Գրականությո՞ւն, էդ ինչի՞ հետ են ուտում

Գրականությունը մի ծով է, որ պիտի գլխով մտնես նրա մեջ ու սուզվես: Իսկ ձեզ ասում են՝ ծովը մտիր, բայց տես, հեռու չգնաս…

<<Վերջին ուսուցիչը>> ներկայացումից
Այն, որ գրկանությունը մարդուն ոչինչ չի տալիս, հաճախ եմ լսել: Առհասարակ նրանց համար, ովքեր արդեն որերորդ տարին է չեն սովորում գրականության դասագրքի պարագրաֆները, դա թիվ մեկ արդարացումն է. <<Հա դե ի՞նչ եմ հետո էդ անելու>>: 

Լավ, հարգելիներս ու անհարգելիներս, եթե չգիտեք ինչ անել հայ ու համաշխարհային հարուստ էլ չէ, գերհարուստ գրական ժառանգության հետ, կփորձեմ հուշել ձեզ:
Նախ և առաջ փորձենք պատասխանել մի քանի հարցի.

  • Ինչո՞ւ մեր պատանիների ճնշող մեծամասնությունը չի կարողանում կարգին շարադրել իր մտքերը:
  • Ինչո՞ւ են մեր աշակերտություն-ուսանողություն խավերի ներկայացուցիչները, այդ թվում և <<քերթողաբլոգերները>>, գրում սարսափելի ուղղագրական սխալներով:
  • Ինչո՞ւ հայոց լեզվի կետադրական բոլոր կանոններից մեր պատանիները հիշում են միայն այն, որ <<որ>>-ից, <<իսկ>>-ից ու <<բայց>>-ից առաջ դրվում է ստորակետ:
  • Ինչո՞ւ քսան տարեկանից ցածր անձնաց մեծամասնությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանում խոսելհայերեն, ոչ թե Երևանի այս կամ այն <<քուչի>> լեզվով:

Այս հարցերի պատասխանը մեկն է ու միակը. կարդալն այլևս մոդայիկ չէ:
Ընթերցանությանն արդեն վերաբերվում են որպես ժամանցի մի ձևի, որն արդեն վաղուց իր դարն ապրել է ու անցել պատմության գիրկը, ասենք, ինչպես բակում կլաս խաղալը կամ պարան թռնելը: Հիմա ամենաշատ ընթերցված նյութերը ադնոկլասնիկյան ստատուսներն են մեկ էլ ֆեյսբուքի էն անկապ հարցերը, որոնցից բոլորս էլ արդեն հոգնել ենք: Այ դա մոդայիկ է, ժամանակակից ու հաճելի: Իսկ ընթերցանությունը, պարզվում է, մի ձանձրալի պրոցես է, որ միայն <<ակադեմիկում>> են դրանով զբաղվում:
Դե արի ու մի ասա, տո տնաքանդ, <<ակադեմիկում>> ընթերցանությամբ չեն զբաղվում, շատ-շատ գրական քննադատությամբ են զբաղվում ու գրականագիտական տարբեր հարցեր են լուծում: Քեզ ո՞վ ասեց, որ եթե գիրք ես կարդում, արդեն գրականագետ ես: Դու դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտես, որ <<ակադեմիկումի>> գործերով զբաղվես: Քեզ ասում են գիրք կարդա, որ ընդհանուր մակարդակդ բարձրանա, որ գոնե մի քիչ աճես: Թե չէ ստատուսներ կարդալով ու հազարից մեկ դասագրքի էջերը թերթելով հեռու չես գնա:
Դուք կարծում եք այն, որ մեր հայ ազգի էտալոնը պարոն ռաբիզն է, ինչի՞ց է: Հենց այդ նույն գիրք չկարդալուց: Այն, որ արմենչինկերն են տիրում հայ էստրադային, որից մի կարգին էստրադա էլ չի մնացել, ինչի՞ց է: Գիրք չկարդալուց: Այն, որ համալսարանում հինգ լիկվիդի իրավունք ունեն ուսանողները ու դեռ վեցերորդն են ուզում, ինչի՞ց է: Գիրք չկարդալուց: Այն, որ դեռ շատ այդպիսի <<այն որ>>-եր կան, դա էլ է քիչ կարդալուց կամ շատ չկարդալուց:
Մի ծիծաղեք, այս ամենը իրար հետ ուղիղ համեմատական կապն ունի: Կարդալով է մարդ զարգանում ու բարձրացնում իր ընդհանուր գրագիտությունը, մակարդակը, կրթվածությունը, ճաշակը:Կարդացած, գրագետ, կիրթ ու ամենակարևորը ճաշակով մարդուն ոչ մի Հ11 չի կարող գոհացնել իր սերիալի տնազներով, ոչ էլ մուղամի հայկական տարբերակը կանցնի եթեր, եթե սպառողը լինի քիչ թե շատ ճաշակով մասսա:
Հիշեցի իմ մանկության ամենասիրված մուլտֆիլմներից մեկը՝ <<Ումկա արջուկի արկածները>>: Հիշո՞ւմ եք, այնտեղ արջուկը հարցնում էր. <<Ի՞նչ է տոնածառը, դա ինչի՞ հետ են ուտում>> (“Что такое елка и с чем ее едят?”): Այ մեր խիստ չակերտավոր ուսումնատենչ աշակերտության <<Գրականությունը ինչի՞ս է պետք>> դարաշրջանին բնորոշ հարցը նման է այդ միամիտ արջուկի հարցին. <<Գրականությո՞ւն, էդ ինչի՞ հետ են ուտում>>: Ես էլ մայր արջի պես պատասխանում եմ. <<Գրականությունը չեն ուտում, գրականությունը նրա համար է, որ կարողանաս ճիշտ օգտվել դանակ-պատառաքաղից>>: Մի զարմացեք, իմ կարծիքով նա, ով Թումանյանի հեքիաթներից բացի ոչինչ չի կարդացել (էն էլ Թումանյան մաման էր պուճուր ժամանակ քնելուց առաջ կարդում), հաստատ չգիտի, որ մի ափսեի մոտ կարող է դրված լինել չորս տեսակի տարբեր պատառաքաղ:
Իսկ հիմա գնացինք ազգովի ստատուս կարդալու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s