Եկեղեցիների ավանդապատումներ

Այսպես էլ է պատահում…

 Իբրև դարերից եկած և դարեր վերապրած ստեղծագործություններ, ավանդությունները հաճախ ավելի տոկուն են, քան նույնիսկ գրավոր աղբյուրները: Շատ բան, որ չի մնացել անգամ որձաքարերին դրոշմված արձանագրությունների մեջ, կուլ գնալով տարերքին կամ մարդու ավերիչ ձեռքին, պահպանվել է ժողովրդի դիմակայուն հիշողության մեջ և հասել մինչև մեր օրերը:


Էջմիածին
Այդ վայրը ամբողջությամբ ցեխ ու ճահիճ էր: Գրիգոր Լուսավորիչը տարակուսած չգիտեր եկեղեցու հիմքը որտեղ գցեր: Այնժամ նրան տեսիլք հայտնվեց. Քրիստոսը, ձեռքին ուռենու ոսկե ճյուղ, վայր իջավ երկնքից և շրջան գծելով, ցույց տվեց կառուցվելիք եկեղեցու տեղը: Այդ վայրը այդպես էլ կոչվեց՝ Էջմիածին (իջավ միածինը):
Շինության քարերը Տրդատը շալակած բերում էր Մասիս սարից, իսկ Լուսավորիչը նրա հետևից շարունակ աղոթք էր անում: Մի պահ Տրդատի սիրտը նեղվեց, և նա՝ դառնալով Լուսավորչին ասաց. <<Ես չեմ հոգնում քար կրելուց, ես հոգնում եմ քո աղոթքներից>>: Այնժամ Լուսավորիչը լռեց և նույն պահին Տրդատի ոտքերը մինչ ծնկները խրվեցին գետնի մեջ: Եվ Տրդատը բացականչեց. <<Աղոթիր, հոգի՛ս, շարունակիր աղոթել>>:


Ծիծեռնավանք

Հոչանց գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային: Մելիքից ազատվելու համար՝ սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու ինքը փախչում: Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին և ողջ հարստությունը: Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու: Անցնելով շատ քաղաքներ՝ հասնում է Հռոմ և իմանում, որ քահանան արդեն վախճանվել է: Հուսահատված՝ մնում է Հռոմի վանքերից մեկում իբրև լուսարար և միշտ աղոթում իր հոգու փրկության համար: Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը (ծիծեռնը), պահում է բերանում: Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափում: Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը և իրեն էլ սպանել: Սեղանից մի ձայն ասում է. <<Մի՛ մերձենաք մելիքին>>: Մելիքը անվտանգ գալիս է հայրենի երկիրը: Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր և ամփոփում է Պետրոս առաքյալի ճկույթը (ծիծեռնը): Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք:

Տաթև

Վանքի կառուցումն ավարտելուց հետո քարագործ վարպետը, դիմելով ցածում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները՝ վարպետը համբուրում է դրանք և ասում. <<Հոգին սուրբ տա թև>>: Խոսքը բերանին՝ նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Վարպետի ասած խոսքերից՝ <<Հոգին սուրբ տա թև>> վանքը կոչվում է Տաթև:

Սևանա վանք
Հայոց Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամը կառուցել է տալիս վանքը և կնքել այն <<Այս է Վան>> խոսքերով: Այդ անվանումը հետագայում վերափոխվելով՝ դարձել է Սևան:
Մի այլ ավանդույթի համաձայն հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը՝ Սևան, այսինքն՝ Սև վանք:

Հաղպատ
Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հորից և, ենթավարպետի հետ թողնելով շինարարությունը, հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է սրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ-որ շենք է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը, ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. <<Հա՛խ պատ է>> (իսկական, ամուր պատ է): Այս ասելով՝ վարպետը փաթաթվում է որդուն, համբուրվում նրա հետ և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:

Մակարավանք
Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու նրա մինուճար որդին: Որդին գյուղում քար էր տաշում, նախշում, իսկ հայրը՝ շարում: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ի՞նչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է, որ որդուն, թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրեն ցած է նետում և մահանում: Վանքը մնում է անավարտ և մինչ այսօր կիսատ է: Մակարին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, իսկ վանքի անունն էլ դնում Մակարավանք:

Գնդեվանք
Մի երիտասարդ իշխան խնդրում է Սյունյաց իշխանի գեղեցկուհի դստեր՝ Սոֆիայի ձեռքը: Սոֆիան իշխանի առջև պայման է դնում. իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացնի Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ ինքը՝ Սոֆիան մի նոր վանք կառուցի: Իշխանի հաղթելու դեպքում նա կտա իր համաձայնությունը: 39-րդ օրը Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց գմբեթի վերջին քարերը դնելու համար այլևս փող չէր մնացել:  Շինարարությունը ավարտելու համար, նա վաճառքի է հանում ականջի գինդերը: Իշխանը լսելով, որ Սոֆիան ավարտում է վանքի կառուցումը՝ դիմում է խորամանկության. երկար սպիտակ կտավը կախ է տալիս զառիթափից: Սոֆիան գմբեթի վերջին քարը դնելիս՝ նկատում է քամուց ծածանվող կտորը, որը ջրվեժի տպավորություն է թողնում: Հուսահատությունից նա իրեն նետում է անդունդը: Վանքը այդ օրվանից անվանում են Գնդեվանք:

Նորավանք

Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ է հավանում Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. <<Աղջկաս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր, գեղեցիկ վանք շինես ինձ համար>>: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով՝ քիչ է մնում, որ որշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ՝ իշխանը հրամայում է ծառային բարձրանալ վանքի գմբեթը և այնտեղից ցած հրել Մոմիկին: Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:


Կեչառիս
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ՝ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նրա ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:

Հաղարծին

Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ խայտացող թռչնին: Ասում են, այդ օրանից վանքը սկսեցին կոչել՝ խաղ արծվի, հետագայում՝ Հաղարծին:

Հովհաննավանք

Երբ Լենկ-Թեմուրը, երկիրը գրավելով և ժողովրդին կոտորելով հասնում է Հայրավանք, վանքի վանահայրը կոտորածը չտեսնելու համար իրեն նետում է ձորը: Բայց աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրը իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, ոչ ոք դրսում չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մադրիկ աղավնիներ են դառնում և թռչելով՝ ազատվում սպանդից: Այդ օրվանից վանքի անունը հայր Հովհանի անունով կոչվում է Հովհաննավանք:

Կիրանց
Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը: Ավարտելուց հետո կանչում է վարպետին՝ իր առաջին աշխատանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ էր, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին: Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում: Երկար մտածելուց հետո ասում է. <<Կիրը անց ես կացրել>>: Այստեղից էլ վանքի անունն է Կիրանց վանք:

<<Եկեղեցիների ավանդապատումներ>> գրքից
նյութերը՝ Ա. Ղանալանյանի <<ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ>> գրքից
խմբագիր՝ Խ.Չալիկյան
(հրատարակիչ՝ <<ԿՈԼԼԱԺ>> ՍՊԸ, տպագրությունը՝ <<ՓՐԻՆԹԻՆՖՈ>>, Երևան, 2001թ.)
 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s