Հայկական ժայռապատկերներ

Մի վախեցեք, վախենալու ոչինչ չկա: Սա շատ հեշտ վարժություն է: Ես ձեզ ցույց եմ տալիս նկար, իսկ դուք ասում եք, ինչ եք տեսնում նկարում: Դե, ո՞վ է առաջինը:

Новый точечный рисунок

Մանկական խզբզոց

Այն, ինչ նա կոչում էր նկար, ավելի շատ մանկական խզբզոցի էր նման: Բայց ինչ-որ տրամաբանություն կարելի էր գտնել՝ մեծ ցանկության դեպքում: Համենայն դեպս, առաջին նկարը իրենից արտառոց ոչինչ չէր ներկայացնում: Տեսնելով, որ իսկապես վախենալու բան չկա՝ երկրորդը գնացի գրատախտակի մոտ: Չգիտեմ ինչու, բայց անպայման ուզում էի լավ տպավորություն գործել իմ մեկօրվա դասախոսի վրա: Սլայդը փոխվում է, և գրատախտակին հայտնվում է մի ախմախ նկար, որ երևի մանկապարտեզից էին բերել հատուկ ինձ նմանների համար: Լավ տպավորություն ստեղծելու իմ բոլոր շանսերը հօդս ցնդեցին, և ինձ մնում էր միայն երևակայությանս «զոռ տալ»:

-Եվ այսեպես, – սկսում եմ իմ պատմությունը: – Ես վիրուս եմ, և իմ անունն է Էվոլյուցիա: Ես հայտնվել եմ լինելիության խորխորատներից և հիմա իմ գործը պիտի անեմ: Ես կստեղծեմ խաչաձև բույսեր, որոնք կաճեն-կմեծանան և գնալով ավելի գեղեցիկ ու փարթամ կդառնան այնքան ժամանակ, մինչև չոչնչացնեն իրենք իրենց: Հետո ես կստեղծեմ մեծ եղջերավոր կենդանիներ, որոնք կուտեն խաչաձև բույսերը, կսնվեն, կմեծանան, մինչև չոչնչացնեն իրենք իրենց: Իսկ հետո ես կստեղծեմ երկոտանի արարծներին՝ մարդկանց, ովքեր կուտեն խաչաձև բույսերը և կսպանեն եղջերավոր կենդանիներին ու կդառնան ավելի ուժեղ, այնքան ժամանակ, մինչև չոչնչացնեն իրենք իրենց:  

 

Էվոլյուցիայի արդյունքում Երկիր մոլորակը բաժանված է մոտ 260 պետությունների միջև, ուր խոսում են ամենաքիչը 4000 լեզվով: Այդ լեզուներից յուրաքանչյուրն ունի իր այբուբենը: Իսկ եթե փորձենք պատրեկացնել, քանի՞ տառանշան գոյություն ունի Երկրի վրա, հասկանալի է դառնում՝ ուր է բերել մեզ այն Էվոլյուցիան, որից սկսվում էր պարբերությունը:

Էվոլյուցիայի քայլերը երբեմն շատ փոքր են թվում մեզ: Երբեմն էլ այն հանկարծ այնպիսի մեծ ցատկ է անում, որ հետո դարեր շարունակ կարող է այլևս տեղից չշարժել: Այդպես մարդկության պատմության մեջ կային մի շարք հայտնագործություններ, որոնցից էլ կախված էր ողջ մարդկության հետագա զարգացումը: Մեզ համար (21-րդ մեդիադարի զավակների, իհարկե) այդպիսի գյուտն է ինտրնետը, համակարգիչը կամ էլեկտրականությունը: Բայց նախնադարի ներկայացուցիչը ավելի կարևոր, թեկուզև առաջին հայացքից ավելի պրիմիտիվ, հայտնագործություններ է արել, այն է՝ անիվը, արորը, առաջին ընտանի կենդանին, վերջիվերջո՝ գիրը:

-Փայլուն պատասխան էր: – Ինձ այնուամենայնիվ հաջողվեց լավ տպավորություն թողնել: – Երբեք չէի մտածի, որ այս նկարից կարելի է այսպիսի պատմություն ստեղծել: Ապրե՛ս: Իսկ հիմա արի փորձենք հասկանալ, իրականում ինչ է պատկերված նկարում: Նախ և առաջ ասեմ, որ սա սովորական նկար չէ, այլ ժայռապատկեր: (Փաստորեն նախնադարյան նկարիչները մանկապարտեզի «Զատիկ» տարիքային խմբից շատ առաջ չէին գնացել: Համենայն դեպս կերպարվեստի առումով:) Չի կարելի միանշանակ ասել, ինչ է պատկերված ժայռապատկերներում, բայց կոնկերտ այս նկարի մասին մի շատ հետաքրքիր վարկած կա, որն ինձ թվում է խելքին մոտ բան: Սա նախնդարյան գովազդ է:

Новый точечный рисунок - копия

Նախնադարյան գովազդ

Ուրեմն տեսեք, ինչ-որ մարդ ինչ-որ կենդանի է բռնել որոշակի քանակությամբ: Տեսեք, մեկին պատկերել է, իսկ մնացածին պարզապես նշել, որ այդքան չնկարի: Հետո ասում է՝ կփոխեմ ինչ-որ բանի հետ: Իհարկե, վիրուսի մասին այստեղ խոսք չկա, բայց քո պատմությունն էլ էր շատ հետաքրքիր:

Մեսրոպ Հարությունյան: Լրագրության սեմինար Բրյուսովի անվան համալսարանում:

(Ո՞վ կարող էր մտածել, որ նախնադարում էլ կային յուրատեսակ գովազդային գործակալներ: Իսկ ես կարծում էի, որ գրատախտակին սովորական խզբզոց է:)

