Հայացք ներսից: Յոթ տպավորություն Գյումրիից

IMG_3597

Որ ասեմ՝մինչ այս չէի եղել Գյումրիում, սուտ է: Որ ասեմ՝ եղել էի, էլի սուտ է…

Այսպես կասեմ.Գյումրիում նախկինում էլ էի եղել, բայց առաջին անգամ էի տեսնում այն ներսից, ինչպես մեկը, ով իսկապես եղել է քաղաքում:

Պատահական չեմ ընտրել հենց յոթ թիվը՝ Գյումրիի մասին հուշերս կոնսպեկտելու համար: Հնուց ի վեր յոթ թիվը համարվել է կախարդական, միստիկ թիվ, իսկ Գյումրին «խորին խորհրդով օծված» քաղաք է, մանավանդ՝ գիշերը: Բացի այդ Գյումրին ունի յոթ եկեղեցի (կատակով ասում էինք, որ այստեղ եկեղեցիների խտությունը կազմում է 1,5 եկեղեցի/մ2), այնպես որ թիվը շատ հարմար է հենց ՀՀ մեծությամբ երկրորդ, հրաշքներով գուցե և առաջին քաղաքի համար:

  1. Գյումրիում ցուրտ է

«Ստեղ Սիբիրի ֆիլիալն է, տաք կհագնիք», – այսպիսի արտահայտություն եմ լսել գյումրեցու տանը:

Այդ ցուրտը իրոք հրաշք է, որովհետև երբ ցուրտ է, ստիպված ես անընդհատ քայլել: Իսկ երբ քայլում ես, ավելի շատ բան ես տեսնում: Այսպես ցուրտ եղանակը բարենպաստ պայման է հանդիսանում Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար, այն դարձնում է զբոսանքն անհրաժեշտ, իսկ կոնյակով թեյը՝ ավելի ցանկալի:

  1. Վարպետաց փողոցը

Պատկերացրեք՝ երեք թանգարան մի փողոցի վրա. Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը և Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը: Կես ժամվա ընթացքում հանգիստ կարող եք շրջել այս երեք թանգարաններով ու թարմ տպավորություններով զինված հետո համեմատել՝ որն է ամենալավը: Մեզանից ոմանք կարծում էին՝ամենալավն է ՄհերՄկրտչյանինը՝ այստեղ յուրահատուկ,անչափ ջերմ աուրա կա, անկախ այն բանից, որ թանգարանի շենքում Ֆրունզիկը չի ապրել. Նախկինում այն եղել է ,,խաշ ուտելու հաստատություն,,: Իսահակյանի տունը գրավիչ էր իր կահ-կարասիով: Մանավանդ Վարպետի աշխատասենյակը. Հիմա ինձ համար պարզ է՝ որտեղից էր Վարպետին այդքան ներշնչանք: Շիրազի հուշատանը մեզ անընդհատ ուղեկցեց էքսկուրսավարի կծու-թթու հումորը, որը անձամբ ես շատ եմ հավանում: Դե հիմա դուք ինքներդ որոշեք, որն է ամենալավը: Դե իհարկե, հիմարություն կլինի լուրջ-լուրջ էստաֆետա կազմակերպել երեք թանգարանների միջև, որոնցից յուրաքանչյուրն անփոխարինելի է:

Վարպետաց փողոցը հետաքրքիր էր նաև հին տներով: Այս փողոցում ժամանակին ապրել են Գյումրու հանրահայտ վարպետները՝ տարբեր արհեստների տեր: Այդ պատճառով էր փողոցը կոչվել է Վարպետաց:

  1. Յոթ եկեղեցիները

Ասում են՝ ճանապարհորդելիս անպայման պետք է մտնել յոթ եկեղեցի (որ ասում էի՝ յոթ թիվը միստիկ ուժ ունի՜…): Գյումրեցիները հեռատեսորեն ժամանակին կառուցել – նախագծել են հենց այդքան եկեղեցի, որ ճանապարհորդներին ավելի հարմար լինի:

Սակայն յոթ եկեղեցիներից հիմա կարելի է մտնել միայն երեքը, մնացածը վերանորոգվում են:

Մենք այցելեցինք Պլպլան ժամ ռուսական եկեղեցին, Սուրբ Նշանը և Յոթ Վերքը: Բացի այս երեք գեղեցկուհիներից Գյումրիում կա մի եկեղեցի, որ Անիի հայտնի Կաթողիկեի կրկնօրինակն է, իսկ քաղաքի հրապարակը միակ հրապարակն է, որտեղ միանգամից երկու եկեղեցի կա:

  1. Սալահատակը

Գյումրիում քանդում են ասֆալտը, և ասֆալտի տակից երևում է հնաոճ սալահատակը՝ булыжник: Առհասարակ գյումրեցիները եռանդով պահպանում են իրենց քաղաքի կոլորիտը՝ շենքերի հնաոճ տեսքը՝ գերադասելով այն մոդեռն ճարտարապետությից: Եվ դա, իմ կարծիքով, ճիշտ է: Երբ քաղաքիդ շենքերը կառուցված են ամենուշը տասնիններորդ դարում, մի ուրիշ տեսակ հպարտություն ես զգում: Բացի այդ շնորհիվ քաղաքացիների այդօրինակ բծախնդրության՝ պահպանվել է գյումրիական ուրույն ճարտարապետությունը: Ի դեպ, այս հպարտ հնության կողքին շատ լավ են նայվում որոշ ժամանակակից շինություններ: Օրինակ՝ քաղաքապետարանի շենքը Գյումրու կենտրոնական հրապարակում: Ընկերներցս շատերը նույնիսկ համաձայնեցին, որ այն շատ ավելի գեղեցիկ է, քան Երևանի քաղաքապետարանը: Շենքը կառուցված է իտալական ոճով: Ինչպես ասում են. ,,Էրեխեք, եկեք այստեղ նկարվենք, հետո ասենք, որ գնացել էինք Իտալիա,,: Ի դեպ, քաղաքապետարանի ներսում աստիճանների փոխարեն ամբողջությամբ թեքահարթակներ են:

  1. Գյումրվա բարբառը

Գյումրեցի ընկերներս մինչև այս ճանապարհորդությունը փորձում էին ինձ սովորեցնել ,,գյումրերեն,, խոսել: Ասում էի.

-Ավելի լավ է դուք ,,կարգին,, հայերեն սովորեք:

Ինչին պատասխանում էին.

-Ինչների՞ս է պետք, միևնույն է բոլոր մեր ընկերները գյումրվա բարբառն են սովորում:

Ես՝ թե.

-Բա մայրաքաղաքի լեզուն չսովորե՞ք:

Նրանք.

-Բա հայրաքաղաքի լեզուն չսովորե՞ս:

Կամաց-կամաց սովորում եմ: Շատ հետաքրքիր է հայրաքաղաքի լեզուն: Այստեղ ընկույզին ասում են կագալ, իսկ աքասիային՝ ջուջուպուլուզ, գազարաին՝ փուրչուլուխ, կաղամբին՝ լախանա…  Գուցե մի քիչ սխալ եմ հիշում, բայց հազիվ եմ հիշում: Ես համոզվեցի, որ Գյումրվա բարբառն իրոք անկրկնելի հմայք ունի և ամողջությամբ հասկանալ կարելի է, երբ իրար հետ են խոսում: Լրիվ այլ համ ու հոտ ունի…

  1. «Լուռ» քաղաք

Առանց նեղանալու, Գյումրիում, իրոք, կյանք չկա: Միակ մարդկանց բազմությունը, որ տեսել եմ, այն էլ կարգին ամբոխ չէր, այլ «ամբոխիկ» կիրակի օրը Յոթվերք եկեղեցում էր՝ պատարագի ժամին: Մնացած ժամանակ, նույնիսկ ցերեկը, քաղաքի փողոցները համարյա դատարկ են: Կենտրոնական փողոցն էր մի քիչ բազմամարդ, բայց մարդիկ այնքան մտազբաղ էին ու շտապ-շտապ այսուայն կողմ էին գնում: Շատ քչերն էին պարզապես զբոսնում: Զբոսնողների խումբ համարյա թե չտեսանք: Չնայած դա էլ իր հմայքն ունի: Նախ կեսօրից հետո գլուխդ չի սկսում ցավել աղմուկից: Եվ երկրորդ՝ զգում ես, որ դու ես այս կիսադատարկ քաղաքի տերն ու տիրակալը: Մանավանդ, գիշերները, երբ փողոցներում բացարձակապես մարդ չկա, միայն պատուհանների վարագույրների հետևում քաղաքի բնակիչները ամաչելով նայում են քո հաղթական քայլարշավին: Եվ ուզում ես համարձակ ձեռքով անել նրանց, իբրև մի նորօրյա պատանի թագավոր, ով վերջապես ազատվել է ատելի խնամակալությունից և դարձել այս հնաոճ քաղաքի լիիրավ տիրակալը: Ափսոս միայն, որ ,,գյումրեցի գամփռները,, շատ ջղային են, ու երազանքները վերջանում են առաջին իսկ ,,շնատեր,, տան մոտ:

  1. Հյուրընկալությունը

Մենք՝ հայերս, հյուրընկալ ազգ ենք: Իսկ գյումրեցիները հյուրընկալ հայեր են: Մաթեմատիկական պարզ հաշվարկից հետո կարելի է ասել, որ գյումրեցիները հյուրընկալ2 են: Եվ դա կարևոր է, մանավանդ այն միակ ժողովրդի համար, որ հյուրընկալության աստված է ունեցել: Ի դեպ, քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը կոչվում է հենց «Վանատուր»: Չգիտեմ, որքանով է այս հանգամանքը արժանի հիշատակման, բայց ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել այդ փաստի վրա՝ որպես գյումրեցիների հյուրըկալության անքակտելի ապացույց:

Չէ՜, ինչ էլ լինի, Գյումրվա տպավորություններս ես համարում եմ կիսատ-պռատ: Դեռ այնքան բան չեմ տեսել, չեմ լսել, չեմ զգացել: Մի կողմից ասում եմ՝ ափսոս, մյուս կողմից ուրախանում, որ առիթ ունեմ նորից Գյումրի գնալու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s