Սեփական Ամանոր

397847_210345515719922_100002334249359_484908_1601591682_n IMG_3541

Անխիղճ ուսուցիչներս թույլ չեն տալիս ոսկեղենիկ հայոց լեզվի հարուստ բառապաշարի և իմ երևակայության անսպառ զորության շնորհիվ ճոխացնել ամանորյա այն իրականությունը, որ ամեն տարի նորից ու նորից վերապրում է մեր ընտանիքը: Ես անչափ կվշտանայի, եթե իհարկե մեր ընտանեկան Նոր տարին չլիներ այնքան հարազատ և խորհրդավոր, որքան եղել է և հուսով եմ կլինի:

Ավանդապաշտ հայի ավանդական Նոր տարին անցնում է մշտական խոզի բդի և անսպառ հարևանության ընկերակցությամբ: Բայց մեզ համար Նոր տարին ընտանեկան տոն է: Տարվա ամենակարևոր գիշերը մենք միշտ անցկացնում ենք միասին՝ ընտանեկան փոքրիկ շրջանում: Հաջորդ օրվանից արդեն սկսվում է «բարեկամ-ծանոթ-հարևան ոդիսականը», բայց այդ մի գիշերը միմիայն մերն է:

Ամանորը հետաքրքիր է այնքանով, որքանով դու ես այն ճոխացնում քո սեփական իրականության մեջ: Տոնը ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք հորինում ենք սեփական ընտանեկան ավանդույթներ, որոնք ուրիշ ոչ մի ընտանիում չեք տեսնի:

  1. Մոմե ծիսակարգ: – Ամեն տարի, Նոր տարվա շեմին, խանութները լցվում են տարբեր մոմերով և արձանիկներով, որոնք պատկերում են տարվա խորհրդանիշ կենդանուն: Մենք գնում ենք տարվա խորհրդանիշ մոմը և պահում այն մի տարի, որպեսզի հաջորդ տարի՝ Ամանորի գիշերը, վառենք այն ու այդպես թողնենք, մինչև կերպարամոմը չվերածվի տձև մի մոմակույտի: Դա խորհրդանշում է հին տարվա հրաժեշտը: Այրված մոմի տեղը զբաղեցնում է նոր տարվա սիմվոլ-մոմը, և այդպես մինչև հաջորդ Նոր տարի:
  2. Սալաթաավանդույթ: – Խոսքս ամանորյա սեղանի պարտադիր հինգ սալաթների մասին չէ: Առհասարակ մենք չունենք սովորություն սեղանին դնել մշտական օլիվյեն և ցեզարը: Բայց մի սալաթ արդեն ավանդական է. սալաթ, որի մակերեսին նկարված է տարվա խորհրդանիշը: Սովորաբար այդ սալաթանախշը պատրաստում է իմ եղբայրը, ով թեև խոհարարությունից և գեղանկարից հեռու մարդ է, բայց հոգու ընդհատակներում հա՛մ նկարիչ է, հա՛մ խոհարար:
  3. Բանաստեղծական Ամանոր: – Չեմ կարող ասել, որ սա ավանդույթ է, բայց ես հանգիստ չեմ քնի Նոր տարվա գիշերը, եթե յուրահատուկ նվեր չանեմ մայրիկիս. մի բանաստեղծություն՝ այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար դա կյանքի ու մահվան հարց է: Երբ մի-երկու տարի ստիպված դադար էի տվել՝ մուսայիս անհարգելի բացակայության պատճառով, ինձ արդեն թվում էր, որ այլևս երբեք ոչինչ չեմ գրի: Եվ ամեն անգամ, երբ Ամանորյա գիշերը հանկարծ հրաշքով մուսաս վերադառնում էր, թեթևացած շունչ էի քաշում:

Մնացած ամեն ինչից՝ Ձմեռ պապ, պոպոք-պնդուկ-մանդարին, նվերներ, տոնածառ, փայլեր և այլն, զրկված չեմ եղել: Չնայած ինձ համար արդեն սրանք չեն Ամանորը: Ամանորը այն հրաշալի մի քանի օրերն են, որ ուզես-չուզես պարապ ես ու այդ պարապությունը ստիպված լցնում ես կարևորագույն առաքելություն կատարելով՝ հարազատներին այցելելով, հեռախոսազանգերին պատասխանելով, ֆեյսբուքում բոլորին շնորհավորելով և բոլորի կողմից շնորհավորվելով, իսկ երբեմն-երբեմն բոլորովին անկապ, ախմախ բաներ գրելով՝ որպես տուրք ամանորյա սրբազան պարապությանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s