ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ | Բանաստեղծություններ

ԱՎԵ ՄԱՐԻԱ
Ավե Մարիա՜, ավե Մարիա՜,
Ով տառապում է՝ քեզ է դիմում նա,
Եվ քանի որ դու շատ ես տառապել,
Կարող ես մարդկանց ցավը փարատել,
Հասկանալ նրանց,
Մարիա անանց:
Ավե Մարիա՜, ավե Մարիա՜,
Ով լաց է լինում՝ քո զավակն է նա,
Դու, որ զոհեցիր քո երեխային,
Որպեսզի մաքրես մահկանացուին
Իր ախտերից բյուր,
Դու՝ մաքրամաքուր:
Ավե Մարիա՜, ավե Մարիա՜,
Ով կասկածում է՝ խարխափում է նա,
Մարիա՛,
Նրան, նրա՛ն դու լույս տուր,
Ու ձեռքից բռնած՝ ճանապարհ ցույց տուր,
Ավե Մարիա՜, ավե Մարիա՜:
ՄԵՌՆԵԼ ՍԻՐԵԼՈՎ
Կյանքիս սանդուղքը ողորկ , անձև,
Ես ձգտում եմ վեր, ընկնում եմ ներքև.
Դեպի իմ բախտը դանդաղ սահելով.
Մեռնե՜լ սիրելով:
Ինձ կշտամբում են մարդիկ միաձայն,
Եվ մի փրկություն ես ունեմ միայն.
Կամուրջներն այրել և հանգիստ խղճով
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Գիշերվա գիրկը կամովին նետվել,
Եվ կյանքի գնով սիրուն հատուցել,
Մեղանչել մարմնի, ոչ թե մտքի դեմ,
Թողնել, որ մարդիկ տապակվեն իրենց
օրվա հոգսերով,
Չարամիտները՝ իրենց փուչ ու սիրն
գաղափարներով,
Մեռնե՜լ սիրելով:
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Քանզի մեր սերը անզոր է ապրել,
Ուրեմն պետք է սիրո մատյանը վերստին փակել,
Եվ քանի դեռ այն չենք այրել ցավով՝
Մեռնե՜լ սիրելով:
Հպարտ կեցվածքով թողնել-հեռանալ,
Ու պարտությունից հաղթելով դուրս գալ,
Եվ ամեն հաշվարկ իրար խառնելով՝
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Ինչ գնով լինի՝ լքիր ամեն ինչ, որ տանես
միայն
Այն ամենը, ինչ մեզ էր պատկանում:
Դու դեռ գարուն ես, ես խոր աշուն եմ,
Դու տենչում ես լոկ, իսկ ես տրվո՜ւմ եմ,
Ինձ համար պարզ է, որ պիտի գնամ այս
ճանապարհով՝
Մեռնե՜լ սիրելով:
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
ՊԻՏԻ ԿԱՐԵՆԱԼ
Պիտի կարենալ ժպտալ վերստին,
Երբ քեզ լքում է թանկագինը քո,
Ու մնում է լոկ ունայնություն սին,
Այս կյանքում տխուր, դաժանաբարո:
Պիտի կարենալ, ինչ գնով լինի,
Պատիվը պահել, տղամարդ մնալ,
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի,
Առանց շրջվելու թողնել-հեռանալ:
Բախտի դեմ, որ մեզ ուզում է սանձել,
Ու երջանկության առաջ կորուսյալ,
Պիտի կարենալ արցունքը զսպել,
Սակայն ես, իմ սիրտ, լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես, որ էլ սեր չեն մատուցի,
Ու խղճալի տեսք երբեք չընդունել,
Վեր կենալ-գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո,
Եվ սանձահարել ճիչերը ցասման –
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ,
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ,
Բայց ես քեզ շա՜տ եմ սիրում,
Բայց ես չե՜մ կարողանում,
Պիտի կարենալ, բայց ես
Չե՜մ կարողանում:
Թարգմանությունը՝ Սամվել Գասպարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s