«Մարդը ափի մեջ» և միկրոսկոպի տակ

1322395367_56_FT0_08._mardy_api_mej

 «Մարդը ափի մեջ» Պարույր Սևակի ամենահայտնի ժողովածուներից է և մեր նոր տնային առաջադրանքը:

Այս ժողովածուի շատ բանաստեղծություններ առաջ էլ եմ կարդացել, ոմանք անգիր էի սովորել ժամանակին, որոշ տողեր շարքի բանաստեղծություններից հաճույքով օգտագործում էի սցենարներում, մի խոսքով միշտ էլ «բարի-դրացիական հարաբերություններ եմ ունեցել» Պարույր Սևակի և հենց ա՛յս շարքի հետ: Բայց որ հատուկ նստեմ շարքը ալֆայից օմեգա կարդամ՝ հենց վերլուծելու համար, այդպիսի բան չի եղել, ու պետք է խոստովանեմ, հիմա էլ շարքն ամբողջությամբ չկարդացի, մինչև այս «վերլուծությունը» գրելը, պարզապես համբերությունս չհերիքեց՝ կարդայի-վերջացնեի, հետո նոր որոշեի՝ որ բանաստեղծությունն եմ գոնե մի քիչ հասկացել:«Առաջին հայացքից սիրահարվեցի» հենց այս բանաստեղծությանը: Այնպես որ շարքը հետո մինչև վերջ կկարդամ, իսկ հիմա գրում եմ, քանի դեռ համբերություն ունեմ գոնե տառերն իրար կողք շարելու: Եվ այսպես

«ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ» ԵՎ ՄԻԿՐՈՍԿՈՊԻ ՏԱԿ

ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՍՈՆԱ

12-րդ դասարան

(ինքս էլ չգիտեմ՝ 12-րդ դասարանում սովորելու փաստը պարտավորեցնում է ավելի լա՞վ գրել, թե՞ ներում է շնորհում բոլոր սխալների և բացթողումների համար)

