Արշակ ու Պապ: Պետական այրերի ապերախտությունը

Արշակ 2

Մուլտֆիլմերից և հեքիաթներից սովորել եմ վահանձն, մեծահոգի և երախտապարտ հերոսների: Դե դա պարզ է, երեխային պետք է դաստիարակել հեքիաթի լավագույն ավանդույթներով, որ բարի ու ազնիվ մեծանա: Այդ իսկ պատճառով էլ հեքիաթները միշտ երջանիկ ավարտ են ունենում: Իսկ ահա պատմության թոհ ու բոհում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ:

Ուրեմն այսպես:

359 թվական – պատերազմ է սկսվում Պարսկաստանի ու Հռոմի միջև:

Պարսից Շապուհ արքան (այո, այո, հենց այն Շապուհը, որը մեր հայոց արքային գցեց այն բերդը, որ պարզ չի նախկին սիրո անունով էր կնքել, թե սադիստական նկատառումներից ելնելով՝ ժողովրդին վախի մեջ պահելու համար) օգնության է կանչում Արշակ 2-րդ Արշակունուն՝ հայոց արքային: Մծբին քաղաքի մոտ Արշակը ջախջախում է հռոմեացիներին, այսինքն՝ կարողանում է օգտակար լինել Շապուհին: Ուրախացած Շապուհը կանչում է հայոց արքային իր մոտ Տիզբոն և կնքում հայ-պարսկական դաշինքը, որն ուզում էր կռել Արշակի և իր դստեր ամուսնությամբ: Հարկ է նշել, որ մեր հայոց արքան այն ժամանակ արդեն ամուսնացած էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ: Հայերն այդ ժամանակ արդեն քրիստոնյա էին, բացի այդ 354 թ-ին Աշտիշատում Ներսես կաթողիկոսը արդեն հասցրել էր եկեղեցական ժողով գումարել, որտեղ հայ եկեղեցականները մերժում են բազմակնությունը: Ինչպես կտեսնենք հետո, Արշակը այնքան էլ հավատարիմ չեղավ բազմակնությունը ժխտող այդ ժողովի որոշումներին, քանի որ ամուսնացավ, թեկուզ կարճ ժամանակով, Կոստանդիոս 3-րդի օղորմածիկ եղբոր նշանածի՝ Օլիմպիայի հետ: Բայց այն ժամանակ, Տիզբոնում, նա, չգիտես ինչու, մերժեց Շապուհի առաջարկը: Գուցե պարսկական արքայադուստրը այնքան էլ գեղեցիկ չէր, կամ էլ այն ժամանակ հայոց արքան դեռ չէր մոռացել քրիստոնեական առաքինությունը (անձամբ ես ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը), ինչևէ, հայոց արքան մերժեց ամուսնության առաջարկը: Դե, իր իրավունքն է, ի՞նչ կա որ, մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Արշակն արդեն ամուսնացած էր:

Բայց Շապուհն այս մերժումը սրտին չափից դուրս մոտ ընդունեց և որոշեց սպանել Արշակին:

Այստեղ իմ պատմությունն առաջին անգամ է ժխտում հեքիաթների պարտադիր ատրիբուտ ասպետական երախտապարտությունը:

Շապուհ դու Շապուհ, ուրեմն դու պատրաստ ես սպանել զինակցիդ, մեկին, ով քո առաջին խնդրանքով քեզ օգնության հասավ պատերազմում, դաշնակցիդ, վերջ ի վերջո, այն էլ ինչի՞ համար: Նրա, որ ամուսնացած տղամարդը չի ուզում աղջկադ հե՞տ ամուսնանալ: Իսկ որտե՞ղ է քո շնորհակալությունը նրա մատուցած ծառայության համար այն չարաբաստիկ Մծբին քաղաքի մոտ: Իսկ որտե՞ղ է քո հյուրընկալությունը: Ուրեմն քո մայրաքաղաք ժամանած հյուրին, ով եկել է դաշինք կնքելու, դու ուզում ես դավադրաբար սպանե՞լ:

Մեզ՝ հայերիս, բնորոշ է ազգային սնապարծությունը: Պատմական այս դեպքը շատ ձեռնտու է մեզ: Կարող ենք ասել, որ պարսիկը ապերախտ շուն է և այլն, և այլն:

Բայց այդ նույն պատմությունը մի փոքր ուշ մի փոքր այլ հանգամանքներով կրկնվեց հայոց գահակալների մոտ:

Պապ թագավոր

370 թվական – Վաղես կայսեր օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակի որդի Պապը:

Պարզ է, որ Պապի համար ծանր ժամանակներ էին: Երկիրը ավիրված էր բազմաթիվ ասպատակությունների և նախարարական եղբայրասպան պատերազմների պատճառով: Հայրը արդեն վաղուց հանգչել է Անհուշ բերդում, մորը պարսիկները դաժանաբար սպանեցին: Այս պարագայում Պապին պարզապես անհրաժեշտ էր մի ուժեղ ձեռք, որ կօգներ իրեն նախ՝ հաստատվել հայրական գահին, և երկրորդ՝ երկրից դուրս քշել պարսիկներին: Եվ այդ հզոր ձեռքը եղավ Հռոմի Վաղես կայսրը: Մուշեղ Մամիկոնյանի և հռոմեացի զորավար Տերենտիոսի հետ միասին Պապը կարողանում է դուրս մղել պարսիկներին իր երկրից և հաստատվել հայոց գահին: Նրան որոշ ժամանակ պետք եղավ ոտքերի վրա ամուր կանգնելու, երկրում խիստ անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու համար:

Բայց երբ այդ ամենը արեց-վերջացրեց, որոշեց իր երբեմնի բարերարից պահանջել 10 քաղաք:

10 քաղաք – կատակ բան չի:

Պապ դու Պապ, դա՞ էր քո շնորհակալությունը մեկի հանդեպ, ով օգնեց քեզ տիրանալ հորդ գահին, մաքրել երկիրդ պարսիկներից, այն էլ այն ժամանակ, երբ քո վիճակը լուրջ էր ու առանց կողմնակի օգնության դու հազիվ կարողանայիր Հայաստանում երևալ, ուր մնաց հայոց թագավոր դառնալ: Չէ՞ր կարելի այդ 10 քաղաքները թողնել Վաղեսին՝ որպես շնորհակալություն:

Վաղեսի զայրույթը շատ հասկանալի է: Այնպիսի տպավորություն է, որ իր կրծքին օձ է տաքացրել, որ հիմա էլ ուզում է խայթել իրեն: Եվ ես հասկանում եմ Վաղեսի <<փայլուն գաղափարը>>՝ դավադրաբար սպանել Պապին:

Շապուհը պարսիկ էր, բայց հո Պապը մերոնցից է, այն էլ խելացի և հեռատես թագավոր:

Չէ՜, ինչ ուզում եք, ասեք, բայց քաղաքականությունն այնքան հեռու է հեքիաթների պարտադիր ատրիբուտ վեհանձնությունից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s