Արամ Պաչյանը և ես

Մեդիադարում մենք դատապարտված ենք իրար ճանաչել՝ առանց ճանաչելու իրար:

-Սոնա, – մեկնում եմ ձեռքս ու միանգամից կրճատում մեր միջև եղած երկու-երեք քայլ դիստանցիան:

-Հաճելի է, Արամ:

-Արդեն գիտեմ, ճանաչոմ եմ:

Իրոք արդեն ճանաչում եմ: Կարդացել եմ պատմվածքները, հարցազրույցները, լսել եմ հաղորդումները, նայել եմ նկարները: Այսինքն՝ և՛ մարդու դեմքն եմ տեսել, և՛ ձայնն եմ լսել, մտքերին էլ ծանոթ եմ: Բայց մի՞թե դա բավական է: Ահա, խնդրեմ, Արամ Պաչյանն ընդամենը սանրվածքն է փոխել, իսկ ես նրան արդեն չեմ ճանաչում: Դե ի՞նչ մեղավոր եմ, որ մի տարվա հնության նկարներ եմ տեսել միայն, իսկ մարդուն՝ ոչ:

Քաղաքավարությունից ելնելով՝ ժպտում եմ, ինչ-որ հիմար (կամ ոչ այնքան) բաներ եմ ասում, մինչև հանդիպում ենք տիկին Մարիին: Հետո սկսվում են անվերջ ծանոթությունները՝ դեմքեր, սենյակներ, քիչ է մնում ամեն գրադարակն առանձին-առանձին ներկայացնենք:

-Շատ հոգնեցի՞ք, – հարցնում եմ ցածրաձայն, երբ տիարը վերջապես խղճում է մեզ և երկուրոպեանոց ընդմիջում հայտարարում:

-Նորմալ է, – ժպտում է Պաչյանը:

Մեկ ու կես ժամ անվերջ հարցեր ու անվերջ պատասխաններ: Դրանցից ոմանք շատ դժվար հարցեր են, գուցե այն պատճառով, որ չափից դուրս անձնական են, այնքան անձնական, որ ինքդ էլ չես հասցրել մտածել այդ մասին: Չնայած, գրողին տրված ցանկացած հարց էլ, ուզես թե չուզես, անձնական է դառնում:

Իսկ նա պատասխանում է ու պատասխանում, առանց ընդմիջում խնդրելու, այնպես, որ ի՛մ գլուխն է սկսում ցավալ (հիմա եմ հասկանում «ցավդ տանեմ» արտահայտության իմաստը): Ակամա մտածում եմ, որ նույնիսկ եթե եկեղեցում գրողի խոստովանությանը ականջ դնեի, այդքան անկեղծ չէր լինի: Ու ես ակամա ճնշվում եմ այդ անկեղծությունից: Մտքում փորձում եմ ինքս գտնել ինձ չտրվող հարցերի պատասխանները, ու ամեն հարցի պատասխանելիս մի խուսափողական պատասխան եմ գտնում. ես լավ տակից դուրս կգայի:

Իսկ կողքիս նստած գրողը չի ուզում. երևում է, դրա կարիքը չունի:

Բայց այդուհանդերձ Արամը ձեռքերը պահում է մեջքի հետևում: Ոչ ոք չի տեսնում նրա մատների այն ակտիվ ժեստիկուլացիան, որն այնքան լավ եմ տեսնում ես:

Հետո աստիճանաբար ձեռքերը հայտնվում են հանդիսատեսին. մարդն ընտելացել է մեզ: Իսկ վերջում, երբ «փոքր շրջանով» ենք հավաքվել սեղանի շուրջ, ձեռքերը հայտնվում են սեղանին, վազում են, խոսում:

Երբ մարդը խոսում է, ուշադրություն եմ դարձնում հատկապես ձեռքերին և շուրթերին: Ձեռքերը սեղանին են, շուրթերը հենց ամենասկզբից ազատ էին՝ չէին սեղմվում իրար:

Խոսքը ազատ է, իսկ երբ խոսքը ազատ է, ինքդ էլ ես քաջալերվում խոսելու: Պաչյանը նախագծեր է առաջարկում, ես միանգամից ֆիքսում եմ, որ հետո հիշեցնեմ: Ամբողջ զրույցի ընթացքում դուրս չեմ գալիս համակարգողի (հենց համակարգողի) դերից՝ ապահովելով կիրթ զրույց և ինքս ինձ զրկելով ավելի շատ հարցեր տալու հնարավորությունից: Բայց դա ոչինչ: Իր ամբողջ պահվածքով հյուրն արդեն ցույց է տալիս, որ մյուս անգամ ինքն է նախագահելու մեր հանդիպումը: Այսինքն՝ մտահոգվելու առիթ չկա:

Սիրում եմ շփումը պոզիտիվ մարդկանց հետ: Հենց միայն շփման համար եմ սիրում: Թող ասեն, որ մելամաղձոտ են, թող իսկապես մելամաղձոտ լինեն, բայց պոզիտիվ մարդիկ մնում են պոզիտիվ: Ու հենց նրանց լիցքերով էլ սնվում են նրանք, ովքեր իրենց լուսավոր և օպտիմիստ են համարում:

-Ճանապարհե՞մ:

-Չէ, այստեղից արդեն ինքներս կգտնենք ճանապարհը: Մերսի, – ժպտում է Պաչյանը. այս անգամ ինքն է կրճատում մեր միջև եղած դիստանցիան (որն առաջացել է թերևս միայն իմ հոգնածության պատճառով):

Վերադառնում են ընթերցասրահ՝ սպունգի պես քամված: Կարծես թե ինձ էին հարցաքննում այսքան ժամանակ:

Ո՞վ կասեր, որ Անկեղծությունը հարցաքննելը ավելի ուժասպառ կանի քեզ, քան նրան, ով այդքան խիզախ էր պատասխանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s