«Չաթերենի» մագիստրոսներին և ֆորումների մշտական բնակիչներին կարող է անհեթեթություն թվալ այն փաստը, որ գիրը շատ ավելի կարևոր գյուտ է մարդկության պատմության մեջ, քան բոլորիս կողմից շատ սիրված այն նույն համակարգիչը:

«Գիրը մարդկային քաղաքակրթության կարևորագույն հայտնագործություններից է: Հաղորդակցման ոչ գրային միջոցները (ձայն, շարժում, դիմախաղ և այլն) ակնթարթային են, անցողիկ ու ենթադրում են հաղորդակցվողների մերձություն: Գիրը վերացրեց տարածաժամանակային արգելքները և մարդուն հնարավորություն տվեց իր խոսքն ապրեցնել շատ ավելի երկար, քան սեփական կյանքի տևողությունն է և դուրս հանել շատ ավելի հեռուներ, քան իր կենսատարածքի չափերն են», – գրում է Համլետ Մարտիրոսյանը, որի աշխատությունից էլ սկսվեց իմ հետաքրքրությունը ժայռապատկերների նկապտմամբ:  Անուհետև պարոն Մարտիրոսյանը նշում է, որ աշխարհի հնագույն գրային համակարգերն են համարվում Ք.ա. 3300-3200թթ-ին ստեղծված շումերական և եգիպտական պատկերագրերը:

«Իսկ որտեղի՞ց են ծագում շումերական և եգիպտական քաղաքակրթությունները», – որպես պատասխան այս հարցին՝ հարգելի հեղինակը հիշում է դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին առաջացած այն վարկածը, որ շումերական և եգիպտական քաղաքակրթությունները ստեղծողները Հայկական լեռնաշխարհի բնիկներն էին: (Շատերի համար խիստ կասկածելի վարկած է, որը շատ դժվար կլինի ապացուցել:)

Այս վարկածը ապացուցելու համար պարոն Մարտիրոսյանը զուգահեռներ է տանում պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերների և եգիպտական հիերոգլիֆների միջև: Հետաքրքիր է, բայց դա արդեն ուրիշ օպերայից է, այնպես որ չեմ ծավալվում:

«Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին  ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ և սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապատկերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն»: Հ. Մարտիրոսյան

Փաստորեն ժայռապատկերները յուրօրինակ հիերոգլիֆներ են, նախնադարյան այբուբեն: Բայց արվեստաբանության գրքերի հեղինակները, օրինակ, համոզված են, որ ժայռապատկերները նախնադարյան արվեստի՛ հրաշալի նմուշներ են, որ հազարավոր տարիներ առաջ քարաբեկորները ոչ թե որպես պապիրուս, այլ իբրև մագաղաթ են ծառայել այն ժամանակվա մարդուն և որ յուրաքանչյուր ժայռապատկերի հեղինակ նկարիչ է, ոչ թե գրագիր:

Ժայռապատկերները ստացել են “пещерная живопись”  – քարանձավային գեղանկարչություն անվանումը: Մասնագետներն այն նույնիսկ դասակարգում են մի քանի պերիոդների՝ ինչպես հայտնի նկարիչներին ուսումնասիրելիս: Օրինակ՝ նախանական շրջանում հնադարյան նկարիչները գծում էին մարմնի ընդհանուր կոնտուրը և մեջը ներկում կարմիր կամ սև ներկով: Հետագայում նրանք սկսեցին ավելի շատ ուշադրություն հատկացնել դետալներին. թեք գծերով պատկերում էին կենդանիների մազածածկույթը, յուրացրեցին նաև դեղին և կարմրր ներկերի զանազան երանգները: Այն ժամանակվա «գեղանկարչությունը» լիովին փոխանցում էր մարմնի ծավալը, տարածության հեռանկարը, պատկերների գույնն ու համամասնությունները (Յակով Ներեսով):

This slideshow requires JavaScript.

Լասկո (Ֆրանսիա) և Ալտամիրա (Իսպանիա) քարանձավների ժայռապատկերները

Անշուշտ այս տեսակետը բոլորիս վաղուց ծանոթ է, դե, համենայն դեպս նրանց, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվել են գեղանկարչությամբ: Այդ առումով ժայռապատկերները (ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի, հատկապես՝ ամբողջ աշխարհի) արդեն վաղուց դասակարգված են, ուսումնասիրված և նկարագրված: Բայց, այնուամենայնիվ, եկեք փորձենք հետևլ պարոն Մարտիրոսյանի վարկածին մինչև վերջ:

  •     Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերները որպես գրային համակարգ

Դուք գիտեի՞ք, որ ժայռապատկերային գրային համակարգին հայ ժողովուրդը տվել է «իծագիր» անվանումը:

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե «իծագիր» անվանումը տրվել է միայն այն պատճառով, որ ժայռապատկերների մեջ մեծ թիվ են կազմում այծերի պատկերները: Իրականում «խծագիր» անվանումը գալիս է անհիշելի ժամանակներից, երբ փորագրվում էին ժայռապատկերները, երբ նոր էր ձևավորվում գիրը: «Իծագիր» անվան պատճառներից հիմնականն այն է, որ «այծ» և նախնական «գիր» հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ: Այդ համահունչ անվանումների զույգերը առկա են հայերենում, շումերենում և եգիպտերենում: Այսեպես՝

Շումերեն՝

Mašdara  – 1. վայրի այծ

2. արձանագրություն

Emegir – շումերեն լեզու

uduemegir – այծի տեսակ

sar – գրել

եգիպտերեն՝

sr, zr – գրել

Իսկ հայերենում՝

Շար = կարգ, շարվածք, խումբ   & Ձար = նոխազ, խոյ

Սարել = կազմել, հյուսել, կապել

Ծիր = գիծ, շրջագիծ, կարգ, ակոս, որից՝ ծրել – գրել

Խազ = 1. գիր (նաև երաժշտական նշանագրերի հավաքական անվանումն է՝ խազեր)

2.այծ, արու այծ, նոխազ (հոգնակի՝ խզան)

Այծ=գիր նույնացումը առավել ցայտուն ու հակիրճ է արտահայտված հայկական հանելուկներում: Օրինակ.

