Երդում արևին /շարադրություն/

Հիշում եմ կրտսեր դպրոցում (այդ ժամանակ ես դեռ Պուշկինում էի սովորում) դասարանում մենք ունեինք մեծ պատուհաններ` կանաչ վարագույրներվ, որոնք կապում էինք գեղեցիկ կանաչ ժապավեններով: Դպրոցում էլ ոչ մի դասարան այդպիսի վարագույրներ չուներ: Եվ չնայած մեր դասղեկը միշտ դժգոհ էր, որ դասարանի վարագույրները <<կոկորդիլոսի գույնի են>>, ես շատ էի սիրում մեր այդ վարագույրները: Հենց դրանց շնորհիվ էին մեր դասարանի պատուհանները առանձնանում դպրոցի հազարավոր դասարանների պատուհաններից:
Կրտսեր դպրոցում երեխաները անհանգիստ են, չեն սիրում մի տեղում երկար ժամանակ նստել (այդ ժամանակ քառասունհինգ րոպեն մի դար էր թվում): Ու թեև մեր դասարանը ամենակարգապահ դասարանն էր (հետո միայն մենք չարացանք, էն էլ այնքան, որ 92-ին ուսուցիչները հաճույքով էին հրաժեշտ տալիս), մեր աշակերտներն էլ էին սիրում <<զբոսնել դասարանով>>: Բայց ինչպե՞ս, դրա համար պատրվակ է պետք:
Հանկարծ Լևոնը կամ Վանիկը կբարձրացնի ձեռքը և կասի.
 – Կարելի՞ է վարագույրը արձակել:
 – Ինչի՞ համար, – դժգոհում է ուսուցիչը. նորից շեղելու են բոլորի ուշադրությունը իրենց <<վարագույր քանդելով>>:
 – Արևը խանգարում է, – պարզ և տրամաբանական պատասխան:
Ես երբեք չեմ կարողացել հասկանալ, ինչպե՞ս կարող է արևը խանգարել: Եվ մի դասի ժամանակ երդում տվեցի արևին, որ երբեք չեմ գանգատվի նրանից, երբեք չեմ արձակի վարագույրը, նույնիսկ աչքերս չեմ փակի, երբ կնայեմ արևին:
Ես նստած էի երկրորդ` <<մեջտեղի>> շարքում, և չգիտեի, ինչպես կարող է արևը խանգարել: Բայց մի անգամ ինձ տեղափոխեցին, և ես հայտնվեցի պատուհանի մոտ: Այդ ժամանակ միայն հասկացա, որ արևն իր ճառագայթներով շեղում է ինձ, ու ես չեմ ուզում դաս սովորել: Բայց միևնույն է չդրժեցի երդումս:
Երկրորդ դասարանում միայն մի անգամ խնդրեցի ուսուցչից արձակել վարագույրը: Այն էլ ոչ թե այն պատճառով, որ արևն էր ինձ խանգարում, այլ պարզապես ես էի ուզում խանգարել ուսուցչուհու դասը (չէի սիրում այդ ուսուցչուհուն, որովհետև ինքն էլ ինձ չէր սիրում): Բայց դա դեռ ոչինչ:
Հինգերորդ դասարանում առաջին անգամ հասկացա, որ չեմ ուզում տարբերվել բոլորից: Ինչպե՞ս հասկացա: Պարզապես նկատեցի, որ ամբողջ դասարանում միայն ես արևային ակնոց չունեմ: Բայց չէ՞ որ դա կնշանակի նորից դրժել առանց այդ էլ ոտնակոխ արված երդումը:
Արևային ակնոց ես գնեցի միայն իններորդ դասարանն ավարտելուց հետո: Ու այդ պահին հասկացա, որ ոչինչ չփոխվեց: Ես դրժեցի արևին տրված երդումս, բայց դարձյալ տարբերվում էի բոլորից:
Արևը մեծ է, նա ներեց: Բայց ահա ես չկարողացա ներել ինքս ինձ, որովհետև պատրաստ էի հրաժարվել արևից` մոխրագույն մասսայի հետ ձուլվելու համար:
Հիմա շատ զբաղված եմ, այնքան զբաղված, որ օրվա ընթացքում նույնիսկ հարազատ մորս դեմքը չեմ տեսնում, ուր մնաց արևի:
Հիշում եմ այն օրերը, երբ դասերս կեսժամվա ընթացքում էի պատրաստում, հիշում եմ մեր հին դասարանը և կոկորդլոսի գույնի վարագույրները: Հիշում եմ արևի դեմքը, երբ դեռ չէի դրժել իմ դեռ չտված երդումը:
Արև, գիտե՞ս, կանաչը հանգստացնում է: Այնտեղ` կոկորդիլոսի գույնի վարագույրներից այն կողմ, դու երևի հանգստանում էիր: Հիմա ձմեռ է` քո արձակուրդի ժամանակը: Հանգստացիր, որ պատրաստ լինես: Որովհետև երբ գա ամառը, և ես նորից վերցնեմ իմ արևային ակնոցը, դու նորից պիտի ներես ինձ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s