ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ| Բիբլիականը: Ծաղկալեզու մարդիկ

Պոեմն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր գրադարանի կայքում:

Իսկ այստեղ խոսելու ենք պոեմի մի հատվածից միայն:

Դուք երբևէ մտածե՞լ եք, ինչու բոլոր շնչավոր և անշունչ արարածներից միայն մարդը կարող է խոսել: Այն էլ ոչ թե մի՝ համամարդկային լեզվով, այլ հազարավոր լեզուներով: Շիրազը շատ գեղեցիկ առասպել է հյուսել այս հարցի շուրջ իր <<Բիբլիականի երկրորդ արաչականը>> պոեմում: Ըստ նրա՝ Արարիչը մարդկանց էր տվել ծաղիկների լեզուն: Աշխարհաստեղծման ակունքին մարդիկ անխոս էին, իսկ ծաղիկներից յուրաքանչյուրն իր ծաղկալեզուն ուներ: Բայց Արարիչը որոշեց, որ անհոգ ծաղիկներին լեզուն բնավ էլ պետք չէ, իսկ ահա մարդուն, ում տվել էր վիշտը, լեզուն պետք է իրեն տանջող ցավը նմանի հետ կիսելու, մի քիչ թեթևացնելու համար: Այդպես նա մեկիկ-մեկիկ պոկեց ծաղիկների լեզուները, և տվեց մարդկանց. մեկին ձնծաղիկի լեզուն, մյուսին՝ վարդի և այլն: Այդպես մարդիկ ունեցան տարբեր լեզուներ, գնացին աշխարհի տարբեր կողմեր, ու առաջացան տարբեր ազգեր:

Այժմ տեսենենք, որ ազգը որտեղից է գալիս և ուր է գնում՝ ըստ Հովհաննես Շիրազի:

Ռուսներ – Ձնծաղիկ

Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,-
Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու հավետ լռեց,
Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց
Մարդկանցից մեկի համր ու անլեզու բերանը դրեց,
Իր աստվածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու,
Մոր կաթնաոգով շունչ տվեց լեզվին իր ադամորդու,

Եվ իսկույն խոսեց վայրենին՝ լեզվով հեգ ձնծաղիկի,
Հազիվ թոթովեց. «Մա´, մա՜յր՝ իմ կյանքի,
Մի՞թե իմ վիշտը չպիտի կիսես,
Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պես»:
Այս եղավ մարդու առաջին խոսքը,
Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,-
Եվ աղոթքի պես մարդն րնկավ ոտքերն իր արարողի,
Այս մարդուն ճամփեց աստված հեռուներն իր ձյունահողի,
Ուր մեղմ բազմացավ ինքնաձև լեզվով՝ ուր էլ որ գնաց,
Խոսեց անխոսը… այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց,
Հավերժ համրացավ ապշած աչքի պես:…

Եվ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խոսում,
Որ ծվարել Է է մեծ հողագնղի ձյունահյուսիսում:

Արաբներ – Մանուշակ

Երբ այս արարեց՝ մյուսին հակվեց,
Հրաշք մոր նման հուշիկ մոտեցավ իր մանուշակին,
Մանուկ մանուշակն ահից թաքնվեց,
(Եվ հավերժ մնաց թփերի տակին…).:
Կուչ եկավ ահից մանուշակն՝ աստծո լեզուն բերանում,
Թաքնվեց թփում, ինչպես դեռակույսն իր հոր վրանում:
Ասես չէր ուզում զրկվել իր լեզվից մանուշակն իմ հեզ,
Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես,
Եվ իսկույն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն,
Հուշով նշխարեց, օծեց համբույրով իր աստվածազուն,
Մի անշեջ ու հեզ կապույտ բոցի պես
Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,-
Ինչպես մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու:
Սա էլ թոթովեց և այնպես խոսեց հետն իր արարչի,
Ինչպես օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի.
-Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ,
Աստված իմ, հայր իմ, որ ծով բազմանամ,
Եվ դեղին ծաղկից ծնվածն ինձ չուտե…
Եվ այնտեղ ճամփեց այս նորաթոթով մարդուն բարբարոս,
(Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախոս).,-
Ուր Կարմիր ծովն էլ ծափ տվեց անմարդ իր ափերի հետ,
Քանզի բազմանալ սկսեց խոսուն ցեղն այս նորակերտ,)…