Սպիտակ պռակ (պուրակ, անտառ), սև-սև էծեր: (Ղարաբաղ)

Սև էծը սպիտակ դարի վրեն արածում ա: (Վաղարշապատ, Վան, Դովրի)

Սև ածերն, ճերմակ փլերն (բլրակ) մաղվածին: (Խոտրջուր)

Այս և այսօրինակ հանելուկներում այծը ներկայացնում է «գիր» գաղափարը: Կարևոր է այն փաստը, որ նմանատիպ հանելուկների աշխարհագրությունը ծածկում է պատմական Հայաստանի ողջ տարածքը:

Ժայռապատկերների հպանցիկ ուսումնասիրությունն իսկ ցույց է տալիս, որ նրանք, ի տարբերություն տեսարանային գրի, իսկապես ստեղծվել են պատկերները կարգավորված շարելու սկզբունքով և որոշակի նպատակային ինֆորմացիա հաղորդելու նպատակով: Կոմպոզիցիաներում պատկերները դասավորելու ամենատարածված ձևը մի գծի վրա շարելն է: Ընդ որում, պատկերների գծային շարքի դեպքում պատկերները գրավել են և հորիզոնական, և ուղղահայաց շարքերի տեսքով: Նաև հանդիպում են պատկերների շրջանաձև (ծիր), գալարաձև, աղեղնաձև դասավորման դեպքեր: Հնարավոր է, պատկերների դասավորման ձևի ընտրությունը կախված էր ներկայացվելիք թեմայի վերաբերյալ գոյություն ունեցած աշխարհաընկալումային պատկերացումներից:

Վերջապես, ժայռապատկերները վաղնջական գիր լինելու տեսակետի օգտին է վկայում նաև այն փաստը, որ բացի մարդու, կենդանիների պատկերներից, մեծ թիվ են կազմում վերացական նշանները: Ուխտասարի և Ջերմաձորի 802 ժայռապատկերային կոմպոզիցիաների մեջ վերացական նշանների թիվը մոտ 200 է: Այս պարագայում կարևոր է այն փաստը, որ յուրաքանչյուր նշան ունի գործածման որոշակի հաճախություն, ինչը յուրահատուկ է ձևավորված գրային համակարգին»:

Այս բոլոր փաստարկները համոզիչ են թվում, համենայն դեպս ինձ:  Սակայն եթե պատմական Հայաստանի ժայռապատկերները իրականում հիերոգլիֆներ են, ապա պետք է հնարավոր լինի դրանք վերծանել: Եվ պարոն Մարտիրոսյանը՝ որպես «հայկական Շոմպոլյոն», փորձում է «կարդալ» հայկական նախաայբուբենը:

  •  Հայկական ժայռապատկերների լեզուն

«Եթե ժայռապատկերները պատկերա-գաղափարագիր արձանագրություններ են, ապա, ինչպես գրչության ցանկացած ձևի համար, այստեղ ևս արձանագրողը պիտի արձանագրեր իր լեզվի բառապաշարով»:

Առաջին հայացքից շատ տրամաբանական և հասարակ պնդում է, հապա ինչո՞ւ է ուսումնասիրողը այն այդպես կարևորում:

Պատրկերացրեք, որ դուք եք փորձում փոխանցել ձեր միտքը՝ ժայռերի վրա նկարելով: Եթե խոսքը գնում է որսի տեսարանի կամ բնական որևէ երևույթի մասին, դժվար չէ այն պատկերել քարայրի պատին, մանավանդ եթե դուք նախնադարյան նկարիչների պես օժտված եք տաղանդով և հնարամտությամբ: Բայց ի՞նչ անել, եթե խոսքը գնում է որևէ վերացական հասկացության մասին: «Պատկերագրության մեջ գրի հնչյունային կազմակերպման հիմքում դրվում էր հնչյունական ռեբուսի սկզբունքը: Վերացական հասկացություն արտահայտող բառը հնչեցնելու համար պատկերում էին այդ բառին համահունչ անվանում ունեցող առարկայի պատկեր (համանունության սկզբունք), – գրում է պարոն Մարտիրոսյանը: – Եթե երկու բառ համանուն են տվյալ լեզվում, ապա այդ համանունությունը միայն այդ լեզվի առանձնահատկությունն է և չի կրկնվում մի այլ լեզվում»:

Իսկ այժմ եկեք փորձենք ստուգել համանունության այս սկզբունքը:

Խնդրի լուծման սկզբնական կետը կվերցնենք պարոն Մարտիրոսյանի այն երնթադրությունը, որ նախնադարյան մարդը պետք է որ ամենաշատը պատկերեր իր աստվածներին կամ աստվածություններին, հնչեցներ ու փառաբաներ նրանց անունները, պատմեր նրանց էության և գործունեության մասին:

Մենք ունենք նաև մի քանի հուշում.

  • «Սկսած հնագույն դիցա-աշխարհաընկալումային պատկերացումներից, աստվածներն ունեին հասցեավորված կոդեր բուսական և կենդանական աշխարհում, իսկ դիցաբանության մեջ բացառիկ տեղ ունեին և առավել գործածական էին կենդանական կոդերը»:
  • «Աստված-կենդանի նույնացումը ևս կատարվել է Աստծո որևէ մականվան և տվյալ կենդանու համանունության սկզբունքով»:
  • Ուխտասար-Ջերմաձորում գտնված 802 ժայռապատկերներում առկա մարդու և կենդանիների 4133 պատկերների 45,22%-ը կազմում են այծի պատկերները, իսկ տարածվածութամբ առաջին 5 տեղերում գտնվող կենդանիները՝ այծ, առյուծ, հովազ, ցուլ, օձ, եղջերու, սրբազան կենդանիներ էին Առաջավոր Ասիայում:

Իսկ այժմ, օգտվելով այն աշխատությունից, որ ես անընդհատ մեջբերում եմ, եկեք փորձենք կոդավորել որոշակի բառապաշար, որ պետք է գործածեր նախնադարյան մարդը իր աստվածներին փառաբանելիս:

Ահա թե ինչ աղյուսակ է ստացվում պարոն Մարտիրոսյանի մոտ.

