Աքիլլեսը Ավլիդում

Բռեդ Պիտը Աքիլլեսի դերում…

Երբեք չէի մտածի, որ այսքան հիանալու եմ հին հունական ողբերգություններով: Բայց հիմա, երբ գիրքն արդեն մի կողմ եմ դրել ու համակարգչի հետ միացրել եմ ուղեղս, կարող եմ կրկնել իմ սիրելի արտահայտությունը սիրած ֆիլմից.

«Արվեստը սկսվել է կատարելությունից»:

Հասարակությունն ունի կաղապարներ, որոնց օգնությամբ յուրաքանչյուրը կարող է կիրթ և խելացի թվալ՝ առանց որևէ ջանք գործադրելու: Այդ կաղապարներից մեկը բոլորիս հայտնի “Нет повести печальнее на свете, чем повесть о Ромео и Джульете” արտահայտությունն է: Եվ Շեքսպիրին անծանոթ մարդիկ կարող են խորը շունչ քաշել, նշանակալից կերպով օրորել գլուխները և հառաչել.

-Այո, Շեքսպի՜րը, ա՜խ, Շեքսպիրը:

Մինչդեռ հենց Սոֆոկլեսի «Էդիպ արքան» իր “печальный”-ության առումով շատ ավելի սարսափելի պատմություն է, քան Ռոմեոյի և Ջուլիետտի մելոդրամատիկ սիրավեպը:

Առհասարակ հունական ողբերգությունները մեր առջև մի ուրիշ աշխարհ են բացահայտում: Այստեղ ուրիշ բարոյականություն է: Մի աշխարհ, որ և՛ իմաստության, և՛ մարդկայնության, և՛ անկեղծության ու ազատության առումով շատ ավելի հզոր էր, քան մերն է հիմա:

Ինչևէ, քանի հասել էինք Շեքսպիրին, փորձեմ Ռոմեոյի և Ջուլիետտի սիրավեպին հակադրել մի ուրիշ սիրո պատմություն՝ ուրիշ տեսակի սիրո պատմություն:

Խոսքս Էվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիդում» ողբերգության մասին է: Գիտեմ, որ այս գործի մասին շատ է խոսվել, և որ Իֆիգենիայի հայրենասիրությունը բոլորն արդեն վաղուց նկատել են: Բայց ես կփորձեմ ձեզ ցույց տալ սիրո մի այլ տեսակ, սիրո մի այլ /ավելի դիպուկ բառ չգտա/ մակարդակ, որը ես գտա այս իրոք ողբերգական պատմության խորքում:

Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, փորձենք նայել դեպքերի զարգացմանը ոչ թե Իֆիգենիայի, Կլիտեմնեստրայի կամ Ագամեմնոնի, այլ Աքիլլեսի տեսանկյունից: Դրա համար էլ իմ պատմությունը կոչվում է այսպես

«Աքիլլեսը Ավլիդում»

Աքիլլեսը քաջարի զինվոր էր: Այնուամենայնիվ սա նրա առաջին մեծ պատերազմն էր լինելու: Հիշեցնեմ, որ խոսքը Տրոյայի պատերազմի մասին է, որը ծագեց Ելենայի /Հեղինեի/ և Պարիսի սիրավեպից և փախուստից հետո /դարձյալ սիրավեպ/: Գաղտնիք չէ, որ Աքիլլեսի մայրը չէր կամենում, որ որդին մասնակցի պատերազմին, քանի որ կար հին գուշակություն, որ նա չի վերադառնա ռազմի դաշտից: Բայց ինքը՝ Աքիլլեսը, բնականաբար, ուզում էր անմահանալ Հելլադայի ամենաքաջ հերոսների հետ միասին:

Եվ ի՞նչ: Հավաքեց իր ջոկատները, միացավ աքեյացիների զորքին: Անհամար զորք, բոլորը քաջարի զինվորներ, շատերն՝ արբած չքնաղ Ելենայի գեղեցկությունից, բոլորը երազում են կործանել Իլիոնի /Տրոյայի/ ամրակուռ պարիսպները, թալանել պալատներն ու պարտված քաղաքի աստվածների տաճարներում հաղթանակի երախտագիտության զոհեր մատուցել: Բայց արի ու տես, որ Ավլիդում հաջողությունը երես է թեքում հելլեններից. քամի չկա, նավերը չեն կարող տեղից շարժվել՝ ո՛չ առաջ՝ դեպի Տրոյա, ո՛չ էլ հետ՝ հայրենիք:

Աքիլլեսի զինվորները դժգոհ են. նրանք չեն եկել «նիրհող Ատրիդներին» /Ագամեմնոնին և Մենելայոսին/ տեսնելու: Եվ նրանք խնդրում են Աքիլլեսին խոսել Ագամեմնոնի հետ:

