Չասված բառեր /շարադրություն/

Դու շտապում ես ինձ մոտ: Գիտես, որ իմ դուռը միշտ բաց է քեզ համար: Եթե նույնիսկ փակ լինի, կարող ես պատուհանից մտնել՝ բարձրանալով մեր պատուհանի տակ աճող ծռված, <<ճիշտ ճամփից շեղված>> ծառը: Դա շատ ռոմանտիկ է, բայց դու ռոմանտիկայի համար չես եկել: Դու եկել ես, որովհետև խոսելու կարիք ունես: Իսկ ես, ինչպես միշտ, ուշադիր լսում եմ քեզ:
Դու ասում ես.
-Չասված բառերը խեղդում են ինձ: Ծանրացել են սրտիս ու չեն թողնում շնչեմ:
Ինչպես միշտ, խոսում ես անտեղի պաթոսով:
Ծիծաղելի է, դու խոսում ես չասվա՛ծ բառերի մասին:
Իսկ ես նայում եմ քո թատերականորեն վշտացած աչքերի մեջ ու մտածում.
<<Լինո՞ւմ են, արդյոք, չասված բառեր>>…
Չեն լինում… Մենք կողպում ենք մեր շուրթերը, կծկում ձայնալարերը, որ չհամարձակվեն մատնել մեզ: Բայց բառերը միևնույն է գտնում են ելքը: Նրանք հնչում են սրտի արագացած զարկերում, շողում են լայն բացված աչքերում և կառչում ամուր սեղմված շուրթերից: Նրանք են ստիպում քեզ, որ անտարբեր ձևանաս, որ ձեռքերդ դողան, ու դու նրանց մեջքիդ հետևում պահես: Այդ բառերն են ստիպում քեզ հետ ու առաջ քայլել, անտեղի հոգնել, բայց շարունակել քայլել: Նրանք հնչում են քո ամեն ոտնաձայնում, հնչում են, երբ դու բացում ու փակում ես դուռը, երբ չրխկոցով վառում ես լուցկին ու մոտեցնում ծխախոտը: Քեզ թվում է, որ դու լռում ես, բայց իրականում դու գոռում ես՝ նույնիսկ ավելի բարձր, քան երբ պաթոսով խոսում ես <<չասված>> բառերի մասին:
Չէ, իմ պաթոսախոս ընկեր, չասված բառեր չկա՜ն… Կան չլսված բառեր: Իրականում մարդիկ չեն կարող կողպել իրենց շուրթերը, բայց դրա փոխարեն խցանել են իրենց ականջները: Իսկ բառերը, որ պոկվել են իբր լուռ շուրթերից, կախված են մնում օդում: Նրանք զբաղեցնում են թթվածնի ցավոք այնքան անհրաժեշտ մասնիկների տեղը, և դու խեղդվում ես:
Խե՜ղճ մարդիկ: Նրանք չգիտեն, որ այդ բառերի կարիքն ավելի շատ ունեն, քան O2 – թթվածնի մոլեկուլների: Ու եթե չհասկանան այդ, շուտով դինոզավրերի պես կվերանան Երկրի երեսից: Իսկ էվոլյուցիայի արդյունքում ի հայտ եկած ուրիշ մարդիկ՝ ավելի կատարյալ ու ավելի մեծամիտ, մեղքը կգցեն գլոբալ տաքացման և Արկտիկայի սառույցների վրա:
Այս ամենն եմ ես փորձում ասել քեզ, երբ ձեռքերս խաչած կանգնած եմ դիմացդ ու իբր լռում եմ: Բայց դու չես լսում: Դու միայն խոսում ես:
Եվ այսքանից հետո դու ասում ես, որ կան չասված բառե՞ր…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s