Կենդանու անվանումը

Համանունը

Համանուն բառի իմաստը

Դիգ (այծ)

դիք

աստված

Խաշ (այծ)

Խաչ*

Աստծո նշան, Կենաց ծառ

Հօր(այծ)

Հայր

Հայր

Առեւծ (առյուծ)

Արև*

Արև, արեգակ

Հովազ

Հով

Հովանի, հովանավոր

Ընջուղ (ցուլ)

Ընձուիլ

Ծագել, բխել, լույս ցոլալ, ծլել

Կով (ցուլ, կով)

Գով

Գովք, ներբող, փառաբանություն

Օձ

Օծ

Օծանել, օծյալ

Եղն

Եղ

Ստեղծված, գոյացած, բան, գոյություն

Շուն

Սուն

Սնուցանել, պահել

 

*Այս աղյուսակից ինձ համար անհասկանալի մնաց, ինչո՞ւ պետք է նախնադարյան մարդը խաչ պատկերելու համար նկարեր այծ, չէ՞ որ խաչ նկարելն այնքան էլ դժվար չէ, մանավանդ որ ժայռապատկերներում հանդիպում են խաչեր (†): Նույնը կարելի է ասել և արևի պատկերման մասին: Բայց դե այդ հետո:

«Այս պարագայում, օրինակ, եթե իրար կցենք օձի և այծի պատկերները, ապա այդ կցագրությունը, ըստ համանունության սկզբունքի պիտի ընթերցել «Օծյալ Աստված», – շարունակում է պարոն Մարտիրոսյանը: – Ընդ որում, այծ-օձ կցագրությունը տարածված է ժայռապատկերներում, ինչպես նաև առկա է Ք.ա. 3-2 հազարամյակների միջագետքյան կնիքների վրա»:

Շարունակում ենք փորձարկել համանունության սկզբունքը: Պարզվում է, այծը հայերենում ունի ավելի քան 30 անվան տարբերակ, որոնցից ամենատարածվածն են այծ՝ ած, էծ, ազ, դիգ, արտի անվանումները:

Այծի անվնաումը հայերենում Իմաստը Եգիպտերենում Թարգմանությունը Շումերենում Թարգմանությունը
Դիգ=դիք Աստված dg Օսիրիսին հովանավորող աստծո անունը DIGIR,DIGER=աստվածներILU,I-LU,I-UDU Աստված, բառացի՝ պաշտելի այծ
Այծ, ած, ազ Ազն, ազգ, ազնիվ Այծ պատկերող հիերոգլիֆը Ազնվական, թագավորական տիտղոս  digZAMAH digտիայրdig-այծ
Արտի-այծ Արծան, արցան, արդան, արտան=արձան Art, arti Գրություն, վավերագիր, գիրք, արձանագրությու, կաշվե փաթեթ, մագաղաթ, գերեզման

Բացի այդ այծ-գիր կապը հաստատում է հետևյալ փաստը. ժայռապատկերներում այծի մեջքի և եղջյուրների միջև գրվում էին վերացական նշաններ, այսինքն՝ այծի մեջքի և եղջյուրների միջև եղած տարածքը օգտագործվում էր ինչպես գրատախտակ:

Ժայռապատկերներից մեկում էլ նկարիչը միացրել էր այծի եղջյուրներն այնպես, որ ստացվել էր դրոշ: Այծը դրոշ էր դարձել մի այլ պատկերում ևս, որտեղ մարդը ձեռքին պահում էր ձողի վրա բարձրացած այծ, որի եղջյուրները կրկին միացված էին՝ իբրև դրոշ:

««Դրոշ» բառը հայերենում ունի աստծո պատկեր, կուռք, արձան իմաստը: Նույն իմաստն էլ այն ունի եգիպտերենում, ուր դրոշ հիերոգլիֆն օգտագործվում էր որպես դիցանունների որոշիչ», – գրում է Համլետ Մարտիրոսյանը:

582225_378674495518522_402994715_n

Armenian petroglyphs

Իր վերծանումը պարոն Մարտիրոսյանը վերջացնում է հետևյալ բացահայտմամբ.

«Ժայռապատկերնորը հայկական մշակույթին են կապվում ոչ միայն համանունների սկզբունքի հիման վրա կատարված բացահայտումների միջոցով: Ժայռապատկերներում առկա են խորհրդանշաններ, որոնք հազարամյակներ շարունակ պահպանվելով, օգտագործվել են միջնադարյան նշանագրերի համակարգում, շարունակում են օգտագործվել և մեր օրերում և յուրահատուկ են միայն հայակակն մշակույթին: Այդպիսի խորհրդանիշներից է «պատիւ» նշանը ( ՟ ), որը դրվում էր Աստծո անունների հապավված գրելաձևերի վրա: Նույն նշանը առկա է և ժայռապատկերնորում և դրվում է մարդակերպ աստվածների գլխավերևում»:

Ամփոփելիս ասեմ նաև, որ ուսումնասիրելով ժայռապատկերներում պատկերված զենքերն ու գործիքները, նավակները, կենդանիներին և շինությունների հատակագծերը, պարոն Մարտիրոսյանն եկավ այն եզրակացության, որ հայկական ժայռապատկերները ստեղծվել են մինչ Ք.ա. 12-11 հազարամյակները:

