Տո՜ւր ինծի տեր…

Բարև, Տեր:
Ինչպե՞ս ես:
Ես լավ եմ: Դու քեզնից պատմիր:
Գլո՞ւխդ է ցավում: Ինչո՞ւ:
<<Ասկոֆեն>> խմիր: 
Չէ~, բժիշկ չեմ, բայց ասում են, օգնում է:
Գիտե՞ս, ես երբեք դեղեր չեմ ընդունում: Բայց երբեմն, երբ շատ հիվանդ եմ լինում, դառնում եմ փոքրոգի ու ակամայից նայում եմ մայրիկիս պահարանին դրված դեղերով սպիտակ տուփին: Եվ այդ <<շատ հիվանդ եմ>> կոչվում է գլխացավ:
Հասկանում եմ, որ շատ հոգնած ես, գլուխդ է ցավում, բայց ներիր, եկել եմ, ուրեմն պիտի ասեմ: 
Հասկանո՞ւմ ես, դպրոցում մեզ շարադրություն են հանձնարարել <<Տուր ինծի, Տեր>> վերնագրով: Այո, այո, դու միանգամայն իրավացի ես. գրականությունից Միսաք Մեծարենց ենք անցնում:
Պարզից էլ պարզ է, որ այս շարադրությամբ մենք ինչ-որ բան պիտի խնդրենք Տիրոջից, այսինքն` քեզնից: 
Դու գիտես, որ ես առհասարակ չեմ սիրում խնդրել, այն էլ քեզնից: Ես ինքնավստահ եմ, մի քիչ էլ գոռոզ, չգիտես ինչու ինձ միշտ թվում է, որ ցանկացած խնդիր ինքնուրույն կարող եմ լուծել: Համ էլ լավ ընկերներ ունեմ, որոնք միշտ օգնում են ինձ: Էլ ի՞նչ է հարկավոր մարդուն, որ այլևս ոչինչ չխնդրի կյանքից:
Բայց հասկանո՞ւմ ես, շարադրությունը մնում է շարադրություն: Եթե չգրեմ, ցածր գնահատական կստանամ: Հետո խնդիրներ կունենամ քառորդի վերջում: Մայրիկս դպրոց 
 կգա, կվիճի ուսուցիչների հետ: Նույնիսկ եթե չվիճի, հաստատ կնյարդայնանա: Հետո նրա գլուխն էլ կցավի: Իսկ երբ իմ մայրիկի գլուխն է ցավում, իմ սիրտն է ցավում, իսկ դրանից <<Ասկոֆենը>> չի օգնում: 
Դպրոցում շարադրություն հանձնարարելուց առաջ ուսուցիչները չեն մտածում, որ ես այսօր, գուցե, պարապունքի եմ: Արդեն գիշեր է: Պարապունքս ուշ վերջացրեցի, շատ ուշ հասա քեզ մոտ: Դու հոգնած ես, գլուխդ էլ ցավում է: Էլ ի՞նչ <<շարադրությունային>> խնդրանքներ լսելու ժամանակն է, մանավանդ մի մարդուց, որ սովոր չէ խնդրել:
Արի այսպես անենք: Ես մի երկու բան կհորինեմ շարադրության համար, իսկ դու խնդրանքներս մի կատարի: 
Կարո՞ղ եմ սկսել:
Եվ այսպես… Սկասեմ, ինչպես Մեծարենցը:
Հա~, Միսաքին կբարևես: 
Չէ~, դա չէ իմ շարադրության խնդրանքը, պարզապես մի քիչ հուզվում եմ և հիմարություններ եմ դուրս տալիս:
Լավ, սկսեմ, թե չէ արդեն ուշ է, իսկ քո գլուխը ցավում է:
Տուր ինծի, Տե~ր… Չէ, շատ բան չեմ խնդրի: Պարզապես տուր ինձ այնքան բարություն, որ երբեք չչարանամ: Բայց բարության հետ տուր ինձ այնքան չարություն, որ ոչ ոք երբեք չօգտվի իմ այդ բարությունից:
Հա~, քիչ էր մնում մոռանայի: Մի քիչ էլ համբերություն տուր: Ես գիտեմ, որ համբերությունը քեզ ես պահել, որ կարողանաս դիմանալ մեր նման դժգոհ ու փնթփնթան արարածներին: Բայց խնդրում եմ, մի քիչ էլ ինձ տուր, որ կարողանամ շարադրությունս ավարտել: Թե չէ կստանամ ցածր գնահատական, քառորդի վերջում խնդիրներ կունենամ, իսկ <<Ասկոֆենը>> սրտի ցավից չի օգնում…
Չէ, լավ եմ, պարզապես մի քիչ հուզվում եմ, դրա համար էլ հիմարություններ եմ դուրս տալիս:
Դե, ես գնամ: 
Մի բան էլ… Պետք չէ այս խնդրանքները կատարել: Բայց եթե հանկարծ գլխացավդ մի քիչ թեթևանա, գուցե դու կարողանայիր անել այն, ինչ խնդրեցի քեզ: Իսկ ես խոստանում եմ, որ քիչ թե շատ <<կարգին>> գնահատական կստանամ, որ հետո քեզ նորից չանհանգստացնեմ նման դատարկ <<շարադրությունային>> հարցերով:
Լավ, բարի գիշեր: <<Ասկոֆենն>> էլ չմոռանաս խմել: Ասում են օգնում է, բայց ոչ սրտի ցավից…

ԱՐԴԻ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ
ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԵՐ…

Դուրյան սրբազանին

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,
Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,
Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`
Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,
Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,
Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.
Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,
Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,
Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s