Հիմալայան ժողովուրդներ (Չինաստան, Նեպալ, Պակիստան, Բութան) – մայիսյան դեղին ծաղիկ

Եվ շարունակեց, արարողը մեծ,
Ոսկե մեղվի պես՝ մայիսյան դեղին ծաղկին մոտեցավ,
Որ լեզու ուներ և սակայն չուներ սա էլ ոչ մի ցավ:
– Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն,
երբ մարդոց մեջ են ցավերը հոսում,-
Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսյան ծաղկի,
Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի:
Ու լեզուն դեղին մեղրի պես բերեց ՝
Ուրիշ մի համրի բերանը դրեց,
Վայրենատեսիլ ուրիշ մի համրի:
Մարդն իսկույն խոսեց՝ «էլ ի՞նչըս խամրի,
Աստված իմ, մայր իմ», և իսկույն ընկավ ոտքերն աստծու…

…Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ,
Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ…

Ամերիկացիներ – Հասմիկ

Մեծ արարիչը դարձավ հասմիկի բերանն համբուրեց
Մի խոսքով աշխարհ ստեղծողն իր կույս,անշոշափ շուրթով:
Եվ դեռ լեզվանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով,
Երբ, իսկույն, որպես գլուխ մի ծաղկի,
Պոկեց լեզուն Էլ խոսող հասմիկի
Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վա յրենաթոթով,
Աշխարհ բերելով՝ լեզվով այս ծաղկի, այս ծաղկի հոտով,
Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ,
Եվ այս ցեղն իսկույն ուղարկեց այնտեղ,
Ուր գահավիժում ծով Նիագարան՝
Մարդ Էր որոնում ափերին ունայն…
Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թե՞ դեռ չի գտել՝
Զի մարդը ծաղկի սուրբ քնքշությանը մնաց անընտել:

Եգիպտացիներ – Նարդոս

Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց,
Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խոսի,
Եվ իրավ՝ խոսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի,
Ծաղկի բույրի պես բարբառեց մարդը,
Այնպես, որ, կարծես, նախանձեց վարդը,
Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսված…

Պարսիկներ – Նունուֆար

Եվ իսկույն պոկեց արարողն աստված
Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա,
Ու մեղմ թոթովեց այս նորախոսն Էլ՝ «Հայր, ալելույա»,
Դառնաբերանը մեղմորեն ծաղկի նեկտարալեզուն…

Հավիտյան պիտի խոսի ու հոսի
Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի:

Եթովպիացիներ – Օշոշ

Այս որ արարեց արարողը մեծ՝
Իր օշոշ ծաղկի լեզուն էլ պոկեց,
Դրեց բերանը վայրենամռունչ յոթերորդ թոռան,
Իսկույն թվաց, թե իր մռունչները մրմունջներ դառան:
– Աստված իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս,
իտեմ՝ քո խոսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս,
Ներիր լռությունն համր բերանիս, որ չէր աղոթում,-
Այսպես բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզվից կաթում:
Ժպտաց արարողն իմ Արարատի,
Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի,
Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ,
Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպես վիրավոր մի Հովբ…

Հնդիկներ – Վարդ

Ասաց մեծ աստվածն ու մի սուրբ վայրկյան
Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ,
Ապա համբուրեց բերանը բոցոտ,
Որ ցավը չզգա, և իսկույն պոկեց վարդաբույր լեզուն,
Մեղրաբոցի պես դրեց բերան մի՝ վայրենախոսուն:

Ու լեզու առած այս մարդն էլ աստծուն ալելուիա ասաց,
Եվ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,-
-Աստված իմ,- ասաց այս մարդն էլ որպես նորածին մի վիթ,-
Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մորը մայր լեզվիդ:

Ֆրանսիացիներ – Շուշան

Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց
Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի,
Որ երբ մարդանա՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խոսի,
Նրբանուշ խոսի, ինչպես բուրմունքը շուշանի քնքուշ,
Մեղմանուշ խոսի, որ կիսե վիշան էլ վարդի մշտափուշ:
Եվ այս ցեղն իսկույն իր Սենա գետի ափերն առաքեց,
Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց
Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբույր…

Կրակապաշտ ազգեր – Արևածաղիկ

Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առավ
Պատվաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզվածարավ,
Սակայն սա հենց որ նուրբ լեզվավորվեց՝ վեր նայեց խաբված,
Չընկավ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած:
Այս վայրենամարդն արևին նայեց հեգ աստըծո տեղ,
Սատանայախաբ մեղքով էլ անմեղ:
Աոաջին բառը մանուկ բերանին աղոթքով դողաց. – Դու ես աստվածս,- ասաց արևին, աստըծուն թողած:
Արևի առաջ երեսի վրա ընկավ, կարկամեց,
Բայց ժպտատխուր՝ խոժոռվեց պահ մի արարողը մեծ,
Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ,
Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես,
Իմ գլխից Էլ վեր, որ կուլ չգնաս դու ուրիշ լեզվաց…»:

Հույներ – Նարգիզ

Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի,
Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախոս դեռ համրախոսի:
– Ալելույա, հայր իմ,- խոսեց այս մարդն Էլ, երբ լեզու առավ,
Եվ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառավ,
Եվ հունաստանվեց մայր իմաստությամբ իր աստվածագեղ,

Նարգիզ ծաղկաբույր ու գեղադայլայլ լեզվով իր շքեղ:

Հայեր – Կակաչ

Ասաց ու ելավ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ,
Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թե կարկամեց,
Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող.
– Գլուխս կտրե, բայց լեզուս ինձ թող,
Անլեզու կյանքս ինչպե՞ս կարկաչի…
Բայց աստված պոկեց լեզուն կակաչի
Եվ ապա պոկեց լեզուն Էլ վարդի
Երկուսը մեկեց, որ երգր հորդի.
Մի նուրբ ու անմար բոցի պես բերեց
Առաջին մարդու համր ու լեզվազուրկ բերանը դրեց,
Որ կակաչի պես սա Էլ քնքշանա և հավերժ խոսի, –
Բայց այս մարդն իսկույն վեր նայեց՝ դեպի ջահը Մասիսի,

Աստըծուն թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարե,
Քո ձյունն իմ սրտի սև կրակն արդյոք ե՞րբ պիտի մարե».
«Մարե» խոսքն այնքան սրտաձայն ասաց, այնպես հառաչեց,
Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ,
Համբուրեց նույնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրա,
Մայր Արաքսն ի վեր և արմատվեց իմ ցեղն հնօրյա,
Հավերժ բազմացավ, դարձավ Հայաստան մշտամեղեդի…

Վրացիներ – Մեխակ

Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի,
Դրեց բերանը յոթանասունյոթ իր վայրի թոռան,
Եվ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կյանք առան
Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝
´Հայ կակաչաքույր, մեխակալեզու Քուռ գետի որդիք…

Հավերժ է խոսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն,
Հավերժ է, քանի կակաչները կան:
Հավերժ է խոսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝
Ձնծաղիկները քանի աշխարհ գան:
Հավերժ է իմ նուրբ նարգիզից ծնված իմ հունաց լեզուն՝
Հավերժ է, քանի նարգիզները կան:
Հավերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խոսուն՝
Հավերժ է, քանի նունուֆար բացվի:
Հավերժ է խոսուն մանուշակածին լեզուն արաբի՝
Քանի մանուշակն արցունքը թափի…
Հավերժ է լեզուն այս մարդացեղված արևածաղկի՝
Քանի իր գույնով արևը ծագի:
Հավերժ է մեխակ ծաղկից էլ ծնված լեզուն լեռնազուն,
Քանի դեռ համր մեխակները կան:
Հավերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն,
Քանի կան հողը, արև ու օվկիան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s