ласко2

Большая лошадь в пещере Ласко

“Когда первобытные художники пришли в пещеру Ласко, здесь все было окутано кромешной тьмой. Зачем же они рисовало именно здесь. Уж точно не для глаз, по крайней мере не для глаз туристов. Ученые предполагают, что здесь первобытные люди занимались магией. Но племя в основном питалось за счет одного животного, используя все его части. Это был северный олень. Однако северного оленя они не рисовали. Они рисовали огромных быков и зубров, благородных оленей – животных, на которых они не охотились, люди за ними наблюдали. Вот, например, моя любимая большая лошадь. В жизни лошади так не выглядят. Это, простите за смелость, импрессионистская лошадь, впечатление о лошади, причем восхищенное впечатление. Как будто художник не хотел показать как она выглядит, а что значит быть лошадью. Искусство отражает все лучшее, что в нас есть, искусство изменяется, но лучше не становится. В этом зале быков мы понимаем, что живопись сразу начиналась с совершенства.” (“Всемирная история живописи”. Серия 1: “Сквозь завесу времени” /Sister Wendy’s story of painting/).

 

Այժմ դառնանք քարանձավային կերպարվեստին:

Յակով Ներեսովը, նախնադարյան արվեստին նվիրված իր հոդվածներում, այն բաժանում է երեք շրջանի՝ պալեոլիթի, մեզոլիթի և նեոլիթի արվեստ: Ուսումնասիրելով առանձին-առանձին ամեն մի պերիոդը, նա հետաքրքիր փոփոխություններ գտավ նկարների թեմաներում՝ կախված դարաշրջանից: Այդպես օրինակ պալեոլիթյան ժամանակաշրջանի արվեստը իր գագաթնակետին հասավ Ալտամիրայի (Իսպանիա) և Լասկոյի (Ֆրանսիա) քարանձավների ժայռապատկերներով: Այդ ժամանակաշրջանում մարդիկ նկարում էին հսկայական կենդանիներ, կրկնօրինակլով նույնիսկ պուտերը նրանց մաշկի վրա: Այդ պատկերները շատ մեծ են և նկարվել են առանձին-առանձին, այսինքն՝ կողք-կողքի պատկերված երկու կովերը հաճախ իրար հետ որևէ կապ չեն ունեցել:

Մեզոլիթի դարաշրջանում պատկերվող տեսարաններում հայտնվեց մարդը: Պատկերվում էին հիմնականում որսի կամ որևէ ծիսակատարության տեսարաններ, երբեմն էլ՝ պատերազմական գործողություններ կամ նույնիսկ մահապատժի արարողություն: Մի տեսարանը կարող էր պատկերել քսանից ավել գործող անձ: Առանձին պատկերներն արդեն այնքան մեծ չէին, ինչպես առաջ, նկարիչը ազատվում էր՝ իր կարծիքով ավելորդ բոլոր դետալներից՝ ընդգծելով հիմնականում շարժումը:

Իսկ նեոլիթի դարաշրջանում հայտնվեցին վերացական պատկերներ՝ գծեր, կետեր, բացի այդ մարդը սկսեց առանձին նկարել գործիքներ և զենքեր, որոնց նախկինում այդքան մեծ ուշադրություն չէր դարձնում:

Պետք է խոստովանեմ, այն գրքում, որտեղից քաղել էի այս վերջին տեղեկությունները, մի տող անգամ չկար հայկական ժայռապատկերների մասին: Չգիտես ինչու, համաշխարհային արվեստի մասին պատմող գրքերում և հանրագիտարաններում հազվադեպ կարելի է տեսնել գոնե մի հոդված, որ նվիրված կլիներ հայկական մշակույթին՝ նախնադարյան, թե ոչ: Ինչևէ, ես անդրադառնում եմ հենց հայկական ժայռապատկերներին և այժմ հիմնվում եմ մեկ այլ աշխատությանը:

  • Աննա Խեչոյան, Բորիս Գասպարյան: Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցները ժայռարվեստում

«Աշխարհի տարբեր հատվածներին հատուկ տեղային-ժամանակագրական առանձնահատկություններով ու համամարդկային-ընդհանրական հատկանիշներով բնութագրվող հնագույն ժայռապատկերային արվեստի ֆենոմենը միշտ էլ առանձնահատուկ ուշադրության առարկա է եղել ոչ միայն արվեստի ձևավորման ելակետային փուլերի ուսումնասիրության համար, այլ նաև պատմամշակութային կոնտեքստի վերակազմության առումով:

Նկարի շրջանակի և կոմպոզիցիոն օրինաչափ կառուցվածքային մոդելների խնդիրները ժամանակակից գեղանկարչության մեջ և ժայռարվեստում միանգամայն տարբեր են: Ժայռարվեստում «շրջանակի» դերը որպես այդպիսին կատարում է քարի բնական եզրագիծը, և որպես կանոն մեծամասամբ քարի մակերեսից է կախված պատկերների տեղադրման խնդիրը: Պատկերախմբերը հիմնականում քաոսային տեղադրություն ունեն:

Այնուամենայնիվ ժայռապատկերների խմբերից գտնվեցին մի շարք պատկերնեն, որտեղ հստակ տեսանելի են կոմպոզիցիայի կառուցման բազմազան լուծումներ, որը խոսում է ոչ միայն «նկարչի» սիմետրիայի ընկալման մասին, այլ նաև նախնադարյան մարդու աշխարհաընկալման և գեղարվեստապատկերային մտածելակերպի մասին»:

Հայկական ժայռապտկերներում հանդիպում են պատկերների կամարատիպ, շրջանաձև, եռանկյուն, շեղանկյուն դասավորվածությամբ կոմպոզիցիաներ:  Գիտնականներին հանդիպել է նաև այսպիսի «մոդել». համաչափ շրջանը բաժանված է չորս հավասար սեկտրոների, իսկ կենտրոնում կանգնած են թևատարած մարդիկ:

