Գրական ստեղծագործության նոր ժանր՝ հեքիաթի տնազ

«Կիկոսի մահը»: Իբր ըստ՝ Հովհաննես Թումանյանի

9232613-cartoon-of-little-boy-in-a-tree-he-is-reading-a-book

Բարի օր: Անունս Կիկոս ա: Համենայն դեպս, մայրս էդպես ա ասում: Ես չգիտեմ, իրականում իմ անունն ինչ ա, որովհետև դեռ չեմ ծնվել: Դեռ չեմ ծնվել, բայց արդեն հասցրել եմ մեռնել: Դե, մայրս ա էդպես ասում:

Մայրս շատ տարօրինակ կնիկ ա: Առաջին անգամ եմ տեսնում, որ մայրը, փոխանակ որդուն հարգի, պատվի, գովա, աշխարհով մեկ խայտառակ անի: Բա ամոթ չի՞, որ ես գյուղում ծնված-մեծացած տղա, ծառից ցած ընկնեմ: Բա մի հատ ծառ բարձրանալն ի՞նչ ա, որ ես չկարենամ: Ես որ էդ լսեցի, քիչ էր մնում իսկականից ծառիցն ընկնեի: Բայց դե ճարպիկ տղա եմ, չընկա: Մենակ մի խակ խնձորի ոտքս կպավ, խնձորը պոկվեց-ընկավ:

-Ահա՜, – լսվեց ներքևից ինչ-որ մեկի ձենը:

Էդ ձենը որ լսեցի, շատ վախեցա. ախր մայրս, մորաքույրներս, տատս ու պապս արդեն գյուղ էին գնացել՝ իմ քելեխի սեղանը դնեն: Էլ ո՞վ պիտի էս անտեր մնացած ծառի տակը կանգներ: Ասի, չլինի՞ լրտեսում են ինձ, կարող ա՞ մայրս ուզում ա իմանա՝ իրոք մեռել ե՞մ, թե՞ կարելի ա դեռ քելեխի սեղան չքցել (դե աղքատ ընտանիք ենք, թաղում-քառսունք մի քիչ թանկ հաճույք ա մեզ համար): Դե, ասի, եթե մայրս ա, վախենալու բան չունեմ: Ասի, կռանամ, գոռամ իրան, որ չեմ մեռել, թող քելեխիս մատաղը պահի, ծնունդիս մոռթի: Էն էլ տեսնեմ, մայրս չի: Ինչ-որ տղամարդ ա, խնձորը ձեռքն առել ա, ուշադիր նայում ա, կարծես թե խնձոր կյանքում կերած չկա: Ասի, գիժ ա երևի: Վախեցա, ուզեցի հետ քաշվել, թաքնվել ծառի տերևների արանքումը, բայց ոտքս սող տվեց, ընկա ցած, ուղիղ էն տղամարդու վրա (այ մեր, էդքան որ չկռռայիր ագռավի պես, չէր լինի, չէ՞):

Վեր կացա, ասի՝ ներողություն, պարուն:

Էս տղամարդն էլ տեղիցը չի շարժվում, ոնց ընկել էր, նստած մնացել, ինձ ա նայում: Ասի, երևի ՝ն պոլոզ գլխարկս գլխիցս թռել ա, դրա համար էլ աչքերը չռել, ինձ ա նայում, ուզում ա ասի՝ տղա ջան, գլխարկդ վերցրու, էն ա որ խոսել չգիտի:

Բայց չէ: Էս մարդը բերանը բացեց ու ասեց.

-Դու ընկար:

-Ընկա, – ասի:

-Բա ինչի՞ ընկար, – հարցրեց էդ խելառը:

-Դե, – ասի, – մայրս էր էդպես ասել: Ես էլ լսող տղա եմ, ծնողներիս հարգում եմ, ասին՝ ընկի, ես էլ ընկա:

-Բա հայրդ ի՞նչ ասեց, չասե՞ց՝ մի ընկի:

-Չէ, ես հայոր չունեմ:

-Էդ ո՞նց էդպես: Այ տղա, չլինի՞ քեզ քյալամի միջիցն են հանել:

-Չէ, – ասի, – մորս ամուսինն ա հայրս, էն ա որ մայրս հլա դեռ մարդի չի գնացել, ես էլ դեռ չեմ ծնվել:

-Դե, – ասեց խելառը, – պատահում ա: Բայց դու սուտ ես ասում:

-Ի՞նչն եմ սուտ ասում, պարուն, – նեղացա: – Դու չասիր, թե պատահում ա:

-Ի՞նչն ա պատահում, – հարցրեց խելառը:

Ջղայնացա, ասի՝ ձեռ ա առնում:

-Ասիր, որ պատահում ա, որ մայրս հլա դեռ մարդի չի գնացել, ես էլ չեմ ծնվել:

-Հա՜, է՞դ, – ձգեց խելառը: – Էդ պատահում ա: Բայց դու սուտ ես ասում, որ մորդ կամքով ես ընկել:

-Ի՞նչ ունեմ սուտ ասելու, – ջղայնացա: – Ուզե՞ս, գնանք հենց հիմի մորս հարցնենք: Տնեցիք հիմա եզ են մոռթել, քելեխի սեղան են քցել: Գնանք, համ մի կտոր հաց կուտենք, համ էլ մորս կհարցնես՝ սո՞ւտ եմ ասում, թե՞ չէ:

-Մի հակաճառի, – փնթփնթաց խելառը: – Ես գիտնական եմ, ես քեզնից լավ գիտեմ: Դու չընկար, որովհետև Երկիրը քեզ ձգում ա:

-Ով ա ինձ ձգո՞ւմ, – ասի:

-Երկիրը, – ասեց:

Ասի.

-Բա ինչո՞վ ա ձգում, պարանո՞վ:

-Չէ, – ծիծաղեց խելառը, – պարանով չէ, ձգողականության ուժով: Ձգում ա քեզ ուղիղ համեմատական քո զանգվածին ու հակառակ համեմատական էս ծառի բարձրությանը, որից դու հենց նոր ընկար:

-Պարուն ջան, – ասի, – ախր ես հլա չեմ էլ ծնվել: Ես քու էս գիտնական-գիտնական խոսքերը ո՞նց հասկանամ:

-Լա՜վ, – ծիծաղեց գիտնականը, – պատկերացրու, որ Երկիրը իր հմայքով ա քեզ ձգում:

-Է՜, – ասի, – բա չի կարելի՞ իրան խնդրել, որ մի քիչ թույլ ձգի իրա էդ հմայքով:

Էս խելառը սկսեց հռհռալ, հետո ինձ էնպես նայեց, ոնց որ խելառը ես էի, ոչ թե ինքը:

-Գնա, փորձի, – ասեց: – Կարող ա մի բան ստացվի մոտդ:

-Չէ՜, – ասի, – ես հլա դեռ չեմ ծնվել: Գնամ մորս ասեմ, թող Երկրին ասի, որ իրա հմայքովը քիչ ձգի, որ երբ ծառիցն ընկնեմ ցած, գլուխս շատ չցավա: Թե չէ ի՞նչ պարտադիր ա, որ դեռ չծնված արդեն մահանամ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s