Խոսրովի ներկապնակը*

*Ներկապնակ – աշնան մասին շաբլոն դպրոցական շարադրությունների ավանգարդային բառերից մեկը:
Իսկ դուք գիտեի՞ք, որ գարունն էլ ունի ներկապնակ:

Պարզվեց, որ Խոսրով գնալու համար ընտրել էինք blooming-ի ժամանակը, մարդավարի լեզվով ասած՝ այն ժամանակը, երբ ամեն ինչ ծաղկում է (դե իսկ blooming ու նման թիթիզ բառերը Ամերիյան համալսարանի բնակիչների առավելությունն են): Իրոք, քաղաքում, քաղաքից դուրս ամեն ինչ ծաղկում էր:
Իսկ Խոսրովը՝ ոչ, Խոսրովը կարծես դեռ քնած էր: Խոսրովում ծառերը մերկ էին: Բայց այդ մերկ ծառերը, բարակ, երկինքը ծակող ճյուղերով, կարծես արծաթագույն փայլ արձակեին, և դրանից երկինքը նրանց շուրջ մի քիչ մանուշակագույն էր թվում (կամ էլ քիչ քնելուց աչքերս սկսել էին ինձ դավաճանել): Բախտներս բերեց, ձյուն էր եկել, և ամեն ինչ խոնավ էր, իսկ սարերի կատարները սպիտակ: Ձնասառույցը կամ սառցաձյունը խճճվել էր եղևնիների ասեղների մեջ ու կամաց-կամաց պոկվում-թափվում էր գլխներիս, այնպիսի տպավորություն էր, որ կամ եղևնիները լաց են լինում, կամ էլ մեզ են ծաղրում: Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը, որովհետև այդ օրը լաց լինելու տրամադրություն չէր կարող լինել: Ձյուն էր: Բա ծաղկե՞լը, բա blooming-ը: Խոսրովը չէր ծաղկում: Անտառը չէր ծաղկում: Հողն էր ծաղկում: Հողը կարմիր էր ու կնճռոտ: Հենց կնճռոտ: Երբ թռչունները, որոնց համար էլ եկել էինք այստեղ blooming-ի շրջանին, երբ քաղաքում էլ կարելի է մի լավ հանգստանալ, ուրեմն երբ թռչունները թաքնվում էին մեզանից, ես ուղղում էի  հեռադիտակս սարերին ու հատիկ-հատիկ տեսնում նրանց կարմիր-կանաչ-մոխրագույն կնճիռները: Կարմիր կնճռոտ սարերը բնության գլուխգործոցն են: Կարմիրը երիտասարդների գույնն է, դրա համար էլ մենք չենք սիրում, երբ տատիկները կարմիր շրթներկ են քսում: Բայց կնճիռները, կնճիռները տաիկների վաստակած մենաշնորհն են: Այդ առումով կարմիր կնճռոտ սարերը և երիտասարդ են, և ծեր: Ու դա հրաշալի էր, մանավանդ երբ օդը խոնավ էր, և բնության հետ վիճելու տրամադրություն չկա:
Բախտներս բերեց, խոնավ էր:
Բախտներս չբերեց, անձրև էր եկել, և ճանապարհը մեր ոտքերի տակ վերածվել էր մի զզվելի և դժվարանցանելի ցեխամասսայի:
-Ցեխ է էլի, – նման դեպքերում սովորական արտահայտությունը այս անգամ չէր մխիթարում. նախ, կոշիկներն էին ափսոս, և հետո ցեխը կառչում էր մեր ոտքերից և չէր թողնում, որ հանգիստ առաջ շարժվենք:
«Ցեխ է, էլի» արտահայտությունը այս դեպքում շատ սխալ էր, որովհետև սա էլի ցեխ չէր: Խոսրովի այս ցեխն էլ գիտեր, որ հիմա գարուն է, blooming-ի շրջանն է: Եվ ցեխը մանուշակագույն էր, վարդագույն և աղյուսի գույնի: Դե ասեք, ինչո՞վ արվեստի գործ չի: Իսկ նույն գույնի ջրափոսերը փրփրում էին, այպես որ եթե ուշադիր նայեիր, կտեսնեիր փոքրիկ, սպիտակ պղպջակները: Այդ ջրափոսերը ավելի շատ միքսերից նոր դուրս եկած ելակով ու կաթով կոկտեյլի էին նման:
…Մեկ էլ ջրի ձայնը: Ջուրը տարբեր է լինում: Եթե ծով է, նրա ձայնը դղրդացնում է մոտակա սարերը և մարմինդ փշաքաղվում է: Եթե օվկիանոս է, զգում ես, որ շատ փոքր ես այս աշխարհում: Եթե գետ է, նյարդերդ հանգստանում են: Ու հասկանում ես, որ այդ քո բարձր տեխնոլոգիաներով դու իրականում միայն քեզ ես վնասում՝ տեսողությունդ ես փչացնում, որովհետև քո քաղաքներում կանաչ չկա, ուղեղդ ես ծանրաբեռնում, նյարդերդ ես սպանում:
Եթե վերհիշենք մարդու հարաբերությունները բնության հետ պատմության ընթացքում, կարելի է ասել, որ հիմա բնությանը կարոտ մնալու դարաշրջանն է: Դու ուզում ես վերադառնալ դեպի բնություն, բայց գիտես, որ դա հնարավոր չէ, որովհետև նույնիսկ եթե այստեղ՝ Խոսրովում, տուն կառուցես քեզ համար և լինես մարդկանցիցի մի քանի կիլոմետր հեռու, միևնույն է չես դիմանա առանց էլեկտրականության, կոյուղու, գազի և իհարկե ասֆալտապատ ճանապարհի. ափսոս են կոշիկները: Այդքանը լինի, ինտերնետն էլ ոչինչ, կդիմանաս, բայց եթե այդքանը լինի, բնություն արդեն չի լինի, կլինի տուրիզմ, փող լվանալ, հարյուրաստղանի հյուրանոցներ կառուցել՝ իմանալով, որ դրանք մեկ է դատարկ են մնալու:
Մարզպետունու բերդն էլ գուցե դառնա մի «օբյեկտ» ինչ-որ ռաբիզ անվանումով, ասենք՝ «Ձյաձ Մարզպետունու մոտ»: Եվ դա Մարզպետունու բերդը, որ բոլորից հեռու է, բոլորից բարձր, մեն-միայնակ, հանգիստ, որի դարավոր անդորրն ու ձանձրույթը ընդհատում էին միայն  թշնամիների հարձակումները:
Ինչևէ, Խոսրովը դեռ մերկ է, հողն արդեն վաղուց ծաղկեցնում է իր կնճիռները, թռչունները նոր բներ են հյուսում, ջրափոսերը փրփրում են փոքրիկ սպիտակ պղպջակներով, սառցաձյունը թափվում է եղևնիների ասեղներից ու զրնգում, խոնավ է, բախտներս բերել է, blooming-ի շրջան է, Խոսրովն է…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s