100 օր Գրադարանում

IMG_4073[1]

…Վաղուց էի ուզում աշխատել: Բայց պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ պետք է գտնեի մի աշխատանք, որը կբավարարեր հետևյալ երեք պահանջներին.
ա. գործատուն պետք է համաձայներ «գործի վերցնել» անչափահասի, այլ կերպ ասած՝ պարզապես պետք է վստահեր ինձ;
բ. ես պիտի սիրեի իմ աշխատանքը;
գ. մայրիկն ու տատիկը պիտի համաձայն լինեին (ամենակարևոր և անիրագործելի նախապայմանը, որովհետև նույնիսկ եթե գտնվեր մեկը, ով ճակատը շատ կնճռոտելուց հետո համաձայներ ինձ շանս տալ, իսկ ես մի կերպ համոզեի ինձ, որ կարող էր ավելի վատ լինել, ապա ավագ սերնդի ներկայացուցիչները ներում-բեկում չունեն իրենց չափանիշներում և համառորեն մերժում էին ինքնուրույն դառնալու իմ բոլոր փորձերը):
Այդ պարագայում դպրոցի գրադարանը ավելի քան իդեալական վայր էր ինձ համար: Սովորղներին աշխատանքի են ընդունում մեծ հաճույքով, «նախնիներս»  այլևս ասելու  ոչինչ չունեին, ես էլ արդեն վաղուց էի խնդրում մի-երկու գրադարանի (որտեղ շատ ակտիվ էի) տնօրեններից ինձ կես-դրույքով աշխատանքի ընդունել:
Պարզվեց, ես բավականին հաջողակ եմ: Աշխատանքի ընդունվեցի առանց քաշքշուքների ու հենց առաջին օրվանից գոհ-գոհ անցնում էի դարակների միջով՝ զննելով իմ ապագա կայսրությունը (այն ժամանակ խուսափում էի ինքս ինձ «գրադարանավար» անվանելուց, ինչը հիմա մեծ հաճույքով եմ անում):
Առաջին օրը պարզապես ծանոթանում էի. բաժին, շիֆր, դարակ: Տիկին Նոննան արագ-արագ ծանոթացնում էր ինձ գրապահոցի աշխարհագրությանը: Ես շատ շուտ էի ընկալում ու մնում էր միայն հիշել, և ինձ դուր էր գալիս, որ ամեն ինչ ընթանում է հենց այն տեմպով, որին վաղուց արդեն սովոր եմ: Բայց երբ հայտնվեցի ընթերցասրահում, հանկարծ ինձ խեղճ ու անօգնական զգացի: Կուչ էի եկել աթոռին ու փորձում էի ցույց տալ, որ ահավոր զբաղված եմ՝ աչքի պոչով հետևելով, ինչպես է Լիլիթը արագ-արագ այս ու այն կողմ գնում: Ինձ հանգստացնում էր այն միտքը, որ ես դեռ սովորում եմ, ու որ կգա ժամանակ, ու ես էլ ինձ այստեղ կզգամ, ինչպես ձուկը ջրում (հուսով եմ):
Հաջորդ օրը տիկին Մարին դիմավորեց ինձ հետևյալ խոսքերով.
-Նոննան քեզ երեկ շատ էր գովում:
Դե, ես առանձնապես փառասեր չեմ, բայց հաճելի է, երբ քեզ գովում են, այն էլ՝ աշխատանքի վայրում (սա առանձնակի հպարտությամբ եմ ասում):
-Ես էլ ասեցի, արի Սոնային հանձնարարենք այս դարակի գրքերը այբբենական կարգով դասակարգի, – ավելացրեց տիկին Մարին՝ ցույց տալով «Հայոց լեզու» բաժնի դարակը: – Ի՞նչ կասես:
-Տվեք, խնդիր չկա, – սա իմ ստանդարտ դիրքն է:
-Հա՞, – ծիծաղեց տիկին Մարին, – սիրում եմ լավատեսներին: Դե, գործի անցիր:
Ու այստեղ ես հասկացա, որ շատ շտապեցի, երբ ասեց՝ խնդիր չկա: Բա որ մի բան սխա՞լ անեմ: Բայց արդեն ուշ էր, այնպես որ բարձրացա աթոռին և սկսեցի զննել գրքերը:
Ես մի լավ հատկություն ունեմ, հենց սկսում եմ աշխատել, այլևս հուզվել-մուզվել չկա: Մնում է միայն սառը բանականությունը կամ դրա նման մի բան, ինչը օգնում է ինձ աշխատել:
Այդ օրվանից հետո ես էլ չեմ վախենում, հանգիստ աշխատում եմ, սխալվում ու սովորում սխալներիս վրա, հետո նորից աշխատում ու նորից հանգիստ:
Սովորելու մասին: Երբ ճանապարհիս հայտնվում է մեկը, ումից կարող եմ մի լավ բան սովորել, տզրուկի պես կպչում եմ նրանից ու պոկ չեմ գալիս: Չեմ ասում, որ մեր գրադարանի ավագանին՝ տիկին Մարին, ընկեր Նոննան, ընկեր Մարգարիտը և Զառան ինձ ոչինչ չտվեցին, բայց նրանք հաստատ կներեն ինձ (մեծերը միշտ մի քիչ ավելի ներողամիտ են, քան մենք), որովհետև հիմա ուզում եմ խոսել Լիլիթի մասին:
Նրանից իրոք շատ բան սովորեցի: Խոսքը քերականության մասին չի, պարզապես կյանքումս առաջին անգամ էի տեսնում այդքան ազնիվ մարդու: Լիլիթի համար աշխատավայրում հանգստանալ չկա, նա աշխատում է հրթիռային արագությամբ և այնպես անում, որ իր բոլոր գործերը վերջացնի, եթե պետք է, նույնիսկ գրադարանի փակվելուց հետո է մնում: Ցուրտ է, շոգ է, կարևոր չէ, նա միևնույն է իր գործն է անում այնպես, կարծես մոլորակի բնակլիմայական պայմանները իրեն չեն վերբերում: Ու այդ ամենը աննկարագրելի համեստությամբ (ես լինեի այդքան լավը, ինձ արդեն գերաստղ կերևակայեի): Ես գիտեմ, որ Լիլիթը չի սիրում, երբ իրեն գովում են, բայց եթե չասեի, պարզապես կպայթեի դատարկ փուչիկի նման, իսկ ես չեմ կարծում, որ իմ տարիքում նախընտրելի է այդօրինակ ճակատագիրը:

Լավ, նորից դառնանք ինձ: Կամաց-կամաց ծանոթանում եմ գրադարանային հմտություններին, ու անցնելով ինվենտար-շիֆր-սքան-անոնսագրում-կայքի սպասարկում- նյութի խմբագրում՝ հիմա էլ արդեն փորձում եմ  նոր պատասխանատվություն կրել՝ մեդիափաթեթների ստեղծման պատասխանատուներից մեկն եմ:

Հա՜, ինչից սկսվեց շատախոսության այս բռնկումը: Լրացել է իմ աշխատանքային 100 օրը Գրադարանում: Մարդիկ սիրում են տարելիցներ, կարևոր թվեր, годовщина-ներ, որովհետև դրանք հիշեցնում են իրենց կյանքի կարևորագույն ամսաթվերի կարևորությունը:
Իմ 100-օրյակն էլ պակաս կարևոր չէ: Շնորհավորե՜ք ինձ:

«Տիգրան Հայրապետյան» գրադարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s