Աքիլլեսը, ինքն էլ բարկացած Ագամեմնոնի վրա, գնում է աքեյացիների արքայի վրանի մոտ: Բայց արքայի փոխարեն այնտեղ տեսնում է նրա կնոջը՝ Կլիտեմնեստրային, որը «ալաբուլա» է երևում: Նա տարօրինակ խոսքերով է ողջունում Աքիլլեսին և առաջարկում սեղմել իր ձեռքը:

Պատկերացնում եմ Աքիլլեսի վիճակը: Խեղճ տղան երևի չգիտի, ի՞նչ անի՝ «ամոթից գետի՞նը մտնի», թե՞ զայրանա այս կնոջ վրա, որ իրեն այսքան անհարմար դրության մեջ է դնում: Բայց րոպե հետո Կլիտեմնեստրան բացատրում է իր տարօրինակ վարքի պատճառը. ախր Աքիլլեսը իր աղջկա ապագա ամուսիննէ, ստացվում է նա հիմա իր ապագա զոքանչի հետ է խոսում:

«Է՜հ, – ասում է Կլիտեմնեստրան, – դուք՝ պատանիներդ, ամոթխած եք դառնում, երբ տեսնում եք ձեր  նոր բարեկամներին»:

Այս լուրը զարմացնում, մի քիչ էլ բարկացնում է Աքիլլեսին: Զարմացնում է, որովհետև ինքը ոչ մեկի հետ չէր պատրաստվում ամուսնանալ: Զայրացնում, որովհետև, ինչպես ինքն է ասում Կլիտեմնեստրային, ինքը «չի պատրաստվում խնամիական հարաբերություններ հաստատել Ատրիդեսի հետ»: Ասենք, նա Իֆիգենիային չի տեսել և այդ աղջկա դեմ ոչինչ չունի, բայց Ագամեմնոնին չի սիրում, և նրա հետ բարեկամանալու մտադրություն չունի:

Կլիտեմնեստրան ապշած է: Հիմա արդեն նա չգիտի, ամոթից ուր կորի: Հիմար բան ստացվեց: Աքիլլեսն էլ է իրեն «անհարմար զգում» և, ինչպես իսկական ջենտլմեն, խորհուրդ է տալիս թագուհուն շուտ ամեն ինչ մոռանալ:

Հանկարծ հայտնվում է Կլիտեմնեստրայի ծեր ստրուկը և բացում Ագամեմնոնի չար մտադրությունը: Փաստորեն հայրը խաբելով հրամայել է բերել աղջկան, իբր Աքիլլեսի հետ պսակելու մտադրությամբ, իրականում կամենալով Իֆիգենիային մոռթել Արտեմիսի  տաճարում, որ աստվածուհին գթա աքեյացիների զորքը և քամի առաքի հելլեններին:

Հիմա արդեն ո՛չ Աքիլլեսը և ո՛չ էլ Կլիտեմնեստրան չեն մոռանա տեղի ունեցածը:

Իհարկե, Աքիլլեսը մեղք չունի, որ Ագամեմնոնը որդիասպան սրիկա է, բայց միևնույն է, ստացվում է, որ «Աքիլլեսի անունն է սպանել Իֆիգենիային», իսկ դա արդեն աններելի է: Բացի այդ Աքիլլեսը գիտակցում է, որ իրենից բացի այս զորքում Կլիտեմնեստրան և Իֆիգենիան ուրիշ պաշտպան չունեն: Ագամեմնոնը պիտի պաշտպաներ նրանց, բայց… Կլիտեմնեստրան առանց ակնարկների, բացեիբաց խնդրում է Աքիլլեսին, որ պաշտպանի իրեն և աղջկան: Աքիլլեսը, իհարկե, համաձայնում է: Բայց Կլիտեմնեստրան համոզված չէ հերոսի հաստատակամության վրա: Նա առաջարկում է, որ Իֆիգենիան դուրս գա վրանից և ինքը ծնկաչոք աղաչի հերոսին, օգնություն խնդրի:

Այդ էր միայն մնում պակաս Աքիլլեսին: Նա հրաժարվում է, երդվում Կլիտեմնեստրային կյանքի գնով պաշտպանել նրա աղջկան, իսկ ավելին թող թագուհին չսպասի /որովհետև էլ առաջարկելու բան չմնաց/: Այսպիսով Աքիլլեսը հեռանում է՝ առանց իր պսեվդո-հարսնացուին տեսնելու:

Առաջին անգամ Աքիլլեսը կտեսնի Իֆիգենիային պատմության վերջում:

Իր փոքրաթիվ քաջերի հետ Աքիլլեսը մարտնչում է աքեյացիների բազմաքանակ զորքի դեմ: Անիմաստ պայքար է, որովհետև հաղթանակի հույս չկա, բայց Աքիլլեսը երդվել է: Առաջին բախումներից հետո նա գալիս է Կլիտեմնեստրայի մոտ և խորհուրդ տալիս ամրանալ հոգով և դիրքով, որովհետև աքեյացիները գալիս են Իֆիգենիային տանելու: Ինքը սուրը վաղուց է մերկացրել, պատրաստ է կենաց-մահու պայքարի:

Ու հանկարծ… Իֆիգենիան հրաժարվում է հերոսի օգնությունից: Նա պատրաստ է իր կյանքի գնով գնել Արտեմիսից այն չարաբաստիկ քամին, որ հելլեններին պիտի Իլիոն հասցնի:

Իֆիգենիան հիմնավորում է իր ընտրությունը: Ասում է, որ ինքը վաղ թե ուշ պիտի մահանար, այնպես որ չի ուզում ուրիշի դժբախտության պատճառը դառնալ: Ասում է, որ եթե այսքան քաջ այրամարդ պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, ինքն էլ է պատրաստ: Ասում է, որ այսպես բարձր կպահի իր հայրենիքի բոլոր կանանց պատիվը, իսկ իրեն անմահ փառքով կօծի: Բայց այս ամենի հետ մեկտեղ Իֆիգենիայի մոնոլոգում այսպիսի մի տող էլ կա.

«Եվ… Նա /Աքիլլեսը /մի կնոջ պատճառով չպիտի հակառակվի աքեյացիների անհամար զորքին և զոհվի անհավասար մարտում»…

Գրազ կգամ, որ Աքիլլեսին բոլորից շատ հենց այս տողը դուր եկավ Իֆիգենիայի խոհեմ խոսքում: Նա հիացած է Իֆիգենիայով: Իհարկե, Ագամեմնոնի դուստրը շատ գեղեցիկ է, դա բոլորին է հասկանալի: Բայց այժմ նա տեսնում է Իֆիգենիայի հոգին և հասկանում է նրա հոգու գեղեցկությունը: Նա հիացած է Իֆիգենիայով: Եվ ահա ինչ է ասում Աքիլլեսը.

«Եթե իրոք աստվածները ինձ պատգամեին ամուսնանալ քեզ հետ, աշխարհը կզարդարեր մի երջանիկ հոգի… Այնուամենայնիվ… հիմա ավելի շատ եմ ուզում քեզ իմ հարսնացուն կոչել: Դու այնքան վեհանձն ես: Ես պատրաստ եմ փրկել քեզ և տանել իմ տուն»:

Որ ասում էի՝ սա սիրո ուրիշ մակարդակ է: Սեր, երբ տղամարդը հարգում է կնոջը, գնահատում նրա հոգին: Ոչ թե Պարիսի նման՝ սեր՝ «նա համով մռութիկ ունի» տարբերակով:

Եվ այսպես, Աքիլլեսը պատրաստ է փրկել Իֆիգենիային: Բայց ոչ, աղջիկը չի ուզում օգտվել հերոսի քաջությունից. նա ընտրում է մահը:

Աքիլլեսը իհարկե կարող էր հակառակվել Իֆիգենիային: Բայց նա ընդունում է աղջկա որոշումը: Եվ ընդունում է ոչ թե այն պատճառով, որ հիմա կարող է թեթևացած շունչ քաշել և ձեռքերը ծալել, այլ այն պարզ պատճառով, որ նա հարգում է Իֆիգենիայի որոշումը: Այնուամենայնիվ խոստանում է զոհաբերության ժամանակ լինել Իֆիգենիայի կողքին.

«Այնպես որ, եթե փոշմանես, հիշիր, որ ես պատրաստ եմ ազատել քեզ»:

Տեսեք, եթե առաջ Աքիլլեսը պաշտպանում էր Իֆիգենիային իր սեփական պատիվը պաշտպանելու համար /նաև հերոսին բնորոշ վեհանձնությունից դրդված/, վերջում նա պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն Իֆիգենիայի: Կարո՞ղ ենք համեմատել այս նորածին սերը Պարիսի և Ելենայի սիրային արկածի հետ, որի պատճառով սկսվեց պատերազմը:

Որ ասում եմ՝ սա ուրիշ տեսակի, ուրիշ մակարդակի սեր է:

Ափսոս, որ Իֆիգենիան զոհվեց, նա կարող էր երջանիկ լինել Աքիլլեսի հետ:

2 thoughts on “Աքիլլեսը Ավլիդում

  1. Հրաշալի վերլուծություն է Սոն ջան, ապշած եմ հաեմեմատություններից, մոտեցման տեսանկյունից…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s