Սովորեք «չաթերեն»

540434_339475326140273_1061563538_n

Ասում են, համաշխարհային  հելլենիստական մշակույթ չի եղել երբեք այս աշխարհում: Հելլենիստական մշակույթը տվյալ տարածաշրջանի ազգային մշակույթի և հունահռոմեական հզոր ու այն ժամանակ թելադրող մշակույթի հիբրիդն է*:

Այդպես էլ համացանցային մշակույթը, մասնավորապես՝ «չաթերենը»՝ տարատեսակ ֆորումների, չաթերի, ստատուս-քոմենթային համակարգերի պաշտոնական լեզուն և սիրված բարբառը: Գոյություն չունի համընդհանուր չաթի լեզու: Որպես կանոն՝ «չաթերենը» տվյալ անձի մայրենի լեզվի և համացանցային որոշ խորամանկությունների հիբրիդն է: Դե ինչ, սկսենք ուսումնասիրել այդ ժամանակակից համարյա թե մշակույթը:

  • Գիտնականները պնդում են, որ կարդալիս մարդու ուղեղը չի ընկալում ամեն տառը առանձին-առանձին, այլ ընկալում է բառն ամբողջությամբ: Փորձերը ցույց են տալիս, որ եթե բառի միայն առաջին և վերջին տառերն են ճիշտ տեղում, իսկ մնացած տառերը խառն են գրված, դուք միևնույն է կկարողանաք կարդալ բառը (սեփական փորձից եմ ասում՝ դա իրոք այդպես է): Չաթերենի մասնագետները լավ գիտեն այդ կանոնը, այնպես որ հանգիստ տառերը տեղերով փոխում են, նույնիսկ կուլ են տալիս դրանք (ամենատարածվածը վերջին տառը չգրելն է), երբեմն բաց են թողնում ամբողջ բառեր:
  • Չաթերենի մասնագետները լավ գիտեն, որ եթե նախադասությունը թերի է գրված կամ բառում կարևոր տառասխալ կա, որը կարող է իմաստային փոփոխություն մտցնել նախադասության մեջ, կամ էլ պետք որոշ ճշգրտումներ մտցնել արդեն ուղարկված նամակում կամ թողարկված քոմենթում  (այդպիսի դեպքեր հաճախ են լինում, որովհետև ոչ ոք չի գժել՝ նստի, քոմենթը ստուգի թողարկելուց առաջ), կարելի է ևս մեկ քոմենթ ավելացնել *…. ստրուկտուրայով: Այս վերևի աստղանիշը նշանակում է, որ քոմենթի հեղինակը որոշ բաներ է ուզում ավելացնել իր նախորդ քոմենթին:
  • Ուղղագրական և կետադրական սխալ հասկացությունը չաթերենում գոյություն չունի: Այսինքն՝ ունի, բայց գործնականում չունի: Կետ-ստորակետ-գծիկ, բոլորը մեկ են և դրվում են՝ կախված հեղինակի տրամադրությունից: Նույնպես հատուկ անունների փոքրատառ կամ մեծատառ գրությունը «եղանակ չի փոխում», անգամ եթե դուք գրում եք սեփական անունը:
  • Շատ հաճախ բառերով չես կարող արտահայտել զգացմունքներդ: Այդ դեպքում օգնության են հասնում սմայլիկները՝🙂.😀,😛, ;)  և այլն: Կան նաև սրանց կարճ ձևերը՝
  1. ժպիտ –  )))))))
  2. ժպիտի հակառակը –  (((((
  3. ծիծաղ –  DDDDD
  4. Հայերեն տառերով գրելիս գործածական է նաև –  ՃՃՃՃՃ –  սմայլիկը, որը համարժեք է ամենավերևի ժպիտին:

Սմայլիկենրը շատ օգտակար արարծներ են: Առաջին հերթին նրանք օգնում են կարճ ու կոնկրետ պատասխան տալ: Երկրորդ հերթին լավ են արտահայտում այն, ինչ չաթերենի գիտակները միշտ չէ, որ կարող են արտահայտել բառերով: Եվ հետո անտեղի դրված սմայլիկը հաճախ անիմաստ ու տհաճ խոսակցության վերջակետն է դառնում (դե, էլ ի՞նչ գրես, երբ զրուցակիցդ միայն փակագծեր է նկարում, փոխանակ մասնակցի զրույցին): Այս ուրախ-տխուր երևույթներից ես ամենաշատը հավանում եմ այս սմայլը՝ 3:) :

  • Չաթերենի ոճաբանությունն ու բառապաշարը շատ ճկուն են: Հայերենը, ռուսերենը, անգլերենը և ուրիշ շատ լեզուներ (կախված է օտար լեզուների ձեր արսենալից) հանգիստ կարող են գոյատևել մի նախադասության մեջ և բարի-դրացիական հարաբերություններ հաստատել: Այսպես՝ դաժե, տոժե, լիբո, կակ ռազ բառերը հայերենում անթույլատրելի են, իսկ չաթերենում կլյուչեվոյ բառերից են (շատ հարմար է ռուսախոսների համար. իրոք, համացանցը համամարդկային արժեք է):
  • Չաթերենում թվերը նույնպես օգտագործվում են տառերի փոխարեն՝
  1. 4 = չ
  2. 6= շ
  3. 8= ութ (8յուն = ություն)
  4. և այլն:
  • Չաթերենը պահպանում է տվյալ լեզվի բոլոր բարբառների առանձնահատկությունները:
  • Հայերենի չաթերենի երևանյան բարբառում լեզվի սյուներից մեկն է ա օժանդակ բայը, որը վաղուց արդեն դուրս է մղվել դասական հայերենից:
  • Չաթերենը չի տառապում դասական հայերենի՝ բոլոր օտարածին բառերն անպատճառ թարգմանելու մոլուցքով: Like = լայք և ոչ թե՝ հավանել:

Բայց չաթերենի իմաստը այս պրիմիտիվ կանոնները չեն: Չաթերենը հրաշալի է նրանով, որ այստեղ անջատվում են մարդու լեզվամտածողության բոլոր արգելակները, որոնք ուղղորդում են (կամ չեն ուղղորդում) մեզ առօրյա կյանքում: Կիսահայերեն խոսող ճապոնացիներին ես հասկանում եմ նույնքան լավ, որքան ամերիկացին հասկանում է իմ «էլեկտրապոզասայլի» (տռամվայի) տակ ընկած անգլերենը, իսկ իմ հարևանի քիդը՝ այդ նույն ամերիկացու թերիից էլ թերի ռուսերենը:

Կարող եմ վստահությամբ ասել, որ չաթերենը՝ որպես հաղորդակցության միջոց, գլոբալիզացիայի լավագույն զենքերից մեկն է: Լավ է դա, թե վատ, դուք որոշեք, բայց ուզենք թե չուզենք, այս լեզուն արդեն ձևավորվել է և զարգանում է շատ ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ լեզու:

*Գեորգ Գոյանի «Հայոց թատրոնի երկուհազարամյակը» գրքից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s