Ախչի, քուրիկ, օրիորդ

Շնորհակալություն ընկեր Լուսինեին հրաշալի հոդվածի համար:

Այժմ, երբ դուք ունեք հոդվածի հղումը, կարելի է անցնել իմ պատմությանը:

Հիմա հատ-հատ կնշեմ այն դիմելաձևերը, որ ամենաշատն եմ լսել կամ կիրառել շփման մեջ ու ամեն մեկի շուրջ կխոսենք առանձին:

Ազիզ – ծագում է արաբերեն aziz բառից, որը նշանակում է՝ «շատ սիրելի, թանկագին»: 12-րդ դարից սկսել է գործածվել հայերենում՝ որպես անձնանուն, ընդ որում և՛ տղամարդու, և՛ կնոջ անձնանուն: Այստեղից էլ՝ Ազիզյան ազգանունը: (Հենց նոր գտա համացանցում, չկարծեք, թե էսքան խելացի եմ:) Ինչ վերբերում է ինձ, ասեմ, որ պարզապես զզվում եմ այս դիմելաձևից: Ինձ համար «ազիիիզ» (սովորոբար անկրթ ձևով երկարացվող) այս «կոչականը» եղել և մնում է գռեհկության առաջին ախտանիշ: Անկեղծ, եթե ուզում եք ինձ ջղայանացնել, ասեք՝ ազիզ, հետո կտեսնեք, ինչ է լինելու:

Ախչի – այս դիմելաձևի մասին նշված հոդվածում կա, այնպես որ էլ չեմ կրկնվելու: Այս մեկն էլ չեմ սիրում, որովհետև ինչ-որ ծաղրանք կա այս բառի մեջ: Ընկերներս կատակով ինձ ասում են՝ «Ախչի կ ջան», դե, գիտեն, որ չեմ սիրում այս դիմելաձևը:

Արա – մի զարմացեք, մեր օրերում երբեմն աղջիկներին էլ են այսպես դիմում: Այս դիմելաձևի մասին էլ է խոսվում հոդվածում, կարդացեք: Իսկ ես իմ կողմից կասեմ՝ Արա անունը շատ եմ սիրում, արա դիմելաձևը տանել չեմ կարողանում: Ինքս այն օգտագորխում եմ, միայն եթե զայրացած եմ լինում, ինչպես և իմ շրջապատի շատ մարդիկ. «արա, լսիր, ինչ եմ ասում» – թարգմանաբար նշանակում է՝ «մի ջղայնացրու, թե չէ վերջդ վատ է լինելու»:

Քուրիկ – «Նախ՝ ոչ թե «քուրիկ», այլ՝ «քույրիկ», և հետո ես քո քույրը չեմ», – ահա թե ինչ եմ ուզում ասել, երբ ինձ այդպես են դիմում: Բայց դե, ավելի լավ է քուրիկ, քան ազիզ կամ ախչի:

Դէվուշկա – բնիկ ռուսերեն այս բառը անպայման արտասանվում է հայավարի բաց է-ով, ինչպես այլ ռուսերեն բառերւմ՝ պէռաշկի, վադիտէլ, կլյուչէվոյ և այլն: Զզվում եմ: Ինքս, երբ ստիպված եմ լինում հայերեն նախադասությանը ռուսերեն բառեր խառնել (բառապաշարս չի հերիքում, կամ ինչ-որ բան եմ ցիտում), ռուսերեն բառերը արտասանում եմ հստակ ռուսերեն ակցենտով: Եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ, որ ռուսերեն девушка-ն նշանակում է պարզապես երիտասարդ կին (девочка), կույս, դեռ չամուսնացած կին (деви՛ца): Ժամանակակից ռուսերենում այդպես են դիմում նաև հարուստների տանն աշխատող երիտասարդ աղջիկներին (սա էլ եմ համացանցից պեղել):

Օրիորդ – այս մեկը իրոք շատ եմ սիրում: Ինչ-որ նուրբ ու անչափ կիրթ բան կա այս դիմելաձևի մեջ: Ավաղ, հիմա այն այնքան էլ մոդայիկ չէ:

Միսս, մադմուազել, սենյորիտա, սենյորա – դե, երբ ընկնում ենք օտարամոլությունների հետևից, այս շարքը ավելի երկար է դառնում: Ինքս օգտագործում եմ այս դիմելաձևերը կա՛մ երբ խոսում եմ համապատասխան լեզվով (անգլերեն, իսպաներեն), կա՛մ երբ ընկերների հետ կատակում եմ: Բայց առօրյայում այնքան էլ չէի ուզենա, որ ինձ այդպես դիմեն:

Ջան – ամեշատը այս մեկը կլսեք: Ես էլ եմ այն շատ սիրում: Մի տեսակ դիստանցիա կրճատող դիմելաձև է (ինչ է դա նշանակում, հիմա չեմ բացատրի, առիթ կլինի, առանձին կգրեմ): Բացի այդ Ջանը հայկական Հովհաննես անվան անգլերեն տարբերակներից մեկն է, իմ կարծիքով շատ գեղեցիկ անուն է: «Ջան»-ից առաջացել են «ջանս», «ջանիկս» դիմելաձևերը, որոնք նույնպես վատը չեն: Ճապոնասերների շրջանում ջանը երբեմն փոխորինվում է սան, չան, կուն, սամա, սենպայ արտահայտություններով, որոնք նույնպես հետաքրքիր են:

Տյոտյա, ձյաձյա – սրանք շատ հաճախ եմ օգտագործում ու լսում, հատկապես ռուսախոսների շրջանում: Իմ կողմից սրանք կրրառվում են միմիայն ռուսերեն ակցենտով:

Ընկեր – այս մեկի մասին էլ շատ մանրամասն խոսվել է հոդվածում: Մարդիկ կան, ովքեր չեն սիրում այդ դիմելաձևը, կարծելով, որ այն գալիս է «Սովետի վախտերից», երբ բոլորը համատարած «ընկերներ» էին: Բայց ինքներդ տեսաք, որ դա այդպես չի: Ես այս դիմելաձևը շատ եմ սիրում, բայց տանել չեմ կարողանում դրա հետևյալ մուտացիաները՝ «ընգեր», «հընգեր», «հընգեր ջան»:

Տիար – այս մեկը միայն դպրոցում եմ լսել: Քանի որ այն համեմատաբար նոր է ինձ համար, մի փոքր հեգնանք եմ զգում այս բառի մեջ: Բայց էլի հետաքրքիր է, մանավանդ նրանց համար, ովքեր հայերենը լավացնելու կարիք ունեն (հայեցի արտահայտությունները զարգացնում են հայերեն լեզամտածողությունը):

Պատվելի – սա միայն գրքերում եմ հանդիպել, մեկ էլ մեկ-երկու անգամ դպրոցում եմ լսել: Շատ եմ սիրում, չնայած իմ շրջապատում դեռ չի հայտնվել այնպիսի մի մարդ, ում «պատվելի» դիմեի, ու երևի էլ չեմ օգտագործելու ընդհանրապես: Այս բառն իր մեջ ունի տասնիններորդ-քսաներորդ դարի հեռացած ինտիլիգենցիայի շունչը, թող նրա հետ էլ մնա, մեր իրականության մեջ այն այնքան էլ տեղին չէ:

Այսքանը կարողացա հիշել: Բայց եթե դուք փորփրեք ձեր հիողության մեջ, շատ արտահայտություններ կգտնեք, որոնք փրկում են մեզ, հատկապես երբ մոռանում ենք զրուցակցի անունը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s