  • Ես կառչում եմ վերնագրերից: Եթե վերնագիրը ինձ չի հետաքրքրում, ես պարզապես չեմ կարդում այն, ինչ թաքնված է վերնագրի տակ: «Մարդը ափի մեջ» պարզապես վերնագիր չէ: Չգիտեմ ինչպես դուք, բայց ինձ համար այս վերնագիրը մի յուրահատուկ նախաբան է, զգուշացում այն բանի, որ հիմա ինձ թույլ կտան անհամեստորեն զննել մարդուն, և այնքան անհամեստորեն, կարծես նա իմ ափի մեջ է նստած՝ այնքան մոտիկ, որ նրա աչքերում ես կարող եմ տեսնել և հոգին: Դա իհարկե մեծ նվեր է, բայց ինձ դա քիչ է: Եթե թույլ եք տալիս զննել ափի միջի մարդուն, ուրեմն պետք է թույլ տաք մանրադիտակի տակ էլ նայեմ նրան: Տվյալ դեպքում մանրադիտակը իմ զգացողությունն է, որով ես, իմ կամքից անկախ, ընկալում եմ բանաստեղծությունը կամ բանաստեղծական շարքը, այնպես որ ստացվում է, որ ափի միջի մարդը հիմա էլ հայտնվում է իմ սեփական միկրոսկոպի տակ: Ստացվում է «Մարդը ափի մեջ» և միկրոսկոպի տակ: Ասում էի, չէ՞, որ կառչում եմ վերնագրերից:
  • ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ: Ամբողջ շարքից ընտրել եմ հենց այս բանաստեղծությունը ու պատահաբար չեմ ընտրել: Նախ, ես էլ եմ հաճախ ինքս ինձ հերքում: Ինձ թվում է, որ միայն այսպես կարող եմ հասնել մի այնպիսի ճշմարտության, որ վերջապես չի հերքվի: Այդ պարագայում բանաստեղծության վերնագիրն արդեն չափազանց հետաքրքիր էր ինձ համար (վերադարանք նրան, ինչից սկսում էինք): Եվ երկրորդ, այն, ինչ թաքնվում էր վերնգարի տակ, զարմանալիորեն հոգեհարազատ էր ինձ (ուզում եմ շեշտել, որ կոնկրետ այս բանաստեղծությանը առաջ ծանոթ չէի):
  • Ամեն ինչ սկսվում էր Էքզյուպերու ամենահայտնի այս խոսքից. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»: Հետո, երբ փորձում էի զարգացել այդ, եթե կարելի է այդպես ասել, պատասխանատվության տեսությունը, գալիս էի տրամաբանական (կամ ոչ այնքան) հետևյալ շղթային. ես պատասխանատու եմ ընկերներիս համար – ես պատասխանատու եմ, այն բոլոր մարդկանց համար, ում ճանաչում եմ – ես պատասխանատու եմ այն բոլոր մարդկանց համար, ում գործերը՝ լավ ու վատ, ուղղակիորեն ազդում են իմ հետագա ճակատագրի և գործերի վրա – ես պատասխանատու եմ այն բոլոր մարդկանց համար, ում լավ ու վատ գործերի պատահական ականատեսն եմ եղել – ես, որպես հասարակության ատոմ, պատասխանատու եմ ամբողջ հասարակության համար – ես պատասխանատու եմ ամբողջ աշխարհի համար: Այս տեսությունը հորինել էի, երբ դեռ ծանոթ չէի «Ինքս ինձ հերքում եմ» բանաստեղծությանը: Իսկ հետո, երբ ծանոթացա, հասկացա, որ այդ տեսությունը ես չեմ հորինել (ճիշտ են ասում, էլի, որ գրքերը ստեղծված են նրա համար, որ մեզ հիշեցնեն, որ մեր օրիգինալ մտքերը այնքան էլ օրիգինալ չեն):
  • Այսքանից հետո վերլուծելն արդեն անիմաստ է դառնում, բայց ես, համենայն դեպս կփորձեմ: Ուրեմն, ինչպես արդեն ասեցի, միտքը սկսվում է Էքզյուպերուց: Հետո Սևակը գալիս հանգում է իր սեփական մտքին, համեմատեք՝ «Մարդ կա ելել է շալակն աշխարհի» և «Ես հո չեմ նստել աշխարհի վզին»: Ու վերջում էլ՝ «Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր» (ակամա հիշում եմ Իսահակյանին): Այսինքն, սա հենց նույն «պատասխանատվության տեսությունն է», որովհետև եթե մտածում ես այսպես՝ «Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել», ուրեմն «նստում ես շալակն աշխարհի»: Այդքան բան: Ամեն ինչ հստակ է և հանճարեղորեն պարզ: Այնքան պարզ, որ վերլուծելու կարիք էլ չկար:

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ

Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս.
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել:
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել.
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս,
Ամենքի պես էլ աշխարհով գնա…

Իսկապե՛ս.
կարգին հագուստ կա հագիս,
Թե վաստակածըս գրպանըս մնար՝
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր,
Ինձ կարող էին և հարուստ կոչել:
Ես դուր եմ գալիս սրան ու նրան,
Ինձ շատերն անգամ սիրում են կարգին:
Շուտով կստանամ և բնակարան,
Եվըս երկու մանչ՝ կազատվեմ հարկից,
Եվըս երկու գիրք՝ անուն եմ հարգի,-
Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել,
Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,-

Այս հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս,
Ինքըս ինձ վիճում, առնում ու տալիս,
Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս:
Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ,
Աշխարհի վատը, լավը մոռանամ.
Ես հո չեմ նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի մասին:
Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել,
Որ ճմըռթելով գրպանս խրեմ…
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին,
Եթե նա իմն է, ի՛մն է, իմպեսի՜ն,
Թե նրա վատը նաև իմ վատն է,
Նրա հավատը և իմ հավատն է:
Նա իմն է եղել և իմն է մնում.
Նա էր մոր նման ինձ երեկ սնում,
Նա է ինձ տվել քնքշանք ու գորով,
Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով,
Նա է ինձ ազնիվ – անազնիվ դարձնում…
Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում,
Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ,
Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ:
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s