զոհաբերության ծեսին: Իֆիգենիայից հետո շատ բան կլինի: Աքեյացիները կգրավեն Տրոյան, Էսքիլլոսը կգրի իր «Օրեստեան», իսկ Սոֆոկլեսը՝ «Էլեկտրան»: Ու մենք դեռ երկար ենք վիճելու՝ Կլիտեմնե՞ստրան էր ճիշտ, թե՞ Օրեստեսը: Բայց եթե Կլիտեմնեստրային ես ամեն դեպքում կարող եմ արդարացնել, Ագամեմնոնին չի ստացվում:

One thought on “Ագամեմնոնը Ավլիդում

  1. Իմ սիրելի Սոնա, լավ ես մեկնաբանել, հուզմունք եմ նկատում տողերումդ: Ես էլ ակամայից վերադառնում եմ այդ ստեղծագործություններին, որոնք ընթերցելիս միշտ հուզվում եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s