536416_378690882183550_2027068084_n

Armenian petroglyphs

«Վերոհիշյալ տարատեսակ կոմպոզիցիոն լուծումները երկու կարևոր հատկանիշներով են օժտված:

Առաջին դեպքում այն հանդես է գալիս որպես «բնական մշակութային տարր»: Օրինակ, կամար, շրջան, եռանկյուն ձևերը բազմիցս կարող ենք հանդիպել բնութան մեջ (ծիածան, արև և այլն), այսինքն տվյալ ձևերի պատկերումը իմիտատիվ բնույթ ունի: Երկրորդ դեպքում այն «արհեստական» բնորոշում ունի, օրինակ շեղանկյունը, որը մարդկային կառուցողական մտածելակերպի արդյունք կարող է հանդիսանալ: Այսպիսի կառուցվածք ունեցող կոմպոզիցիաներ հիմնականում ուշ էտապներում են հանդես գալիս, երբ մարդն արդեն ավելի լայն աշխարհաընկալման դիապազոն ուներ:

Հետաքրքիր են քարերի բնական ռելիեֆը (խորություններ, անհարթություններ, ճաքեր) որպես պատկերի մաս կազմող դետալներ օգտագործելու փորձերը: Օրինակ մի նկարում քարի փոսորակում հավանաբար անձրևներից հետո ջուր է կուտակվել, որի երկու կողմերում պատկերելով այծերին՝ ստացվել է լճակից ջուր խմող այծերի տեսարան:  Հանդիպում է նաև մի եզակի պատկեր, որն իրենից ներկայացնում է ճկված մարդակերպ մի ֆիգուր, որը փորագրված է միաժամանակ քարի երկու մակերեսների վրա» (փաստորեն մեր հեռավոր նախնիները արդեն իսկ պատկերացում են ունեցել 3D պատկերների մասին, իսկ մենք հիմա գլուխ ենք գովում, որ «Մարիաննայից» 3D ակնոց ենք ստացել):

«Սովորաբար տեսարանի ներքևի հատվածն ընկալվում է դիտողին մոտ գտնվող հատվածը, վաերինը՝ ավելի հեռուն: Դա նաև բացատրվում է ընկալման հոգեբանական առանձնահատկություններով, օրինակ, գետինը գտնվում է ներքևում, իսկ երկինքը՝ վերևում (А.А. Формозов «Что такое наскальные изображения»):

Ռիթմիկ դասավորություն ունեցող ֆիգուրները ոչ միայն սիմետրիայի գաղափար են առաջացնում, այլ նաև դիտողի խնդիր են դնում:  Պատկերները, ունենալով տարբեր ուղղվածություններ, ինքնին թելադրում են դիտման հերթականությունը (սա էլ “раскадровка”-յի նախահայրն է, երևի):

Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցների ժայռարվեստի օրինակներում հիմնականում առանձնանում են երկու ձև՝ բնության մեջ հանդիպող բազմապիսի տարրերի և երևույթների վերարտադրման գիտակից և անգիտակից ձևավորումներ: Ոչ միայն կանոնավոր, այլ նաև արտասովոր ձևերն էլ են գրավում մարդու ուշադրությունը, որոնք կապված լինելով էմոցիոնալ ռեակցիայի հետ՝ կարող էին վերարտդարվել նաև գիտակցորեն:

Կերպարվեստի շրջանակներում նախնադարյան մարդն օժտված էր ոչ պակաս ունակություններով, որքան ժամանակակից մարդը: Այս առումով նախնադարյան «նկարիչը» դեռ չէր դարձել պասիվ սպառող, այլ հանդես էր գալիս որպես նկարիչ, որպես որսորդ, որպես անասնապահ և այլն: Ստեղծագործական ազդակը նրա համար բնական էր այնքան, որքան և որսորդական ինստինկտը կամ տոհմի շարունակության ձգտումը: Ստեղծագործելու պահանջը նրա մեջ դրված էր ի սկզբանե, ինչպես մյուս մարդկային բնական դրսևորումները»:

This slideshow requires JavaScript.

Petroglyphs Artwork by Karekin Dickran

-Ժամանակակից արվեստը չի կարելի համեմատել նախկինում ստեղծվող արվեստի հետ: Դա սխալ է: Օրինակ, ինչի՞ հետ կարելի է համեմատել հենց նույն գրաֆֆտիտին, որ հիմա Հայաստանում էլ է տարածվում:

-Ժայռապատկերների, – այսօր ես վիճելու տրամադրություն ունեմ:

-Բայց ի՞նչ նմանություն կա:

-Նախկինում նկարում էին պատերին, հիմա էլ են նկարում պատերին: «Կտավը» նույնն է, այսինքն՝ մենք սկսում ենք քարերից ու վերջացնում էլի քարի վրա նկարելով: Վերադարձանք այնտեղ, որտեղից սկսել էինք, – մի հիմարություն պիտի ասեիմ չէ՞:

-Չէ՜, գրաֆֆիտին ժայռապատկերների հետ ոչ մ ընդհանուր բան չունի, բացի այդ քո ասած քարից: Ժայռապատկերները գիտելիքները հաջորդ սերունդին փոխանցելու միջոց են, իսկ գրաֆֆիտին՝ բողոք սալոնային-ցուցահանդեսային նկարչության դեմ:

Սուսան Ամուջանյան: Լուսանկարչության դաս Մեդիակենտրոնում:

 

Ժայռապատկերներից սկսած Հայկական լեռնաշխարհի բնակիչները ստեղծում էին մի ուրույն մշակույթ, որի մի մասն են կազմում հայկական գորգերը:

Փնտրտուքների իմ վերջին կայարաններից մեկը դարձան ժայռապատկերներ-գորգեր զուգահեռների մասին պատմող  Լիլյա Ավանեսյանի աշխատությունները: Մեջբերում եմ.

  • Լիլյա Ավանեսյան: Հայաստանի ժայռապատկերների և հայկական զարդաձևերի որոշ զուգահեռներ

«Արևի, աստղերի պատկերանշանները նույն կերպ հայտնվում են գորգերի վրա: Արևին ուղեկցող խորհրդանիշների՝ թռչունների, առյուծների, երկնային տարերք կայծակը խորհրդանշող այծի պատկերները Սյունիքի ժայռապատներներից նույնությամբ անցնում են Սյունիքի և Արցախի գորգերին:

Արևանշանները (խաչաձև միջուկով շրջանակներ, խաչեր և կեռանշաններ, քառաթերթ կամ ութաթերթ շրջանագծված ծաղիկներ, կեռավոր ճառագայթներով նշաններ) հայակական գորգերի շրջագոտիներում մշտապես հանդիպող զարդաձևերից են:

Արևի պատկերները շատ արխայիկ են: Դրանք Հայաստանում հայտնի են դեռևս նախնադարյան ժայռապատկերներից: Արևը հին աշխարհում պաշտամունքի գլխավոր առարկա էր և առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում մեր նախնիների հավատալիքների և կրոնի մեջ: Գորգերի վրա, դրանց շրջագոտիներում ուղղակիորեն կրկնվում են Սյունիքի, Գեղամա լեռների, Արագածի մ.թ.ա. 4-3 հազարամյակների ժայռապատկերների աաաաաաարևարևանշաններն ու արևանշաններն ու լուսատուները:

Հայաստանի ժայռապատկերների վրա շատ են անիվ հիշեցնող արևի պատկերները: Անվաձև արևը, որի պատկերագրությունը հայտնի է մեզ ժայռափորագիր արվեստից, հնագիտական առարկաներից, կիրառական արվեստի նմուշներից, նկարագրված է նաև գրավոր աղբյուրներում. «Եւ այնու կենդանութեամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութենէն կախեալ կան, որպէս ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան» (Եզնիկ Կողբացի):

576540_378674642185174_699447995_n

Armenian petroglyphs

Արևանշանների կողքին կենդանիների կամ «կենաց» ծառերի պատկերները նույնպես արխայիկ են: Ժայռապատկերների վրա բազմաթիվ են թռչունների, այծերի, օձերի, խոյերի, ցուլերի, առյուծների պատկերները արևի սկավառակների, խաչերի, պարույրների ուղեկցությամբ: Նույն կերպ է հայակական գորգերի շրջագոտիների վրա, արևի նշանների կողքին, ինչպես նաև հորինվածքի այլ դրվագներում կան թռչունների, այծերի, օձերի, խոյի, ոճավորված եղջյուրների, երբեմն՝ առյուծների պատկերներ:

Գեղամա լեռների ժայռապատկերներում մշտադալար ծառերի, մարդու, այծի կողքին պատկերված է պտղաբերող աստվածություն, որին ուղեկցում է թռչուն (Հ.Մարտիրոսյան): Արևի նշանակ հանդիսացող թռչունը՝ երկիրը պտղաբերող երկնային էակի կողքին հանդիսանում է արև-«կենաց» ծառ-պտուղ հորինվածքային կառուցվածքի նախնադարյան տարբերակը, ինչը հետագայում նմանօրինակ պատկերներով հայտնվել է գորգագործ իրերի վրա»:

This slideshow requires JavaScript.

Ուխտասարի ժայռապատկերները

-Գրքերում հաճախ հանդիպում եմ Ուղտասար անվանը: Ախր սխալ են գրում: Ու երբ հարցնում եմ խմբագրին՝ ինչո՞ւ է գրել ՈւՂտասար, ասում է՝ ուղտ բառից է: Մեկն ասեր, թե ի՞նչ կապ ունի այդ խեղճ կենդանին սարի հետ: Խմբագիրը ասում է՝ դե սարը ուղտի է նման, երկու գագաթ ունի, երկու սապատ: Բայց դե դուք ինձ ցույց տվեք Հայաստանում մի սար, որ երկու սապատ չունենա: Սարի ճիշտ անվանումն է ՈւԽտասար՝ ուխտի սար: Այստեղ դեռ նախնադարյան ժամանականերից մարդիկ գալիս էին ուխտի: Ինչո՞ւ, հիմա կասեմ:

Ուսումնասիրելով ժայռապատկերները՝ ես առանձնացրեցի թեմատիկ 15 խումբ՝ որս, անասնապահություն, «ձագուկների խնամք», եթե կարելի է այդպես ասել, նախնիների պաշտամունք, խորհրդանշաններ, առասպելական կենդանիներ, քարտեզներ, հատակագծեր և այլն:

Ուխտասարում շատ են նախնիների պաշտամունքը պատկերող ժայռապատկերները, դրա համար էլ այստեղ գալիս էին ուխտի:

Բացի դրանից մի ժայռապատկերում նկարված է մարդ, կողքն էլ՝ մի յուրօրինակ օրացույց: Այդ մարդը, հավանաբար, մոգ է, ժամանակի պահապան կամ նման մի բան: Այս ժայռապատկերում տեսնում ենք նախնադարյան մարդու ժամանակի պաշտամունքը: Առհասարակ օրացույցերը հայկական մշակույթում շատ են տարածված: Օրինակ, մեր ուրարտական բոլոր արքաների վահաններին օրացույցեր են նկարված:   Ժայռապատկերներում էլ օրացույցերը շատ են՝ 11, 12 օրային:

Այն որ հայերը հնուց ի վեր աստղագտությամբ են զբաղվել, վաղուց գիտենք: Ժայռապատկերներում էլ կարող ենք տեսնել համաստեղություններ /գիտենք, որ այն բոլոր համաստեղությունները, որ հիմա օտար անվանումներով ենք կոչում, իրենց հայկական անուններն ունեն, օրինակ՝ Օրիոնի համաստեղությունը Հայկի համաստեղությունն է/, երկնային մարմիններ, Զոդիակի նշանները: Ի դեպ, Զոդիակի բոլոր կենդանիները հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում: Այստեղ և՛ կարիճ կա, և՛ առյուծ կար, և մնացած ամեն ինչը:

Կարեն Թոխաթյան: Դասախոսություն Ալ.Թամանյանի թանգարան-ինստիտուտի դահլիճում:

Armenian petroglyphs

Ինձ թվում է, ուսումնասիրությունս այդպես էլ կիսատ մնաց, որովհետև ինչքան շատ եմ գրում, այնքան շատ բացթողումներ և կիսատ-պռատ բաներ եմ նկատում:

Մեղմ ասած, միամտություն կլիներ լրջորեն հարցնել՝ իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ժայռապատկերներն իրականում: Գի՞ր են, գեղանկարչությա՞ն գործեր, նախնադարյան մարդկանց կողմից գրված կյանքի «ինստրուկցիա» գալիք սերունդների՞ն: Այնուամենայնիվ, ես շարունակում եմ ժայռապատկերներն ընկալել՝ որպես նկարչության մի մաս: Նախ և առաջ, պետք է ասել, որ ցանկացած նկար, նույնիսկ ամենավերացական կտավը, նույնիսկ առաջինդասարնցու խզբզոցը, իր լեզուն ունի (այլապես էլ ի՞նչ գիտություն կլիներ արտթերապիա՞ն): Եվ հետո, ցանկացած նկար ինչ-որ ինֆորմացիա է կրում իր մեջ, որը փոխանցվում է (կամ չի փոխանցվում) դիտողին: Նայելով միջնադարյան մանրանկարիչների գործերը՝ մենք շատ բան ենք իմանում այն ժամանակվա նորաձևության, վարք ու բարքի և այլնի մասին: Բայց չգիտես ինչու, մեզանից ոչ ոք չի ասի, որ միջնադարյան նկարիչը սոսկ պամական տեղեկություններ է հաղորդել իր նկարում: Ինձ թվում է այդ պարագայում, ինչպես արդեն ասվել է մեջբերված աշխատություններից մեկում, նախնադարյան եթե ոչ նկարիչը, ապա հեղինակը, ոչինչով պակաս չէր ոչ միջնադարյան մանրանկարչից, ոչ էլ ժամանակակից արտիստից:

«Դուք ասում եք, ժայռապատկերներում մարդիկ նկարում էին այն, ինչը կարևոր էր իմանալ ապագա սերունդներին (մարդկային լեզվով ասած՝ հազարահատոր հանրագիտարան էին նկարում): Բայց դուք որտեղի՞ց գիտեք այդ: Ի՞նչ գիտեք, որ որսի տեսարանը նկարել է որսից եկած մի աժդահա, ոչ թե տկար, բայց հանճարեղ մի նախամարդ, ով հազիվ է իրեն քարշ տվել մինչև քարանձավի մուտքը և հիմա նախանձով է նայում հեռվում երևացող հսկաներին, ովքեր ամեն օր գնում են որսի և ամեն օր հիշեցնում են իրեն՝ տկար ու թույլ նախամարդուն իր «կես-մարդ» լինելու մասին: Եվ ո՞վ ասեց, որ հենց այդ նախանձը և կոխկրտված ինքնասիրության ցավը չեն շարժել այդ հնօրյա նկարչի երևակայությունը, որ ամենամութ քարանձավի «առաստաղին», բոլորի աչքից հեռու, նկարի իր երևակայած որսի տեսարանը (որը, գուցե, ընդհանուր ոչինչ էլ չունի իրական որսի հետ), որտեղ օրվա հերոսը հենց ինքն է: Դուք կարո՞ղ եք հստակ ասել, որ մարդը ձի էր նկարում՝ խնդրելով աստվածներից այդ ձիուն հեշտ որս դարձնել, և ոչ թե երազելով ազատվել մարդկային իր նվաստ լինելիությունից և ձի դառնալ՝ արագավազ, գեղեցիկ, ազատ… »

_______________________________________________________________________________________

Գրականության ցանկ

Համլետ Մարտիրոսյան «Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները: Եգիպտական հիերոգլիֆիկ գիր»

Яков Нересов. “Первобытное искусство” (Энциклопедия для детей. Том 7. Искусство)

Աննա Խեչոյան, Բորիս Գասպարյան «Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցները ժայռարվեստում»

 А.А.Формозов “Что такое наскальные изображения?”

Լիլյա Ավանեսյան «Հայաստանի ժայռապատկերների և հայկական զարդաձևերի որոշ զուգահեռներ», «Հայկական գորգերի շրջագոտիների արևանշանները»

Կարեն Թոխաթյան «Հայկական ժայռապատկերները հայկյան օրացույցի ակունքներում» դասախոսություն Ալ.Թամանյանի թանգարան-ինստիտուտի դահլիճում

BBC “Всемирная история живописи”. Серия 1 “Сквозь завесу времени”

Հայկական ժայռապատկերների լուսանկարները` Armenian Petroglyphs/Հայկական ժայռապատկերներ էջից

Շնորհակալություն Տիգրան Պետրոսյանին ճիշտ տեղում ճիշտ ժամանակին հայտնվելու համար, պ. Կարեն Թոխաթյանին անչափ հետաքրքիր դասախոսության համար, որի չնչին մասն եմ միայն մեջբերել,Արմինե Բաբայանին՝ այդ դասախոսության հրավերն ուղարկելու և Աննա Խեչոյանի աշխատությունների մասին հուշելու համար,տիկին Լիլյա Ավանեսյանին, ով այնքան սիրալիր էր, որ ինքը տրամադրեց ինձ իր հոդվածները և էլի շատ շատերին, ում անունները չեմ գրում: Շնորհակալություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s